Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու․ առավոտյան մամուլը Times.am-ում

Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխանությունների վախերն այնքան են խորացել, որ սկսել են գաղտնալսել ոչ միայն ընդդիմադիրներին, այլև յուրայիններին․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Երեւանում խաղաղ անհնազանդության ակցիաներ էր անում, փողոցներ փակում, ինչից` փողոց փակելով իշխանության եկած ՔՊ-ն ու նրա ոստիկանները շատ են վրդովվում: Կարմիր ու սեւ բերետավորները գազազած հարձակվում էին մարդկանց վրա` քաշքշում, ոստիկանություն տանում:

Այնպիսի ազարտի մեջ էին ընկել, որ առավոտյան քաշքշուկի կենտրոնում էր հայտնվել Իրանում, Կատարում, Էմիրություններում մեր նախկին դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, իսկ ավելի ուշ դաժան ծեծի էր ենթարկվել ԱԺ Հայաստան խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Աշոտ Սիմոնյանը: Վերջինիս նկատմամբ վայրագ գործողություններն իրականացրել էին ոստիկանության զորքերի 1031, 1032 և Ոստիկանության Երևանի վարչության, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։

Դաշնակցական պատգամավորին առանձնակի դաժանությամբ ծեծող խուժանի պես հայհոյող ենթականերին տեղում հետեւում էին 1031-ի հրամանատար գնդապետ Տիգրան Սարգսյանը եւ 1032-ի հրամանատար Հովհաննես Զաքարյանը: Իսկ բուն գործողություններից մի քանի մետր հեռավորության վրա իր ղեկավարած վայրենիներով պարծենում էր ՈՍ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով թերեւս հենց այս վայրագությունների համար իշխանությունների կողմից երեկ պարգեւատրվեց` ստանալով գեներալ-մայորի զինվորական կոչում, ինչի մասին նախապես մենք գրել էինք։

Աշոտ Սիմոնյանի նկատմամբ վայրագությունների փաստով Արամ Վարդեւանյանը երեկ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, որում նաեւ անուններ է հիշատակել, թե ովքեր են ջարդարարները։

Մի մանրամասն եւս. Սույն Հայկ Բաբայանը ուրբաթ օրը ոստիկանական զորամասերի հրամանատարների` դաստիարակչական գծով տեղակալներին հավաքել է իր մոտ եւ հանձնարարել` զորքի հետ աշխատել այս օրերին, դուխ տալ, որ ցուցարարների նկատմամբ հատուկ կոշտ վերաբերմունք դրսևորեն:

Իրենց հայրենիքի համար պայքարի ելած մարդկանց ծեծել-ջարդելու, շարժումը ճնշելու գործը Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել սույն նորաթուխ գեներալին, ՆԳ նախարարի կին տեղակալ Արփինե Սարգսյանին եւ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով երեկ լրագրողների հետ զրույցում չէր կարողանում թաքցնել իր ատելությունն ու անհարգալից վերաբերմունքը Բագրատ սրբազանի եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանն այժմ ապրում է իր պատմության ծանր և պատասխանատու փուլերից մեկը։ Արցախի շրջափակումից հետո՝ այս օրերին շրջափակվածը Հայաստանն է։ Երեկ տարբեր հայտարարությունների համաձայն՝ այժմ Հայաստանի գլխավոր մուտքերն ու ելքերը փակ են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։

Շաբաթներ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փակել էր Տավուշ-Վրաստան սահմանը՝ ի նշան սահմանագծման և սահմանազատման դեմ բողոքի, հետո արդեն ոստիկաններն են փակել ճանապարհի նույն հատվածը: Այսինքն՝ խոչընդոտներ կան մարդկային, տվյալ դեպքում՝ իշխանական գործոնով պայմանավորված:

Երեկ՝ օրվա ընթացքում, «Ճանապարհային դեպարտամենտ»-ի կողմից մի քանի անգամ պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Հայաստանի հյուսիսից դեպի Վրաստան մուտքերը բնական աղետի՝ սելավի և գետերի վարարման պատճառով արգելափակված են։
Այսօր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հայտարարեց նաև, որ փակ է Իրան-Հայաստան սահմանը։

Այսինքն՝ Հայաստանը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Իսկ իշխանությունները օպերատիվ խմբեր են ստեղծում աղետի չափերը գնահատելու համար․ թե երբ պետք է գնահատվեն նաև փակ սահմանների հետևանքներով ՀՀ տնտեսությանը պատճառած վնասները, պարզ չէ:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականը օրվա վերջում հերքեց բոլոր լուրերը Իրան-Հայաստան փակ սահմանների մասին, բայց անհասկանալի է՝ արդյոք չե՞ն գիտակցում նրանք, թե իրենց գոյությամբ ինչ վնաս են հասցնում ՀՀ զարգացմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 9-ին՝ առաջին հանրահավաքի ընթացքում, Բագրատ Սրբազանը շտապեց հայտարարել, որ եթե Փաշինյանը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնելու համար խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն ընդդիմադիր խմբակցությունները եւ այդ նպատակով հենց հանրահավաքի ժամանակ խորհրդակցեց խորհրդարանական ուժերի որոշ պատգամավորների հետ: Իսկ արդեն հաջորդ հանրահավաքին տեղեկացրեց, թե «անկախ» Իշխան Զաքարյանի հետ է երկու անգամ հանդիպել եւ ունի խոստում, որ նա կմիանա գործընթացին եւ կապահովի նախաձեռնությունը ներկայացնելու համար պակասող 1 քվեն։

Սակայն որոշ տեղեկություններով անվստահության գործընթացն անորոշ ժամանակով որոշել են հետաձգել եւ սրբազանն այդ մասին անուղղակի տեքստով ակնարկել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ վերջին օրերի զրույցներում։ Շարժման առաջնորդի հաշվարկով նպատակահարմար չէ գործընթացն այս փուլում մտցնել խորհրդարան, որտեղ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որ անվստահության նախաձեռնությունը տապալվի: Նա կարող է անգամ սեփական ուսապարկերի ֆիզիկական ներկայությունը վերահսկել, արգելել նրանց ներկայանալ նիստին, գործեր հարուցել նրանց նկատմամբ, կոմպրոմատներով վախեցնել եւ ձախողել գործընթացը՝ ստանալով վեց ամսվա իմունիտետ, քանի որ օրենքի համաձայն իմպիչմենթի գործընթացից հետո վեց ամիս արգելվում է նման նախաձեռնությամբ նորից հանդես գալը: Իսկ նախաձեռնության հաջողությունը երաշխավորված չէ, քանի որ ընդդիմությունը չունի բավարար ձայներ` անվտահությունը հաջողելու համար 54 պատգամավորի քվե է պետք։

Այնպես որ եզրակացրել են, որ դեռեւս վաղ է պայքարը տեղափոխել խորհրդարան, ուստի եւ որոշ ժամանակով անվստահության նախագիծ ներկայացնելը եւ սահմանադրական փոփոխությունները կհետաձգվեն: Իսկ սահմանադրական փոփոխությունները, հիշեցնենք, վերաբերելու են երկքաղաքացիության դրույթին՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ կիրակի օրվա հանրահավաքին միայն հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, անվստահություն հայտնելու գործընթացի եւ մնացյալի մասին ոչինչ չասվեց։ Այսինքն, Սրբազանը փորձելու է փողոցում շարժումը հասցնել պիկին, հասնել Փաշինյանի հրաժարականին, նոր մտնել խորհրդարան։ Ի դեպ, շարժման առաջնորդի այս քայլերը փշրում է իշխանական պրոպագանդայի այն կեղծիքներն ու մանիպուլացիան, թե հակաիշխանական շարժման ստվերային ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանը՝ նախկինների միջոցով։ Սրբազանն իր քայլերով բազմիցս ապացուցել է, որ բացառապես միայնակ է գործում՝ առանց արտաքին հովանավորների եւ ներքաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների։ Լուրեր կան, որ անգամ Վեհափառը շատ բան իմանում է հանրահավաքներին հետեւելով:

Ճիշտ հակառակը, եթե 2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ում հավարմագրված եվրոպական պետությունների դեսպանները 24/7 ռեժիմով վայնասուն էին բարձրացնում ոստիկանական գործողությունների առիթով, չնայած դրանք ոչ մի համեմատություն չունեն այսօրվա գործողությունների հետ, իսկ այսօր լռում են նրանց վայրագությունների վերաբերյալ։ Իսկ Ռուսաստանը, որը 2018-ին իր ազդեցության տակ գտնվող բոլոր գործիչներին ու գործարարներին` իրենց կոլեկտիվներով, ոտքի էր հանել եւ ուղարկել Ֆրանսիայի հրապարակ, իսկ այսօր այդ բոլոր մարդիկ խոր ընդհատակ են անցել, ձայները չի լսվում։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանին, որն արդեն մեկ տարուց ավելի է նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ եւ մեր ժամանակների ամենամութ պաշտոնյաներից է, պարզվում է՝ իշխանությունները լուրջ փորձությունների են ենթարկել։ Դեռեւս օմբուդսմենի պաշտոնում Գրիգորյանը, ըստ լավատեղյակ աղբյուրի,  հայտնաբերել է, որ փորձում են իր հեռախոսին գաղտնալսող ծրագրեր «նստեցնել»: Այո, մի զարմացեք` մեր երկրում ոչ միայն ընդդիմությանն են լսում, այլեւ իշխանության մեջ գտնվողներին:

Ք.Գրիգորյանը` համապատասխան ծառայություններից ստանալով ծանուցումը, որ ձեր հեռախոսի մեջ օտար միջամտություն է իրականացվվել, անմիջապես դիմել է Հատուկ ծառայություններին՝ ճշտելու. արդյոք իրե՞նք են դա անում: ԱԱԾ-ից հերքում ստանալով, նա հայտարարում է, որ այդ պարագայում մտադիր է աղմուկ բարձրացնել՝ նաեւ միջազգային կառույցներին տեղեկացնելով, որ ՀՀ ՄԻՊ-ին փորձում են գաղտնալսել:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ «սպառնալիքից» հետո Ծառայությունները փոխել են դիրքորոշումը` ՄԻՊ-ին տեղեկացնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, նպատակ չեն ունեցել իրեն գաղտնալսելու, սխալմամբ է այդ ծրագիրը տեղադրվելու իր հեռախոսում, ոստի հայցում են իր ներողամտությունը: Սակայն իրավապահ համակարգում խոսում են, որ այդ ընթացքում հատուկ ծառայություններն արդեն հասցրել էին նրա հեռախոսից բավականին նյութեր քաշել եւ դրանք պահվում են որպես կոմպրոմատ, խոսքը` «ինտիմ բնույթի» նյութերի մասին է։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով գնում են Սարդարապատի հուշահամալիր՝ այնտեղ գիշերելու եւ հերոսամարտի հաղթանակի տոնը նշելու համար:

Մեզ ասացին, որ Փաշինյանը ՀՀ նախագահականում տոնի առիթով մեդալներ է շնորհելու զինվորականներին, ապա գնալու է Ապարան՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր:

Սա պաշտոնավարումից ի վեր առաջին անգամն է, որ Փաշինյանը չի գալիս Սարդարապատ: Նշենք, որ Սրբազանի հետ հազարավոր քաղաքացիներ են եկել հուշահամալիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում