Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․ առավոտյան մամուլը Times.am-ում

ՔՊ-ականները ոչ միայն խուճապահար են ու տագնապած, այլև Բագրատ Սրբազանի հայտարարությունից հետո սկսել են կասկածել միմյանց․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հավանաբար յուրաքանչյուր մահկանացու-ընթերցող այս տողերը կարդալիս կասի, որ իր կամ իր մերձավորի աշխատավարձը երբեք «հաջորդ տարի» չի ավելացել գրեթե կրկնակի, եթե իհարկե, աշխատակիցը ՔՊ շրջանակից չէ:
Կոռուպցիան հեռու ման չգալու համար՝ դիտենք վարչապետի դստեր հայտարարագիրը։

Եթե Մարիամ Փաշինյանը 2021 թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն։

Կա՞ այստեղ վարչապետի գործոնը` ընդդիմադիր Փաշինյանը կասեր՝ կա՝ հավելելով կոռուպցիան «պոզ ու պոչով չլինելու» տեսությունը. հիմա սա ինչ է, եթե ոչ կոռուպցիայի մի ճյուղ…։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանի եւ ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների խորհրդակցությունը նախօրեին մի քանի րոպե է տեւել։ Հիշեցնենք․ մայիսի 9-ի հանրահավաքին, երբ սրբազանի դրած վերջնաժամկետից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս, սրբազանը հայտարարեց, որ անցնում են հաջորդ քայլին` ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ուստի գնում են խորհրդակցելու Yerevan Place հյուրանոցում:

Ընդդիմադիր պատգամավորները նրան ասել են, որ պատրաստ են դրան, եւ բացատրել են օրենսդրական կարգը՝ 36 ստորագրությամբ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ պետք է առաջարկվի, որտեղ նշվի  նոր վարչապետի թեկնածուի անունը: Սրբազանը լակոնիկ արձագանքել է․ «Եղավ», բայց չի ակնարկել՝ կա՞ նման թեկնածու, թե ոչ, եւ ովքեր պետք է որոշեն թեկնածուին։ Իմպիչմենտի մասին սրբազանի հայտարարությունը, ի դեպ, անակնկալի է բերել ընդդիմադիրներին, որոնց հետ, ինչպես ավելի վաղ գրել ենք, նա չի քննարկում անելիքները։

Ի դեպ, միայն նախագիծն ԱԺ մտցնելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն, սակայն 2 խմբակցություններն ունեն ընդամենը 35 ձայն, ինչը նշանակում է, որ այս փուլում պետք է համոզեն Իշխան Զաքարյանին` միանալ իրենց, իսկ բուն քվեարկության ժամանակ արդեն 54 քվե է հարկավոր, այսինքն` եւս 19 ձայն:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երբ սկսվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, ակնհայտ էր, թե իրենց ինչպես են պահելու Նիկոլ Փաշինյանը և մնացած նիկոլփաշինյանները, այսինքն՝ քպականները և մատների վրա հաշված սատելիտ «քաղաքական ուժերն» ու անհատները: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է, անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի: Նրանք չունեն կարմիր գծեր, նրանց մտահոգության միակ առարկան իշխանությունն է, այսինքն՝ այն կորցնելու սարսափը: Իսկ կորցնելու բան ունեն: Ընդ որում, խոսքը միայն պատասխան տալու մասին չէ, նշյալների մեծ մասի համար գլխավոր անհանգստությունը բարեկեցությունը կորցնելու վտանգն է: Իսկ Հայրենիք, պետություն, ժողովուրդ հասկացությունները պարզապես երկրորդական, երրորդական հասկացություններ են:

Կրկնենք՝ ֆեյքաշինության հսկայածավալ գործընթացի մեջ մտած, մի մատի հրահանգով «շեֆին» աստվածացնող, ստի ու կեղծիքի հորձանուտ բացած այս «թիմից» որևէ այլ բան սպասել պետք չէ: Շատ ավելի ցավալի է տեսնել նրանց, որոնք Նիկոլ Փաշինյանին դեմ լինելով (կամ գոնե այդպես ցույց տալով)՝ ուղղակիորեն ջուր են լցնում անհայրենիքության ջրաղացին, երբ խայթում, անվանարկում կամ հեգնում են «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու Բագրատ Սրբազանին: Ընդ որում, հաճախ նույնիսկ չճանաչելով վերջինիս, ծանոթ չլինելով նրա անցած ճանապարհին, արած գործերին: Բոլորը պարտավոր չեն ճանաչել նրան, բայց փաստը մնում է փաստ, որ նա առաջնորդում է անհայրենիքության դեմ պայքարը, նա կարողացավ սկսել առաջին հայացքից այլևս անհնար թվացող գործընթաց:

Գործընթաց, որը նաև միասնականության հույսեր է բացել: Ու ցանկացած թեկուզ փոքր «հարված» արդ շարժմանն ու Բագրատ Սրբազանին նշանակում է փայտ դնել անիվների տակ, այսինքն՝ նպաստել անհայրենիքության հաղթանակին: Իսկ այն, որ շարժման ընթացքից իշխանություններն ու նրանց սատելիտները լրջորեն անհանգստացած են, ցույց են տալիս հենց նրանց ջղաձիգ շարժումները, որակումներն ու արձագանքները: Այդպիսին են լինում վախի աչքերը: Հարցրեք ցանկացած հոգեբանի, և նա դա կհաստատի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւոգյանի դեմ հարուցված քրեական գործով քաղաքական որոշումները շարունակվում են կյանքի կոչվել։ Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին քննարկում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը ընդհանրապես կարճելու հարցը: Իսկ ի՞նչ հիմքով են իրավապահ համակարգում քննարկում այդ հարցը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկվում է տարբերակ՝ գործուն զղջալու հիմքով առաջիկայում դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը ու գնալ կարճման: Ինչով կավարտվեն ներքին քննարկումները՝ ցույց կտա ժամանակը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ քրեական գործը ավարտական փուլում է։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 31-ին ԱԱԾ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 վայրում)։

Ըստ ՔԿ-ի` պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում՝ մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Արդյունքում՝ վարույթի շրջանակում կալանավորվել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը։ Նրան ընդամենը 11 օր կալանքի տակ պահելով՝ կայացվեց քաղաքական որոշումը, եւ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին, սեփական նախաձեռնությամբ, փոխեց քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առեւտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի (Անի Գեւորգյան) եւ Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Նկատենք, որ այս քրեական գործով տնային կալանքի տակ է գտնվում Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն անակնկալի է բերել ՔՊ-ականներին, որոնք անցած օրերին, կարելի է ասել` «խաղադրույքներ» են կատարել, թե ինչքան մարդ դուրս կգա: Առավելագույն թիվը, որ ակնկալել են, 20 հազարն է եղել, սակայն անգամ իրենց հաշվիչ Դանիել Իոաննիսյանը 31 հազարից ավելի թիվն ասաց, չնայած առնվազն կրկնապատիկն էր առկա: Եվ հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում։

Փաշինյանը sms-ներով հանգստացրել է նրանց, որ ամեն ինչ լավ կլինի՝ առաջիկա օրերին շարժումը կմարի: ՔՊ-ականները թեթեւացած շունչ են քաշել, երբ սրբազանը տուն է ուղարկել ժողովրդին՝ հստակ գործողությունների չտանելով: ՔՊ-ում կարծում են, որ ընդդիմությունը «պահը բաց թողեց»։ Ակնկալել են, որ այդ բազմությունը սրբազանը կառաջնորդի դեպի կառավարական դաչաներ, կպարտադրի, որ հանդիպում տեղի ունենա, չի թողնի, որ մարդիկ տուն գնան։ Ի դեպ, սրբազանի հայտարարությունը, թե լավ է ճանաչում Ռուստամ Բաքոյանին եւ ճամբարափոխ Շիրակ Թորոսյանին, նրանց նկատմամբ ՔՊ-ում կասկածների տեղիք է տվել։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ պահեն դռները, թույլ չտան, որ օտար մարդիկ մտնեն՝ փորձելով հետ պահել ուսանողներին «սրբազան շարժումից»։ Մեր աղբյուրն ասաց՝ վախեցել են շրջաբերական ուղարկել ուսհաստատություններին՝ կռահելով, որ մի տեղից դուրս կգա ու կհրապարակվի այդ ապօրինի գրությունը։

Ի դեպ, նախարարն Իսպանիայում է այս օրերին` ժպտադեմ լուսանկարներ եւ հաղորդագրություններ են տարածում այդ մասին: Փաշինյանի իշխանությունում թերեւս մոռացել են, թե ինչպես էին 2018-ին ուսանողներին դուխ տալիս, սպառնում տնօրեններին ու ռեկտորներին`  ազատել գործից, հիշեցնելով սահմանադրական իրավունքների մասին։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, եւ ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին։

Սրան զուգահեռ, ներքին գործերի նախարարությունը ճոխ եւ աստղաբաշխական գնումների պայմանագրեր է կնքել՝ խմածությունը չափող սարքերի պահեստամասեր՝ փչիկներ, ձեռք բերելու համար։

Կնքված 2 պայմանագրից առաջինի արժեքը կազմել է 7 մլն 934 հազար դրամ, իսկ երկրորդ պայմանագրի արժեքը կազմել է 39 մլն 626 հազար դրամ։

Գրեթե 8 մլն դրամ արժեցող այս գնման տեխնիկական բնութագրի համապատասխան՝ գնվել են հետեւյալ պահեստամասերը՝

1. Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ,

2.Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ, խմածությունը չափող սարքերի պահեստամասեր,

3. Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ։

Այս սարքավորումների պայմանագրում առկա սարքի մեկ հատի արժեքը կազմել է 516 դրամ։ Հավելենք, որ գնվել է նմանատիպ 15 հազար 350 սարք։

Երկրորդ պայմանագրով գնվել են 211 հազար 5 խմածությունը չափող սարքերի պահեստամասեր, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 187 դրամ։

Ասել է թե՝ խմած մարդիկ պետբյուջեի վրա թանկ են նստում. մնում է սթափության թեստերի հանձնման սարքեր դնել կառավարության եւ այլ հաստատությունների մուտքի մոտ: Շատ բան կպազվի։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այն, ինչ ՔՊ-ականների դեպքում «արդար պայքար» է համարվում, մյուսների դեպքում «լափամանի կռիվ» է:

Խոսենք փաստերով:

Երբ 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները «թավշյա հեղափոխություն» էին անում՝ փողոցներ փակելով, համալսարաններ ու ռադիոտուն մտնելով, նրանց դեպքում, դա համարվում էր պայքար՝ ընդդեմ ոչ ժողովրդավար բարքերի, թալանի, իշխանական կամայականությունների. իսկ հիմա, երբ նրանց վարած կործանարար, հայրենիք հանձնող եւ դավաճանական քաղաքականությունից դժգոհ մարդիկ են իրենց բողոքի ձայնը բարձրացնում ու անհնազանդության ակցիաներ անում, ՔՊ-ականները դա բնութագրում են՝ «կռիվ լափամանի համար»:

Հիմա ի՞նչ, ստացվում է՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաքանակ թիմակիցները «լափամանի» կռի՞վ էին տալիս։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են, Գրիգորյանը ձախողել է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը, ինչը Տիգրան Ավինյանի նախընտրական խոստումն էր, եթե չասենք՝ այն ներկայացվում էր որպես աննախադեպ ռեֆորմ։ Ավելի քան մեկ տարի է անցել կնքված պայմանագրից՝ համաձայն որի, գործընթացը պետք է կյանքի կոչվեր, բայց դեռ ոչինչ չի արվել։ Մենք գրել էինք, որ կան տեխնիկական բազում խնդիրներ․ մրցույթը շահած միակ ընկերությունը՝ «Թել Սել» ՓԲԸ-ն, պայմանագրով նախատեսված պարտականությունների՝ ընթացակարգային համապատասխանեցում սահմանված ժամկետներում չի իրականացրել, այնպիսի սարքեր չեն տեղադրվել փոխադրամիջոցներում, որ հնարավոր լինի ոչ միայն Թել-Սել համակարգով օնլայն վճարումներ կատարել, այլեւ բանկային քարտերով եւ հեռախոսային այլ հավելվածներով Բոլոր հիմքերը կան՝ լուծելու պայմանագիրը, սակայն Տիգրան Ավինյանը չի գնում դրան, որ դուրս չգա, թե խաբել է երեւանցիներին եւ համակարգը չի գործելու։

Հակառակը՝ ամեն գնով փորձում է կյանքի կոչել միասնական տոմսային համակարգը եւ դեռ ամիսներ առաջ հանձնարարել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, որն ի սկզբանե այս գործարքի կուրատորն է եղել, Կենտրոնական բանկի հետ բանակցել եւ սեղմ ժամկետում գլուխ բերել համապատասխանեցման գործընթացը։ Սակայն ԿԲ-ն առանձնապես խանդավառված չէ այդ գործընթացից, քանի որ քաղաքապետարանի եւ հիշյալ ընկերության միջեւ կնքված պայմանագիրը բազմաթիվ խութեր է պարունակում։ Բացի այդ տեղեկացանք, որ ԿԲ-ից գլխի են քցել՝ եթե  QR կոդի տեսքով անժամկետ տոմսեր վաճառեն, ցանկացած մեկը կարող է պատճենել կոդը, հարյուր հոգու տալ ու նրանք էլ օգտագործեն։ Ավինյանը հասկացել է, որ «պռավալ» է գնում ողջ գործընթացը, Սուրեն Գրիգորյանի առջեւ հարց է դրել՝  կամ գոնե QR համակարգի անվտանգությունը ապահովել ու վերջապես գործընթացը կյանքի կոչել/ նշենք, որ միասնական տոմսային քարտեր կգործեն QR կոդով/,  կամ իր փոխքաղաքապետի պաշտոնը կասկածի տակ կդրվի։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների առաջին օրերից, այդ թվում՝ քայլերթի օրերին իշխանությունները տեղեկատվական պատերազմին, իսկ իրականում՝ ստի ու կեղծիքի մեծ դոզա արտանետելուն զուգահեռ, դիմում են ամենատարբեր այլ մեթոդների՝ մասնավորաբար հետապնդումներ սկսելով շարժման հետ կապ ունեցող տարբեր գործիչների նկատմամբ: Երեկ ողջ օրն էլ բերման են ենթարկվել ակցիաների մասնակիցները, փորձեր էին արվում կանխել ուսանողների միանալը անհնազանդության ակցիաներին և այլն: Հերթական «էժանագին» քայլն արվել է քայլերթին միացած «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, Հայաստանում Էկվադորի պատվո հյուպատոս Վահե Դարբինյանի դեմ, որն առաջին իսկ օրից Բագրատ Սրբազանի կողքին կանգնածներից մեկն է:

Մեր տեղեկություններով, Դարբինյանին Հայաստանում Էկվադորի պատվո հյուպատոս կարգավիճակից զրկելու համար ՀՀ ԱԳՆ-ն հնարովի նամակ է գրել Էկվադորի ԱԳՆ՝ նշելով, թե իբր Դարբինյանը դիվանագիտական համարանիշներով իր մեքենայով միջպետական ճանապարհ է փակել։ Ընդ որում, ականատեսները վկայում են, որ ակցիաների ողջ ընթացքում Դարբինյանի մեքենան կայանված է եղել բացառապես կողնակի վրա։ Մեր աղբյուրները պնդում են, որ ինչպես այլ դեպքերում, Դարբինյանի պարագայում ևս իշխանությունները ներգրավել են հարկային մարմիններին:

Ի մասնավորի, մի քանի օր է՝ նրան պատկանող «Պանտերա սիքյուրիթի» մասնավոր պահնորդական ընկերության գրասենյակում ստուգումներ են իրականացնում և փորձում ինչ-որ բան գտնել: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ձեռագիրը չի փոխվել. ընդդիմադիրների նկատմամբ կիրառվում են վարչական ռեսուրսի ողջ հնարավորությունները, այդ թվում՝ իրավապահների ու հարկային մարմինների «մահակը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում