Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը

Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը

Այսօր առավոտյան՝ ժամը 8։00-ից մեկնարկել է Իրանում անցկացվելիք նախագահի արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցումը, որը կտևի մինչև հունիսի 3-ը։ Այդ մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահական ընտրություններին առաջադրվել ցանկացողներն ունեն հինգ օր՝ ներքին գործերի նախարարություն դիմելու և իրենց թեկնածությունն առաջադրելու համար։

Հունիսի 5-ին արդեն բոլոր թեկնածուները յոթ օրվա ընթացքում Պահպանության խորհրդի կողմից կուսումնասիրվեն, կստուգվի նրանց համապատասխանությունը նախագահի թեկնածության համար, և արդեն հունիսի 11-ին կհայտարարվի հաստատված թեկնածուների ցուցակը։ Դրանից հետո յուրաքանչյուր թեկնածու կունենա 15 օր ժամանակ՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։ Եթե որևէ թեկնածու առաջին փուլում չհավաքի ձայների մեծամասնությունը, ապա հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք կունենան առաջին փուլում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները։

Համաձայն Իրանի սահմանադրության և 1985թ․ ընդունված Ընտրական իրավունքի՝ նախագահն ընտրվում է համընդհանուր ընտրությունների միջոցով՝ 4 տարի ժամկետով և կարող է պաշտոնավարել ոչ ավել քան երկու ժամկետ անընդմեջ՝ այսինքն՝ 8 տարուց ոչ ավել։

Թեկնածու կարող են առաջադրվել 40-75 տարեկան Իրանի այն քաղաքացիները, ով ծնվել է այնտեղ, ունի աշխատանքային փորձ պետական համակարգի ղեկավար պաշտոններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում