Կվերականգնվի Երեւան-Մեղրի մայրուղու Կապանի ճանապարհահատվածի լուսավորությունը

Կապան քաղաքի վարչական տարածքով անցնող Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 13 կմ-ոց հատվածում կվերականգնվի լուսավորությունը:

«Կապան քաղաքային համայնքի միջով անցնող միջպետական Մ-2 ճանապարհահատվածի լուսավորության ամբողջական վերականգնում» ծրագիրը, որի արժեքը 27 մլն դրամ է, իրականացնում է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության» հիմնադրամը: Միջպետական ճանապարհահատվածի շահագործման ու պահպանման պատասխանատուն ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունն է, իսկ փողոցային լուսավորության ապահովումն ու շահագործումը կատարվում է համայնքային բյուջեի միջոցներով:

«Ըստ հաշվարկների, ճանապարհահատվածի լուսավորության համար ծախսված էլեկտրաէներգիայի ծախսը տարեկան կազմում է 4 մլն-ից ավել գումար: Ներկայումս տեղադրված լուսատուները չեն բավարարում արդի պահանջներին, եւ համայնքի բյուջեի միջոցները տնտեսելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում նշված լուսատուները փոխելու ավելի մեծ խնայողական ռեժիմ ունեցող լուսատուներով», – «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ճանապարհահատվածով օրվա ընթացքում միջին հաշվով մեկ րոպեում անցնում է ութ մեքենա: Ըստ իրականացվելիք ծրագրի, ճանապարհի լուսավորության բարելավման նպատակով պետք է ավելացնել լուսատուների քանակը եւ կառուցել լրացուցիչ 46 հատ էլեկտրական սյուներ: Արդյունքում միջպետական ճանապարհի քաղաքի միջով անցնող հատվածում գիշերային լուսավորությունը կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

Գոհար Իսախանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում