Փաշինյանը ժողովրդի դեմ է հանել ողջ իրավապահ համակարգը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Փաշինյանը ժողովրդի դեմ է հանել ողջ իրավապահ համակարգը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Հանրապետության բոլոր մարզերում ու Երևանում լարված իրավիճակի ու պայքարի ֆոնին, ՀՀ գործադիր մարմնի անդամները խուսափում են հանդիպել ՔՊ խմբակցության պատգամավորների հետ, վերջիններս էլ շարունակում են չարաշահել իրենց դիրքը, ընտանիքի անդամներին աշխատանքի տեղավորելով միաժամանակ տարբեր հիմնարկներում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ականները շարունակում են անխնա օգտվել ժողովրդի տված քվեի բարիքներից։

Հովիկ Աղազարյանի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը, եթե 2022 թվականին աշխատում էր ամուսնու հետ նույն հարկի տակ` ԱԺ-ում, ապա հաջորդ տարի՝ 2023-ին, նա գրանցված էր արդեն նաեւ Էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում, որը գտնվում է Էրեբունի համայնքում։ Մնում է ճշտել, թե պատգամավորի կինը այս երկու հիմնարկներից ո՞րն է առավել նախընտրում. նրան մենք հաճախ տեսնում ենք Ազգային ժողովում, եւ պարզ է, որ չի հաճախում աշխատանքի մյուս գործատուի մոտ. հասկանալի է՝ չի կարող միաժամանակ գտնվել ե՛ւ ԱԺ-ում ե՛ւ Էրեբունում գտնվող ՊՈԱԿ-ում, ավելին՝ նա օրենքով չի կարող աշխատել 2 տարբեր պետական հիմնարկներում, եթե, իհարկե, չի դասավանդում դրանցից մեկում, որը տվյալ դեպքում բացառվում է։

Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի բարեկեցության ապահովում։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ է Հովիկ Աղազարյանը հարվածային տեմպերով իր ողջ գերդաստանը տեղավորում է պետական համակարգում: Ի պատասխան մեր ճշտմանը՝ նա ասել է. «Մարդը իրավունք չունի՞ աշխատելու. զանգեք, իրենից հարցրեք։ Հիմա իմ կինը աշխատում է, ինչ-որ ՊՈԱԿ կա, այդտեղ, անունն էլ չգիտեմ։ Շարքային աշխատող է։ ԱԺ-ում չի աշխատում։ Դուք ո՞նց եք պատկերացնում՝ 2 տե՞ղ ա աշխատո՞ւմ։ Ահագին ժամանակ ա չի աշխատում ԱԺ-ում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Որոշ ժամանակ առաջ բավական մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը՝ ստեղծել Ազգային հպարտության հանրային տրիբունալ, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։

Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ Հայաստանին շրջապատող վտանգների պայմաններում մեր պետության ներքին իրավիճակի համար պատասխանատվություն պետք է ստանձնեն և պատժեն գործող իշխանություններին իրենց դավաճանական քաղաքականության համար, ընդ որում՝ տրիբունալի կազմում պետք է ընդգրկվեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհից հայեր։ Ճիշտ է, որպես օրինակ Արշակ Կարապետյանը հիշեցրել էր «Նեմեսիս» գործողությունը և Սողոմոն Թեհլերյանին, երբ գերմանական դատարանն արդարացրել էր ազգային հերոսին, միևնույն ժամանակ նա հավելել էր. «Քանի որ գործ ունենք հայի հետ և խոսում ենք հայի մասին, դեմ ենք հայի արյուն թափելուն, բայց անպայման պետք է պատժի ձև գտնել»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացն արդեն բավական ակտիվ առաջ է ընթանում։ Ի մասնավորի, մեր աղբյուրը փոխանցում է, որ տարբեր ոլորտներից անվանի հայեր ներգրավված են Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքներին։ Ավելին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջիկայում լրջագույն միջոցառումներ են նախապատրաստում։ «Տրիբունալի շարժիչ մասը արդեն իսկ գործի է գցվել, և դրանում ներգրավված են Սփյուռքից անվանի իրավաբաններ, զինվորականներ, պատմաբաններ»։ Մեզ հետ զրույցում Արշակ Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունները և նշեց, որ հենց նման հանրային տրիբունալը իրավունք և պատասխանատվություն կարող է ստանձնել պատժելու Հայաստանի Հանրապետությանը արհավիրք բերած փաշինյանական իշխանությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել է․ 5 աշխատակցից մնացել է 1-ը՝ Արա Խաչատրյանը, մյուս 4 մասնագետները հեռացել են։ Նրանցից մեկն է միայն նախարարի հրամանով ազատվել՝ վարչության պետ Արմեն Ավետիսյանը։

Հիշեցնենք․ հունվարի 5-ին Արմավիրի Արագած գյուղի դպրոցում ստուգայց կատարած Փաշինյանը պոկել էր մարզադահլիճի ցնցուղի գլխիկը ու ԿԳՄՍ նախարար Անդրեասյան Ժաննայի քթի առաջ այն թափահարելով, հարցրել դրա գինը։ Հետագայում պարզվեց, որ 5 հազար դրամանոց ցնցուղի գինը փաստաթղթերում ներկայացված է մոտ 72 հազար։ Միջադեպից հետո Տնտեսակազմակերպական վարչության պետ Արմեն Ավետիսյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսվեց, որի արդյունքում նրան ազատեցին պաշտոնից։ Այժմ Արմեն Ավետիսյանը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին` ապօրինի որոշման համար, քանի որ կարծում է՝ ինքը կապ չունի ցնցուղի գնման գործընթացի հետ։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ՝ կարգապահական տույժի տեսակ, պետի «ծառայության դադարեցում» կիրառելու» հրամանը, ինչպես նաեւ բռնագանձել պարապուրդի ընթացքում չստացած միջին աշխատավարձի գումարը եւ վերականգնել իրեն պաշտոնում, իսկ դրա անհնարինության դեպքում նշանակել այլ համարժեք պաշտոնի։ Նախնական դատական նիստն ապրիլի 30-ին է լինելու` վարչական դատարանում։ Վարչության պետի պարտականությունները նրա ազատվելուց հետո դրվել են տեղակալի վրա, ով, սակայն, չի ցանկացել աշխատել եւ ազատման դիմում է գրել։ Տեղակալի հետ ազատման դիմումներ են գրել նաեւ վարչության եւս 2 գլխավոր մասնագետներ։ Փաստորեն, պետական աշխատողների մի մասը սկսել է հասկանալ, որ իրենց քավության նոխազ են դարձնում եւ շոուների զոհ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին մի քանի օրերին անհնազանդության ակցիաներ են ոչ միայն Տավուշում, այլև հանրապետության այլ բնակավայրերում: Փակվում են միջպետական ճանապարհներ, իրականացվում են այլ միջոցառումներ: Ինչպես երևում է, սա լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին, որը նորից ժողովրդի դեմ է հանել ողջ իրավապահ համակարգը և ոչ միայն: Բացի ճանապարհ փակողների նկատմամբ «կմճտող» ոստիկանների կողմից իրականացվող բիրտ գործողություններից, կիրառվում են հնարավոր բոլոր «գործիքները»:

Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ՝ խոչընդոտելով նրանց մուտքը մայրաքաղաք: Երկրորդ՝ մեր տեղեկություններով, հանձնարարական է տրված հնարավորինս շատ քրեական վարույթներ նախաձեռնել՝ մյուսների «աչքը վախեցնելու» համար: Այդ թվում՝ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կատարված միջադեպի մասնակիցների նկատմամբ ուզում են «իրավական» գործընթաց իրականացնել:

Երեկ տեղեկություն ստացվեց, որ ՊԵԿ-ի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ մտել են «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ որևէ առնչություն ունեցող կազմակերպություններ: Մի խոսքով, ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել»: Մեր տեղեկություններով, վերը նշվածը «միայն ծաղիկներն» են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, վերջերս էլ այս ամենին ավելացել են նաեւ սահմանազատման անվան տակ տեղի ունեցող ապօրինի գործընթացները:

Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ էլ ԱԺ-ում նախատեսված է եղել հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:

Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի:

Ստացվում է, որ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից. հավանաբար չեն ցանկանում շատ փակագծեր բացել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց գյուղի հարեւան Աճարկուտ համայնքում եւ հացի սեղանի շուրջ փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին։ Իսկ տավուշցիները փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ փորձելով կանխել հողերի հանձնման ծրագիրը։ Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց մարզում, Փաշինյանը որոշել է օգտվել դրանից եւ ծառայեցնել իր ծրագրի իրագործմանը։ Եվ նրանք կաշվից դուրս են գալիս, որ ծառայեն ու գոհացնեն Փաշինյանին․ մեծ գումարներ են ծախսում՝ մեկին լավություն անում, մյուսի խնդիրը լուծում, իսկ Աճարկուտի խնջույքին մարզպետն աներեւակայելի խոստումներ է տվել, թե ոչ մեկի գլխից մազ չի պակասելու։

Մինչդեռ նեղ շրջանակներում ասում են, որ իրենք կողմ չեն այս սցենարին, բայց ճար չկա։ Ինտենսիվ «աշխատում» են նաեւ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի վարչական ղեկավարների վրա, որ նրանք հետ պահեն իրենց ժողովրդին ակցիաներից: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ «սյուները» դեռ իրենց գյուղ չեն հասել, հույս ունի՝ չեն հասնի, քանի որ մարդիկ համառ պայքար են մղում, եւ վստահեցրեց, որ իրեն ոչ մեկը չի կարող հետ պահել պայքարից։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են միայն ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները, վաղուց նորություն չէ: Փաշինյանի ոստիկանության վայրագ, հակամարդկային, զուտ իշխանավարող մեկ անձի կույր գործիք լինելու «համբավն» արդեն աշխարհով մեկ է թնդում, այն աստիճան, որ նույնիսկ Փաշինյանին իշխանության բերելու գլխավոր շահառու աշխարհաքաղաքական կենտրոններն են ստիպված արձանագրել ու բարձրաձայնել դրանց մասին: Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի անհնազանդության ժողովրդական դրսևորումները եկան վերահաստատելու, որ Փաշինյանի ոստիկաններն իրենց առանձնահատուկ ատելության մեջ ոչ մի «կարմիր գիծ» չունեն: Մաքսիմում՝ կարմիր բերետ:

Կանայք, դեռահասներ, ծերեր՝ նրանց համար ոչ մի նշանակություն չունի: Ի լրումն այդ ամենի, ինչպես երևում է, Փաշինյանի ոստիկանության համար լրագրողները դիտարկվում և ընկալվում են որպես «դասակարգային թշնամի»: Այն չարությունն ու բացահայտ ատելությունը, լրագրողներին անպայման որևէ վնաս կամ վնասվածք պատճառելու այն մարմաջը, որով համակված են փաշինյանական ոստիկանները, երևի աշխարհի նույնիսկ ամենաոչժողովրդավար երկրներում չկա: Նախօրեին բոլորը տեսան, թե «փառապանծ» ոստիկաններն ինչպես են քաշքշում «Հայելի.ամ»-ի խմբագիր Անժելա Թովմասյանին:

Ավելի վաղ Տավուշում ընթացող անհնազանդության ակցիաների ժամանակ մեկ այլ լրագրողի էին վնաս պատճառել, տվյալ պարագայում աշխատանքային գործիք հանդիսացող հեռախոսն էին միտումնավոր վնասել: Մեկ այլ տեղում՝ մեկ ուրիշ բան: Դեռ չենք խոսում նախկին դեպքերի մասին: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն անչափ վախի, այն սարսափի մասին, որով համակվում են ինչպես ոստիկանները, այնպես էլ նրանց քաղաքական ղեկավարությունը՝ ողջ քպաթիմով հանդերձ: Դե, վախ չափելուն չենք հավատում, մնացածը… կերևա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները» կվերադառնան Հայաստան, թեեւ ոմանք չեն հավատացել, որ ադրբեջանցիները կհամարձակվեն դա անել։ Սակայն Ալիեւի շարունակական պնդումները կասկածի տեղիք չեն տալիս։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ սա միակ հարցն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց։ Եվ երբ կուսակցական հավաքներից մեկի ժամանակ թեման թեժ քննարկվել է, Փաշինյանը լսողի դերում է եղել։

Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում գրել է․ «․․․Ու չնայած Մարկոն ինձ 15 թիվը հիշեցրեց, ես մտքով 88 թվին հասա: Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանն ազատել ադրբեջանցիներից: Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային եւ դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր: Դա կլիներ մեր վերջը: Եվ մեր պատմության այդ հատվածը մինչ օրս ինչպես հարկն է ընկալված չէ, այդ պատմությունը կերտողները գնահատված չեն: Զարհուրելի է ուղղակի»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում