Բագրատ Սրբազանը շարժումից առաջ հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին, ընթացքում՝ Սերժ Սարգսյանին․ առավոտյան մամուլը Times.am-ում

Բագրատ Սրբազանը շարժումից առաջ հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին, ընթացքում՝ Սերժ Սարգսյանին․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ Բագրատ Սրբազանը ծրագրում է հունիսի 12-ին գնալ խորհրդարան, ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել և գնալ հանգստի՝ չդառնալով սրբազան պայքարի թիրախ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը օրերս կրկին մեկնել է Եվրոպա՝ արտագնա հանդիպումների:

Օրակարգը նույնն է՝ արցախցիների՝ Արցախ վերադարձի համար միջազգային երաշխիքներ ստանալը:

Հանձնաժողովի կազմում ներգրավված են նաեւ ՀՅԴ հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, նույն կուսակցությունից Մարիո Նալբանդյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, հանրապետական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Արտագնա հանդիպումներից հետո Վարդան Օսկանյանը կրկին կհանդիպի Արցախի կառավարության անդամների եւ պատգամավորների հետ:

Ինչպես ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, Վարդան Օսկանյանի եւ Արցախի իշխանությունների նախորդ հանդիպման ժամանակ, որը մայիսի 6-ին էր կայացել, Օսկանյանը գնահատել էր հանդիպման արդյունքները՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դեռ շատ աշխատանք կա անելու ցանկալի արդյունքի հասնելու համար։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել։ Միրզոյանի` խորհրդարան այցից առաջ երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց եւ դրա մատույցներում, հարակից այգիներում ոստիկանական զորք էր տեղակայվել, ինչպես սովորաբար արվում է Փաշինյանի տեղաշարժերի ժամանակ։ Գուցե Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այդպես էլ չի հաղթահարում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից առաջացած վախերը, սակայն խնդիրն այն է, որ Արարատ Միրզոյանը բոլոր հարցերում է ձգտում հասնել, անգամ գերազանցել Նիկոլ Փաշինյանին։

Դիցուք, քննարկմանն էլ աջուձախ «չորում» էր քաղաքական ընդդիմախոսներին՝ սուտ ու կեղծ թեզերն առաջ տանելով, իսկ քննարկումից հետո ուղղակի փախուստի դիմեց պետական պաշտոնյաների համար նախատեսված գաղտնի ետնադռնով, որտեղ լրագրողներին թույլ չեն տալիս ելումուտ անել։ Միրզոյանը ոչ միայն չպատասխանեց լրագրողների հարցերին, այլեւ իր ետեւից դուռը շրխկացրեց նրանց երեսին, ներսից էլ բանալիով փակեց։ Ի դեպ, նկատեցինք, որ առաջիկայում ՌԴ դեսպան գործուղվող Գուրգեն Արսենյանն ապագա «շեֆին» հրավիրել է իր մոտ՝ աշխատասենյակ, սակայն Միրզոյանը մերժել է՝ ասելով, որ ձախով է գնում, այսինքն` ետնադռնով։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը այս տարի եւս բարելավել է:

Լուսինե Բադալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018-ից՝ ԱԺ պատգամավոր ընտրվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2023 թվականի հայտարարագրում պատգամավորի՝ Ազգային Ժողովի աշխատակազմից ստացված եկամուտները նախորդ՝ 2022 թվականի համեմատ ավելացել են գրեթե 2 մլն դրամով՝ 8 մլն 320 հազար դրամից դառնալով 10 մլն 508 հազար դրամ։

Լուսինե Բադալյանի հաշվետու տարվա եկամուտներն ընդհանուր առմամբ ավելացել են նախորդ տարի, քանի որ պատգամավորն ԱԺ-ից ստացել է նաեւ 3 մլն դրամ այլ եկամուտ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորը Արարատի մարզի Այնթափ համայնքում ունի համատեղ սեփականության իրավունքով ձեռք բերված հողամաս, նաեւ Աջափնյակ վարչական շրջանում, կրկին համատեղ սեփականության իրավունքով բնակարան՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորն ունի նաեւ մեկ այլ բնակարան, որը նրա հայտարարագրում արտացոլվել է դեռեւս 2022 թվականին։ ԱԺ պատգամավորի լրացրած տվյալներից հասկանում ենք, որ նրա կողմից ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 900 հազար դրամ։ Հենց այս բնակարանի համար Լուսինե Բադալյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 523 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար է։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։

Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 հազար 300 դոլար եւ 4 մլն 900 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 711 հազար դրամ։ 2022 թվականի համեմատ նրա դամական միջոցները զգալի ավելացել են՝ 2 հազար 300 դոլարով եւ 1 մլն 400 հազար դրամով, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 513 հազար դրամով։

Հարկ է նշել, որ 2023 թվականի եկամուտների, գույքերի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում ՔՊ-ական որոշ պատգամավորներ զգալի ֆինանսական աճ են գրանցել հենց պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է երրորդ նախագահի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատանը՝ օրերս։ Բագրատ սրբազանը խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել է, որ ի սկզբանե կողմ էր գործընթացները խորհրդարան տեղափոխելուն՝ անվստահություն հայտնելով վարչապետին, սակայն առայժմ հակառակ ուղղությամբ են շարժվելու՝ փողոցի ճնշումը մեծացնելով` մտնել խորհրդարան։

Սերժ Սարգսյանն էլ, ըստ մեր աղբյուրի, սրբազանին տեղեկացրել է, որ մինչեւ շարժման՝ Երեւան տեղափոխվելն են ՀՀԿ-ականներն աջակցություն հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնությանը, խմբերով պարբերաբար այցելել են Կիրանց, եւ վստահեցրել է, որ մինչեւ վերջ աջակցելու են շարժմանը։ Հատուկ շեշտել է, որ այս պայքարը ՀՀԿ-ի եւ իր համար իսկապես «չակնկալիքների պայքար» է` իրենց գերնպատակը Նիկոլից ազատվելն է, իսկ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը շարժումը սկսելուց մոտ 15 օր առաջ էլ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապակումից հետո ստուգումներ են սկսվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով: Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ մինչ նախարար դառնալը՝ արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, եւ այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչեւ նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչեւ 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել: Հուսանք՝ այս գործը մինչեւ վերջ կքննվի, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման «ծածկադմբոց» կարվի։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում  քննարկում են հերթական նստաշրջանի ավարտից հետո մեկ արտահերթ նիստ հրավիրելու նպատակահարմարության հարցը, ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել եւ գնալ հանգստի՝ չդառնալով սրբազան պայքարի թիրախ։ Իսկ մինչ այդ՝ իշխանական պատգամավորները սրտատրոփ սպասում են հունիսի 12-ին, որը հերթական նստաշրջանի վերջին հարցուպատասխանի օրն է, ու խորհրդարան է գալու կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։

ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր գերատեսչություններ գնալու ծրագիրը, հենց հունիսի 12-ին գալու է խորհրդարանի մոտ։ Ի դեպ, իշխանական թիմին նյարդայնացնում է շարժման այդ մարտավարությունը, երբ պարսավանքի են արժանացնում ոչ միայն գլխավոր պատասխանատուին` Նիկոլ Փաշինյանին, այլ նաեւ նրա որոշ ենթակաների։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում