Գործավարից մինչև նախարար․ ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են․ առավոտյան մամուլը Times.am-ում

Գործավարից մինչև նախարար․ ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են․ առավոտյան մամուլը Times.am-ում

Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներից պաշտպանվելու համար տավուշցիներին առաջարկում է ծառ տնկել կամ պատ շարել, սակայն ինքը հիվանդագին վերաբերմունք ունի սեփական անվտանգության նպատմամբ՝ սարսափելով սեփական ժողովրդից․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ, որում խոսվում է նոր տեսակի ոստիկանության՝ համայնքային ոստիկանության ստեղծման մասին։ Նախագծում նշվում է, որ այն իր կառուցվածքով նման է լինելու պարեկային ոստիկանությանը։

«Ունենալով նպատակ՝ շարժվել պրոֆեսիոնալ եւ մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով, մոտեցում է ձեւավորվել՝ մարզային մակարդակում, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ունենալ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվեն համայնքային ոստիկանության, անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներին վերաբերող գործառույթները, ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը եւ այլ օժանդակ գործառույթներ»,- ասված է նախագծում։

Մեր երկրում, փաստորեն, միայն մի կառույց է հզորանում, զարգանում` ոստիկանությունը, որը գնալով օտարվում է հասարակությունից:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրեր առաջ The Moscow Times-ի հետ զրույցում Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն ասել էր, թե ԼՂՀ նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո»։ Այս հայտարարությանն անդրադարձել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլ յանը՝ որոշ մանրամասներ հրապարակելով Արցախի ղեկավարների պատանդառման մասին: Ի մասնավորի, նա նշել է, թե՝ այո, բոլորը եղել են բազայում: «Բայց որևէ մեկին ռուսական բազայից չեն տարել:

Նրանց համոզել են մնալ բազայում, չլքել այն: Կա վկա, գեներալ, Արցախի հերոս, որն ասել է՝ եթե գնացիք, հետ չեք դառնալու: Բայց ոչ, ինչ-որ մեկը նրանց համոզել է, գնացել են Ստեփանակերտ»,-ասել է Իսագուլ յանը՝ հավելելով, թե չի նշի այն մարդու անունը, որը նրանց տարել է: Ըստ Իսագուլ յանի, 40-45 րոպե հետո եկել են ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետևից: «Ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն ու աշխատակիցները Դավիթին ևս առաջարկում են չհեռանալ, մնալ բազայում, բայց վերջինս նույնպես գնացել է: Ճաշել են, բիլիարդ խաղացել: Եվ այնտեղից, ուր նրանք գնացել են, ձերբակալել են ու տարել»,-նշել է Գառնիկ Իսագուլյանը: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա, ըստ Իսագուլ յանի, սա ավելի վատ պատմություն է: «Շահրամանյանը գիտի, զարմանում եմ, որ լռում է:

Արայիկն ուղղակի առևտուր է որոշել անել. ուզում էր գնալ և վաճառել գինու գործարանը, ռուսները նրան էլ են փորձել ետ պահել Ստեփանակերտ գնալու մտքից, հրաժարվել է, ասել՝ էնտեղ 10 միլիոն դոլարի կոնյակ կա, ու, երբ գնացել է գործարան, հենց էնտեղ իրեն կալանավորել են»,-ասել է Իսագուլ յանն ու հավելել՝ ի՞նչ կապ ունի այստեղ ռուսական ռազմաբազան: Ի դեպ, Իսագուլ յանի նշած անձի հետ կապված, որի անունը նա չի տվել, տարբերակներ են շրջանառվում, այդ թվում՝ Տելեգրամ ալիքներով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե, ի վերջո, ինչ է կատարվել այդ օրերին, գուցե թե այդ մասին մի օր պատմեն հենց ականատեսները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն» պաշտոնյաները։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ ուսանող է:

Ինչպես է կարողանում մարզպետի գերպատասխանատու աշխատանքը համատեղել ուսանողի կարգավիճակի հետ` հայտնի պետք է լինի միայն իրեն եւ իր ղեկավարին։ Սարգսյանը 2016 թվականից առ այսօր ուսանում է ՌԴ ԲՈՒՀ-երից մեկում` Մոսկվայի մարզային իրավունքի կառավարման ինստիտուտում։

Առավել ուշագրավ է ուսանող մարզպետի «դաժան» վարքագիծը՝ 2024 թվականի հունվարին իր մոտ հերթագրված եւ ընդունելության արժանացած հպարտ քաղաքացիների նկատմամբ:

13 հպարտների պրիմիտիվ հարցերը (աշխատանքի հարց, դրամական օգնություն) մարզպետը կա՛մ մերժում է, կա՛մ գցում «ընթացքի մեջ է» ռեժիմ։

Այսպես, օր օրի ներկա իշխանությունները խորտակում են հեղափոխության վերջին անուրջները, թե քաղաքացիները արժեք են. նրանք վաղուց դարձել են տուգանքի ու անարգանքի «մատերիալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որ չցանկացավ՝ անունը գրենք, երեկ ասաց, թե խմբակցությունների կայացրած համատեղ որոշման պատճառը երկրում սպասվող հնարավոր գործընթացներն են: Իրենք չեն բացառում, որ առաջիկա օրերին փողոցային պայքար կսկսվի, իսկ այդ ընթացքում չեն կարող իշխանականների հետ գործուղումների մեկնել։ Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ առաջինը հրաժարվել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, իսկ Տարոն Մարգարյանը հայտնել է, թե կորցրել է անձնագիրը։

Ի դեպ, երեկ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ամբիոնից փորձեց ծաղրել գործընկերներին, երբ հերթական անգամ ընդդիմադիրներին ներկայացնում էր իբրեւ ռուսական ագենտուրա, հայտարարեց. «Տարոն Մարգարյանն ԱՄՆ թռնելուց 5 րոպե առաջ անձնագիրն ա ինչ-որ կորցրել, Աշոտ Սիմոնյանն էլ հիվանդացել է, չեն թողո՞ւմ գնաք ԱՄՆ»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Շենգեն վիզա ստանալու գործընթացը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել: Սակայն հատկապես վերջին շրջանում գնալով ավելի շատ են դժգոհությունները: Մարդիկ նշում են, որ այն դարձել է յուրատեսակ բիզնես, որի վրա եվրոպական երկրների դեսպանատները աչք են փակում: Սա՝ առնվազն:

Ի դեպ, այս մասին նաև սոցցանցային ոչ քիչ գրառումներ կան: Մեզ հասած դժգոհությունների համաձայն, հաճախ լուրջ խնդիր է լինում «վիզային կենտրոնների» կայքերի միջոցով «օր վերցնելը». կա՛մ կայքերը չեն աշխատում, կա՛մ համապատասխան ծանուցում չի գալիս: Արդյունքում մարդիկ ստիպված են, այսպես ասած, «վճարովի» ճանապարհով «օր վերցնել», որի գները, ըստ տարբեր տեղեկությունների, տատանվում են 20-ից 40 հազար դրամի սահմաններում: Ավելին, դա, բնականաբար, չի երաշխավորում, որ «առաջին անգամից» վիզա կստանաս. կա՛մ մերժում են, կա՛մ նվազագույն ժամկետով տալիս վիզան՝ նշյալ «շրջանը» նորից անցնելու հեռահար նպատակով:

Ի դեպ, կա տեսակետ, որ այս վիճակն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ սկսեցին խոսակցություններ պտտվել վիզաների ազատականացման հավանական հեռանկարների մասին…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ տնկելու կամ պատ շարելու առաջարկով հանդես եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ։ Արդեն մի քանի օր է՝ ՊՊԾ աշխատակիցները, ականատեսների վկայությամբ, անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում «Հաղթանակ» զբոսայգում:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին եւս Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրա այցի ընթացքում, որպես կանոն, քաղաքացիների մուտքն այգի արգելված է։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են։

«Ժողովուրդ» օրաթերթը «Ապագա կա՛» լոզունգի «ապացույցին» ականատես եղավ` ուսումնասիրելով պետական ինստիտուտները:

Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը: Այս ընտանիքում էլ, Հովիկ Աղազարյանի եւ իր կնոջ օրինակով, ամուսինները միասին մի հարկի տակ են աշխատում։

Ըստ էության, 2018 թվականի հեղափոխությունը երկրին տվեց երկու բան` տարածքների կորուստ եւ ՔՊ-ականների զանգվածային բարեկեցություն։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի Հանրապետությունը հետզհետե վերածվում է ոստիկանապետության, որտեղ ՆԳ նախարարն ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, քան արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարները։ Եվ երկրի բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվում ՆԳՆ-ին եւ մասնավորապես ոստիկանությանը, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են ստանում, ամենալավ մեքենաներով են երթեւեկում, ամենաթանկ հանդերձանքն են կրում, քանի որ այս կառույցը դարձել է իր հեղինակությունը կորցնող իշխանությունների գրեթե միակ հենարանը եւ նրա քաղաքականության գրեթե միակ աջակիցը։

Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի համար նոր սեւ համազգեստ գնելու նպատակին 43 մլն դրամ է ուղղվել։ Սեւ համազգեստ կրում են ոստիկանության դիմակավորված ծառայողները, որոնք հատուկ գործողություններ են իրականացնում։ Նոր համազգեստի հետ նաեւ նոր ճտքակոշիկներ ու կոշիկներ են գնել, հավաքածուի մեկ միավորն արժե 29 հազար դրամ։ ՆԳՆ-ն եւս 30 մլն դրամ հատկացրել է 4 հազար 500 հատ նոր սեւ տաբատ գնելու համար։ Այս տաբատներն էլ, հավանաբար, պարեկների համար են։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում