Եկեղեցուն տարիներով բոյկոտող Փաշինյանը հանկարծ հիշել է եկեղեցու ու ազգային արժեքների մասին․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Իշխանությունները խիստ մտահոգված են այսօր տեղի ունենալիք հանրահավաքով։ Մի կողմից ցանկանում են ամեն գնով կասեցնել շարժումը, մյուս կողմից վախենում են ժողովրդին էլ ավելի գրգռելուց․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայ ժողովրդից հաղթանակները «գողացած» իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսօր որոշել է լուսադեմին այցելել Հաղթանակի զբոսայգի՝ մայիսի 9-ին Հաղթանակի տոնի առթիվ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Իշխանական պատգամավորներին զգուշացրել են՝ ամենուշը առավոտյան 8-ին լինել զբոսայգում, որպեսզի հնարավորինս շուտ սկսեն պաշտոնական արարողակարգը, որ հանկարծ իրենց տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ ՊՊԾ աշխատակիցները Փաշինյանի այցին ընդառաջ անվտանգային միջոցառումներ են իրականացնում զբոսայգում, դիպուկահարների համար հարմար տեղեր դիտարկում եւ այլն: Նախորդ տարիներին եւս Փաշինյանի այցն ուղեկցվել է անվտանգության արտակարգ միջոցառումներով, վարչապետի այցի ժամանակ թույլ չեն տվել քաղաքացիները մուտք գործեն զբոսայգի։ Այս տարի, ըստ ամենայնի, ավելի ուժեղացված ծառայություն կիրականացվի:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ Երեւան գալուն ընդառաջ ուշագրավ վերադասավորումներ են:
Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից:
Նկատենք,որ վերոնշյալ վարչությունը իրավապահ համակարգում համարում են ԱԱԾ-ի վարչություն, քանի որ այս վարչությունը կազմում ԱԱԾ-ից տեղափոխված քննիչներն են հավաքվել։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ են արձագանքում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը: Եթե արձագանքում են, ապա հիմնականում զուսպ ու կոռեկտ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել: Մեր աղբյուրի խոսքով՝ «Կայֆավատ լինել պետք չի», որպեսզի չգրգռեն մարդկանց:
Իշխանական թիմում թերեւս լավ գիտեն հանրության՝ իրենց նկատմամբ իրական վերաբերմունքը, որքան էլ քարոզչամեքենան եւ Փաշինյանը ներկայացնեն, թե շարժումն աջակիցներ չունի, կամ պայքարողները ՌԴ-ում ծվարած «նարկոբարոններն» են: Այդուհանդերձ, նրանք հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու։
Ի դեպ, այս օրերին ՔՊ ներքին քննարկումներում գերիշխում է այն կարծիքը, որ իրադարձությունների՝ իրենց համար վատագույն սցենարի դեպքում ամեն ինչ անելու են, որ արտահերթ ընտրություններով հանգուցալուծեն իրավիճակը, այլ ոչ թե խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով, ինչպես եղավ 2018-ին։ Իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ արդեն գործի կդնեն մուրճն ու մանգաղը, սեւերն ու սպիտակները, խաղաղությունն ու Ռուսաստանի ծայրագավառ չդառնալը:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած իշխանությունը փորձում է նաեւ փրկել իրավիճակը` կասեցնել շարժման ընթացքը, թույլ չտալ, որ փողոց ելնող մարդկանց թիվը բազմապատկվի։ Նախօրեին Կիրանցում ընթացող սահմանազատման գործընթացների հետ կապված, դիցուք, աճպարարություններ արեցին եւ Կիրանցի համայնքապետից մի քանի նախադասություն կորզեցին, թե մինչ այս պահը մի միլիմետր հայկական կողմը չի զիջել, հակառակը՝ 3 հեկտար հետ է ստացել: Եւ վարչական ղեկավարը հայտարարեց, թե ինքը գոհ է գործընթացից: Իրականում` գործընթացը սառեցվել է եւ այն, ինչ Ալիեւը պահանջել է, Փաշինյանն էլ կիրանցիներին օրեր առաջ հայտնել էր, թե սահմանը գյուղի միջով է անցնելու, հիմա ստոպ են տվել, բայց մի որոշ ժամանակ հետո կյանքի է կոչվելու։ Իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել էր ՀՀ ազգային արժեքները եւ իր էջում թվարկել էր դրանք` դրանց շարքում նշելով նաեւ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:
Փաշինյանը փորձում է Սրբազանին աջակցող հոգեւոր հոտին հավատացնել, որ ինքը եւս հավատացյալ է, եկեղեցուն դեմ չէ, իր համար էլ է այն ազգային արժեք: Նա երեւի կարծում է, որ մարդիկ մոռացել են, որ Եկեղեցու դեմ առաջին անգամ իր իշխանության օրոք է արշավ իրականացվել եւ իշխանության հետ սերտ կապեր ունեցող մարդկանց առաջնորդությամբ։ Եկեղեցին ազգային արժեք համարող Փաշինյանը մոռացել է երեւի, որ վերջին տարիներին որեւէ եկեղեցական տոնի, մատուցվող պատարագներին ոչ միայն ինքը, այլեւ իր իշխանության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում: Իսկ Սուրբ ծննդյան պատարագին իշխանական վերնախավը Արուճի կիսավեր Սուրբ Գրիգոր եկեղեցում հոգեւոր երաժշտության փառատոն անցկացրին, ինչը հոգեւոր դասը մեկնաբանեց, թե` Փաշինյանն ուզում է եկեղեցին վերածել համերգասրահի։ Հիշենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ Հանրայինը Փաշինյանի հրահանգով եթեր չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը: Այնպես որ ազգային արժեքները եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գնահատելը խոսքով չէ, այլ գործերով:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հանրապետության հրապարակում այսօր սպասվող հավաքը խառնել է իշխանականների անդորրը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները հրահանգ են ստացել այսօր ամենայն ուշադրությամբ հետեւել՝ որքան մարդ է մասնակցում հավաքին, ովքեր են մասնակցում, ինչպիսինն են հանրային տրամադրություններն եւ ինչպես փչացնել հավաքը քարոզչական դաշտում:
ՔՊ-ում այսպիսի տեսակետ է շրջանառվում, որ եթե անգամ մեկ-երկու հավաքով չհաջողվի հասնել իրենց՝ իշխանությունից հեռացմանը, միևնույնն է, նման ըմբոստությունները եւ հավաքները կարող են «ձնագնդիի» էֆեկտ ունենալ, ու քիչ-քիչ շարժումը ավելի մեծ թափ հավաքի․ ինչպես իրենց, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ժամանակ եղավ։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր սկսել Գյումրիից քայլերթը, շատ քիչ աջակցություն ուներ, բայց, գնալով մեծ թափ ստացավ, ու հաջողվեց իշխանափոխության հասնել:
Հենց սա է նաև պատճառը, որ այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են, ու մեկը մյուսին հերթ չտալով՝ վարկաբեկում են շարժման լիդերներին, աջակիցներին, ու հատկապես, փորձում են տպավորություն ստեղծել, որ եթե շարժումը հաջողի, ու իրենք հեռանան իշխանությունից, ապա նոր պատերազմն անխուսափելի է լինելու, նախկինները վերադառնալու են և այլն:
Մյուս կողմից՝ արդեն ակնհայտ է դարձել, որ ՔՊ-ի ամենասիրելի մեթոդը՝ «նորեր-նախկիններ», «սեւեր ու սպիտակներ», այլևս ազդեցիկ նարատիվներ չեն, ու հանրությունն այլևս անհետաքրքրությամբ կամ զվարճանքով է վերաբերվում նրանց այս ծեծված թեզերին։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի թիմում այլեւս չի քննարկվում Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը։ Բրյուսելում կայացած ապրիլհինգյան հանդիպումից հետո այս թեման իսպառ փակվել է ներկուսակցական հարթակում: Մինչդեռ այդ հանդիպումից առաջ գրեթե 24/7 ռեժիմով փակ հավաքներ ու քննարկումներ էին անցկացնում այս թեմայով, հրատապ համարում այդ անդամությունը, որը պետք է բերեր Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ իրենց թիմի հաղթանակն էին համարում։
Թե որն է այս թեման այլեւս չքննարկելու պատճառը, իշխանական աղբյուրները դժվարանում են հստակ պատասխանել, ենթադրում են՝ Փաշինյանը հարցն օրակարգ կբարձրացնի պատեհ պահին, ինչպես բրյուսելյան հանդիպումից առաջ, երբ հույս ուներ մեծ գումարներ ստանալ Արեւմուտքից եւ փիառ իմաստով դա օգտագործել, մինչդեռ ստացավ ընդամենը 350 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցության խոստում՝ առաջիկա 4 տարիների համար։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրոյմ է․ Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2022 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո առնվազն 7․600 անձ Արցախից տեղահանվել էր Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր։ Մեծ մասը կանայք էին, երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք։ 2022թ․ նոյեմբերի դրությամբ այս անձանցից 2․532-ը դեռ հաշվառված էին Միգրացիայի պետական ծառայությունում։
Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ին տված ասուլիսում, երբ հարց հնչեց, թե տեղյակ է արդյոք Արցախից բռնի տեղահանված գրեթե 150 հազար քաղաքացուց, թե 16 հազար քաղաքացու արտագաղթից հետո քանի անձ է վերադարձել Հայաստան՝ մշտական բնակության համար, կշիռ ունեցող որևէ պատասխան չհնչեց։
Փաշինյանի պատասխաններից ենթադրում ենք, որ թեպետ Հայաստանը հռչակեց ժողովրդապետություն, այնուամենայնիվ, իր ժողովրդից՝ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ։
ՀՀ վարչապետը խուճապահար է, և հարցին, թե ինչպես է պատրաստվում արցախցիներին աջակցել, նա պատասխանել էր, որ առաջիկայում պատրաստվում է արցախցիներին բնակարանով ապահովելու նախագիծ ընդունել։ Ըստ երևույթին, այս «խիստ» արտագաղթի ֆոնին, վարչապետը որոշել է գայթակղիչ առաջարկներ անել և արդարացնել արտերկրից Հայաստանին փոխանցված գումարների բաշխումը, որոնց ճակատագրի մասին, մինչ այս, որևէ լուր չունենք, թե ինչպես են բաշխվում, ինչ անհրաժեշտությամբ և կարիքներով։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում