Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել, ծրագրերի մասին չի մանրամասնում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել, ծրագրերի մասին չի մանրամասնում․ առավոտյան մամուլը Times.am-ում

ՔՊ-ականները մի կողմից հայտարարում են, որ Հայաստանը կրոնապետության չպետք է վերածել, մյուս կողմից բյուջեի հաշվին մեկնում են Հունաստան՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, որի ընթացքում սովորելու են, թե ինչպես քրիստոնեական արժեքները կիրառել քաղաքականության մեջ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում լսողի դերում է լինում` համակ ուշադրությամբ լսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները, առաջարկներն ու դիտարկումները, սակայն չի բացահայտում իր ծրագիրը՝ բացառությամբ նրա, որ աջակցություն է խնդրում իմպիչմենթի գործընթացի եւ իր թեկնածության հետ կապված: Չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում` նույնիսկ այն ժամանակ, երբ ոմանք զգուշորեն հետաքրքրվում են։ Օրինակ, հետաքրքրվում են` ի՞նչ հույսեր կան խորհրդարանում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելու հետ կապված, արդյոք բանակցո՞ւմ է ՔՊ-ականների հետ, հնարավո՞ր է արդյոք նրանցից ոմանց «դարձի բերել»:

Մանավանդ այն փաստից հետո, երբ հարթակից մի քանի ՔՊ-ականի անուն էր հնչեցրել՝ ասելով, թե մոտ է նրանց հետ, եւ դա հետեւանքներ էր ունեցել, գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին, ասելով՝ հույսը ժողովրդի ճնշումն է։ Երեկ ընդդիմադիր շրջանակներում պատգամավոր Գեղամ Նազարյանի անհավասարակշիռ պահվածքից հետո արդեն կասկածներ կային, թե կհաջողվի՞ իմպիչմենթի նախագծի համար պահանջվող 36 ձայնը ստանալ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի դեռ բոլոր ռիսկերը ապահովագրված չեն: Դեռ մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը հասավ Երեւան, նա Հանրապետության Հրապարակից հայտարարեց՝ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու. բայց դեռ ոչինչ չի արվել ու հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում եւս, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իմպիչմենտի գործընթաց դեռ չի նախաձեռնվի: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են: Տեղեկացնենք, որ նախ՝ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով նիստ հրավիրելու համար պետք է 36 պատգամավորներ համապատասխան ձեւաթուղթը ստորագրեն, ներկայացնեն ԱԺ (ընդդիմությունն ունի այդքան ձայն. անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը Սրբազանի հետ զրույցում համաձայնել է միանալ նախաձեռնությանը), ապա 54 պատգամավորներ պետք է ներկայանան ԱԺ նիստին, քվորում ապահովեն, ինչը մեծ մասամբ կախված է խորհրդարանական մեծամասնությունից՝ ՔՊ-ից:

Ակնհայտ է, որ այդ հարցը քննարկելիս ՔՊ-ականներին ԱԺ բերելու համար հանրային լուրջ ճնշում է անհրաժեշտ, որպեսզի իշխանականները ստիպված լինեն խորհրդարան գալու եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու, ապա քվեարկելու:

Ստացվում է, որ իմպիչմենտի հարցը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ այն ընդունելու համար՝ 54:

Իսկ ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել. բանն այն է, որ եթե իմպիչմենտի նախաձեռնությունը այս փուլում տապալվի, ապա միայն վեց ամիս հետո կարող են կրկին այն օրակարգ մտցնել։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սեւ է, եւ համոզել, որ մենք դա չենք տեսնում: Նա դելիմիտացիայի գործընթացը եւ նախօրեին ստորագրված արձանագրությունը «մեծ հաջողություն» անվանեց եւ մի խառնաշփոթ տեքստով փորձեց մոլորեցնել մարդկանց. «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է…»:

Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. եթե մենք այս սկզբունքից շեղվեինք եւ նոր սահմանագիծ ստեղծեինք, դա կնշանակեր, որ «ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների հարատեւ աղբյուր»:

Հիմա թարգմանենք. ասում է` սահմանը գծում ենք այս պահին առկա իրողությունների համաձայն, այսինքն` ում զորքը որտեղ կանգնած է, ով ինչքան զավթել է, ով Google maps-ին կարողանում է թելադրել եւ համոզել, որ այդ տարածքն իրենն է, այդ սկզբունքով: Ինչը նշանակում է, թե հույս չունենաք, որ Սեւ լճից, Ջերմուկից, Սոթքից ադրբեջանցիները հեռանալու են: Եվ պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Քննչական կոմիտեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել երկու իրար հակասող հատկանիշներով: Քրեական օրենսգրքի՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ատելություն հրահրող հրապարակային խոսքի տարածման հոդվածներով։ Նա տնային կալանքի տակ է։

Սակայն, աղմկահարույց մյուս դեպքով սայլը տեղից չի շարժվում կամ, միգուցե, իրավապահները ջանասիրություն ցուցաբերել չեն ուզում։

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր՝ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս՝ ապրիլի 15-ի գիշերը, իր նկատմամբ իրականացվել էր բռնություն։ Մասնավորապես՝ դիմակավորված 4-5 անձինք մոտեցել էին ոստիկանության մեքենային (իսկ այդ ժամանակ ոստիկանները գնացել էին իրենց բնական կարիքները հոգալու), դաժան ծեծի էին ենթարկել Սամվել Վարդանյանին, իջեցրել էին տաբատը, թքել վրան։

Արդյունքում` բռնության մասին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաղորդման հիման վրա` ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ): Այս գործը ոչ մի կերպ չի բացահայտվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում, եղբայր» արտահայտության հեղինակ, ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը գործուղման են մեկնել․ մայիսի 14-18-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին՝ «Քաղաքականությունը՝ որպես քրիստոնեական արժեքների ամենօրյա դրսեւորման միջավայր» խորագրով։ Առաջին հայացքից կարելի է կարծել, թե գործ ունենք հավատացյալների, քրիստոնեական արժեքներին դավանող իշխանության հետ, բայց իրականություն այն է, որ ՔՊ-ականներին ընդամենը բյուջեի հաշվին շրջագայելն է հետաքրքրում, քանի որ հենց այս իշխանության օրոք պատերազմ հայտարարվեց քրիստոնեական եկեղեցուն եւ հոգեւոր դասին։

Առավել եւս՝ այս օրերին, երբ իշխանությունները բոլոր ճակատներով թիրախավորել են Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարը եւ հայտարարում են, թե Հայաստանը կրոնապետության չպետք է վերածել, փաստորեն, բյուջեից միջոցներ են հատկացնում մի համաժողովի մասնակցելու համար, որի ընթացքում քարոզելու են, թե ինչպես քրիստոնեական արժեքները կիրառել քաղաքականության մեջ։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ Հ1-ին կառավարությունից հրահանգված է լուրերի թողարկման ժամանակ խուսափել Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ցուցադրելուց, որ լսարանը զուգահեռներ չանցկացնի Սերժ Սարգսյանի` փեսա-աներձագ-քավոր-սանիկական ժամանակների հետ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն» ավարտվել է, շարժումը մարել է, մեկ շաբաթ է՝ ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը, ինչի շնորհիվ ՔՊ-ականները մի քիչ զգուշավոր են դարձել, ոմանց ցինիզմը փոքր-ինչ նվազել է, թեեւ` ոչ բոլորինը: Եթե 1 շաբաթ առաջ ՔՊ-ն էր օրակարգ թելադրում, ընդդիմությունը պաշտպանվում էր, ապա վերջին շաբաթում պատկերը փոխվել է։

Երեկ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել էր մեր հրապարակմանը, որտեղ գրել էինք, թե հնարավոր է ԱԺ-ում Սահմանադրության դրույթը փոխվի, եւ երկքաղաքացիության արգելքը հանվի: Ի դեպ, այդ արգելքը գործում է վարչապետի, պատգամավորների, նախարարների դեպքում, իսկ Երեւանի քաղաքապետի համար հանված է: Տիկինը նյարդային գրառում էր արել. «Մնում է հասկանալ, թե ինչպես է 36 ստորագրություն հավաքելու ունակություն չունեցող թափառախումբը՝ ապահովելու Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 72 ձայն»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում