ՔՊ-ն հերթական հարձակումն է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Թեպետ իշխանությունները փորձում են հանգիստ երևալ, բայց իրականում ներսում մթնոլորտը ծայրաստիճան լարված է, ՔՊ-ականներին նյարդայնացնում է նույնիսկ Աննա Հակոբյանի պահվածքը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակում, Հակակոռուպցիոն դատարանը ծանուցումն այս անգամ ուղարկել է Արցախի «Եղնիկներ» զորամասի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանին: «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ Քյոխին հարցաքննելուց հետո՝ հերթը նրանն է։
Նշենք, որ գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակում։
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9 ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, ինչի հետեւանքով, ըստ քննչական կոմիտեի՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր եւ վիրավորներ։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավորներն արդեն քանի օր է՝ հաստատում են Նիկոլ Փաշինյանի ուսապարկը լինելու մասին իրենց տրված բնորոշման ճշմարտացիությունը։ Օրենսդիր մարմինը, որը կոչված է կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու, արդեն 2 շաբաթ է՝ բյուջեի կատարողականի հարցերը թողած, սրբազան պայքարն է բզկտում։ Երեկ հասել էին Հայ առաքելական եկեղեցուն պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերությանը, եւ ՔՊ-ական 3 պատգամավոր` պասերով խաղարկելով, Արսեն Թորոսյանի բարձրաձայնած առաջարկն էին քննարկում` «Շողակաթը» փակելու մասին: Զեկուցողը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էր, ում ուղիղ տեքստով առաջարկեցին փակել «Շողակաթը» եւ այդ հեռուստաընկերությանը հատկացվող տարեկան 206 միլիոն դրամն էլ տալ Հանրայինին, որ հարստացնեն իրենց «մշակութային, կրթական հաղորդումների բազան»։
Պարզ է, որ «Շողակաթը» փակելը չի ստացվելու, եւ նպատակը դա էլ չէ, այլ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելը, Նիկոլ Փաշինյանի «աչքը մտնելը», թե Հայ առաքելական եկեղեցուն մի հարված էլ հասցրինք: Մենք նկատեցինք, որ հենց քննարկման ժամանակ Թագուհի Ղազարյանը, Ծովինար Վարդանյանն ու Արսեն Թորոսյանը, խորասուզված հեռախոսների մեջ, ինչ-որ բան էին գրում, հընթացս գլխով համաձայնության նշաններ տալով իրար։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Երկրում ծավալվող ժողովրդական պայքարի ու ընդվզման խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ Նիկոլ Փաշինյանն իր «փիարային խորդանոցում» գտավ փոշեկալած յուր հեծանիվը ու սկսեց քշել: Ինքնին հասկանալի է՝ թիկնազորով շրջապատված: Դե, առավոտյան այնքան շուտ, որ փողոցներում գրեթե մարդ չլինի: Ու էլի հասկանալի է՝ նկարահանելով, մոնտաժելով, հրապարակելով: Այս տեմպերով Փաշինյանը միգուցե հիշի նաև կարկանդակի կամ եգիպտացորենի կողրի մասին: Զուգահեռ, տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի տիկինը քայլում Երևանի ինչ-որ փողոցահատվածում, սրճում Վանաձորում… Դե, փիարը փիար է, ու միայն վարչապետի օրինակը պիտի տարածվեր «շարքերում»:
Ասում են՝ կարկառուն քպականներից մեկն էլ հիշել է, որ ստորգետնյա փոխադրամիջոց կա, և անգամ, օ՜, հրաշք, երթևեկել է մետրոյով (թեպետ իր պնդումից բացի, դրա այլ վկայություններ չկան): Իսկ այս ամենն իրականում մի տեսակ «հետիշխանափոխական» օրերի դեժավյուի է նմանվում, որ կարելի է պայմանականորեն բնորոշել որպես «ժողվարչապետ» ներկայացման հերթական արարներ: Իսկ ինչի՞ համար է այս ամբողջ ներկայացումը: Իրենց թիմին ու փոքրաթիվ կողմնակիցների՞ն են ուզում ցույց տալ, թե՝ ամեն ինչ OK է (Շամշադինի բարբառով ասած), առանձնահատուկ ոչինչ չի կատարվում, վիճակը վերահսկելի է: Հնարավոր է:
Բայց «դառը հաբն» այն է, որ թիմի ներսում էլ կույր չեն, հրաշալի տեսնում են, թե ինչ է կատարվում, անկախ այն բանից, թե ինչ «հունանավետիսյանական» խոսքեր են արտասանում տեսախցիկների առաջ: Իրականում Փաշինյանն ու յուր մերձավոր զինակիցները ամենադիտողունակ քաղտեխնոլոգից էլ լավ են հասկանում, որ իրենց իշխանության վարկանիշը զրոյական է, որ իրենք գործնականում կորցրել են իշխանությունը, իսկ որ ամենից վատն է իրենց համար՝ կորցրել են օրակարգ ձևավորելու հնարավորությունը: Հենց միայն այն, որ այս օրերին նորից հիշել են փոշեկալած արարները «ժողվարչապետության» մասին, ինքնին խոսում է այն մասին, որ այսօր, ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, օրակարգ թելադրում է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը:
Ընդ որում, օրակարգ՝ նաև այս պահի իշխանությունների համար: Այսինքն, իշխանություններն իրենց քայլերով բացահայտ մատնում են, որ «ամեն ինչ OK» չէ: Թե բա՝ շարժումը մարում է, շարժումից իշխանություններն անհանգստացած չեն: Այդ դեպքում այս ամբողջ թատրոնն ինչի՞ համար է…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ն, գործի դնելով ձեռքի տակ ունեցած ողջ ռեսուրսները, որոշել է «հաշվեհարդար» տեսնել հայ առաքելական եկեղեցուց:
Թեեւ «թավշյահեղափոխականները» դեռ 2018թ-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո էին արշավ սկսել ըննդեմ Հայոց եկեղեցու եւ Վեհափառի՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ»… բայց այն բանից հետո, ինչ Եկեղեցին իր բողոքի ձայնն է բարձրացնում հայրենիքի մաս-մաս հանձնման դեմ, ՔՊ-ականներն այլեւս անթաքույց ու ամբողջ ռեսուրսով հարձակման են անցել ընդդեմ եկեղեցու:
Նախ տարբեր առիթներով հեգնում եւ թիրախավորում են Վեհափառին եւ հոգեւորականներին, խայտառակ ձեւով խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, եկեղեցու կողմից բարձրացված բողոքի ձայնի ֆոնին «հանկարծ» հիշում են եկեղեցին հարկելու մասին:
Այս ամենը, սակայն, ՔՊ-ին բավարար չէ, որոշել են տարբեր միջոցներով կռիվ տալ եկեղեցու դեմ:
Երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ԱԺ ամբիոնից 2021 թվականին հպարտորեն հայտարարում էր, որ աթեիստ է, առաջարկել է փակել հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող «Շողակաթ» հեռուստաալիքը, որով հիմնականում Աստվածաշնչյան եւ կրոնական հաղորդումներ են ցուցադրվում: ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է «Շողակաթին» հատկացվող գումարը տրամադրել իրենց «խոսափողը» հանդիսացող Հ1-ին:
«Չի՞ լինի՝ այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես», – երեկ ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Այս ամենից կարող ենք մի հետեւություն անել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գրեթե բոլոր ոլորտների հետ «հաշվեհարդար» տեսել է, հիմա հերթը հասել է եկեղեցուն։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի եւ կնոջ՝ Աննա Հակոբյանի հրապարակային ակտիվությունն անգամ ՔՊ-ականներից շատերին է նյարդայնացնում, հատկապես՝ կնոջ, որը, ներքաղաքական լարվածությանը զուգահեռ, աճում է: Նրա հայտնվելը երեւանյան փողոցներում` լանջաբաց հագուստով, սելֆին, որը բուռն արձագանքի է արժանացել ոչ միայն իշխանություններից դժգոհ շրջանակներում, այլեւ՝ իշխանական։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ պատգամավորների շրջանում քննարկել են տիկնոջ երեւանյան զբոսանքը, վարքը, տեսքը եւ արձանագրել, որ «Աննան համը հանում է»: Մեր աղբյուրը տրտնջաց․ «Մեզ ասում են՝ հանրային վայրեր շատ դուրս մի եկեք, զուսպ եղեք, մի բորբոքեք մարդկանց, իսկ իրենք բզբզում են մեղվի փեթակը»։
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն էլ է սկսել ակտիվ բլոգերություն անել եւ մարդկանց նյարդերի հետ խաղալ: Երեկ` լույսը դեռ չբացված հեծանիվ վարելու կադրերը եւ հետո` կոչ-հրավերը, որ եկեք ինձ հետ հեծանիվ վարելու Երեւանի փողոցներում՝ բնականաբար, ախրանայի ուղեկցությամբ, ըստ ամենայնի, մի նպատակ ունի` հանրությանը ներշնչել, որ ինքը դեռ վայելում է լայն զանգվածների սերը եւ չի պատրաստվում հրաժարական տալ։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե իրենց չեն անհանգստացնում Սրբազան պայքարն ու ներքաղաքական լարված վիճակը, իրականում մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ առկա վիճակը բավական լարված մթնոլորտ է ստեղծել իշխող թիմի ներսում։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր թիմակիցներին հանգստացնել, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, լուրջ վախեր ունեն ոչ միայն քպական պատգամավորներն ու պաշտոնյաները, այլև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը կարգադրել է ոստիկանությանը մաքսիմումի հասցնել իր անվտանգության ապահովման միջոցառումները:
Ըստ այդմ, ոստիկանական համակարգում անընդհատ մտածում են նորանոր «գործիքների» մասին, որպեսզի հանկարծ Նիկոլ Փաշինյանն անհանգստանալու առիթ չունենա: Մասնավորաբար, մեր տեղեկություններով, մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր Փաշինյանի այցի ժամանակ հանձնարարվել է ուղեկալներում կանգնած ոստիկաններին՝ ծայրահեղ ուշադիր լինել ճանապարհի ամեն մի անկյունին ու հատվածին, ստուգել ամեն ծառ ու թուփ: Ավելին, ոստիկաններին թույլ է տրվել անգամ վարչապետի շարասյանը մեջքով կանգնել, պատվի չառնել, միայն թե ոչինչ աչքաթող չանեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վախճանը գուժող իշխանությունը երեկ իր ունեցած ողջ ռեսուրսով լծվել էր վարդենիսյան այցն ու հանրահավաքը հարամելու գործին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խստիվ արգելել էր մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին` մասնակցել հանրահավաքին, սպառնացել էր` հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից, իսկ Վարդենիսի համայնքապետ, ծպտյալ ՔՊ-ական Ահարոն Խաչատրյանը ենթակաների միջոցով հանրահավաքից ժամեր առաջ տեղի արցախցիների հետ հրատապ հանդիպում էր նախաձեռնել:
Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու։ Մեզ զանգահարած արցախցին, ով խնդրեց իր անունը չգրել, համոզված էր, որ միտումնավոր են այդ օրը, այդ ժամին հանդիպում նշանակել՝ փորձելով արցախցիներին հետ պահել հանրահավաքից։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Քաղաքական դաշտում յուրաքանչյուր ակտիվության ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառում է թեզեր, թե այս կամ այն առաջնորդը ուղիղ կամ անուղղակի ղեկավարվում է «նախկինների» կողմից: Ու, հետեւաբար, հարց է առաջանում՝ ինչու են ներկա դերակատարները վախենում «նախկիններից»: Պարզ է, որ ցանկացած փոփոխության դեպքում՝ խոսքը իշխանափոխության մասին է, այն իր հետ բերելու է ծանր հետեւանքներ հայրենիք հանձնող ՀՀ գործող իշխանության համար: Սակայն, հատկապես «նախկինների» վերադարձի դեպքում, անխուսափելի է լինելու առավել դաժան պատիժը գործողների նկատմամբ, որոնք իրենց գործունեության 6 տարիներ ընթացքում հայկական երրորդ հանրապետությունը հանձնեցին թշնամուն, տվեցինք մոտ 5000 զոհ, եւ նրանք շարունակում են ամենակոռումպացված ձեւով իշխանավարել՝ ոչնչացնելով մեր երկրում բոլոր տեսակի արժեքները:
Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են պատժելու գործողներին։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու վերաբերյալ: ՔՊ-ական պատգամավորների գերակշիռ մասը, ըստ մեր աղբյուրի, համաձայն չէ Փաշինյանի «առաջարկած» մոդելին` «եկեղեցուն պետք է հարկել, հետո այդ գումարները հետ վերադարձնել»՝ ապահովելով միայն թափանցիկություն։ Փաշինյանն այդ մասին բարձրաձայնել էր խորհրդարան-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում։ Իշխող ֆրակցիայում տեսակետ է հնչել, որ եկեղեցուն պետք է շահութահարկով հարկել, ասենք` մոմի վաճառքից կամ ծեսերից ստացված հասույթը՝ մկրտություն, պսակադրություն եւ այլն, ինչպես նաեւ՝ հարկեր սահմանել ծիսական պարագաների ներկրման եւ իրացման նկատմամբ։
Հիշեցնենք, որ եկեղեցին այսօր էլ հարկվում է իբրեւ կրոնական կազմակերպություն եւ խոշոր հարկատուների շարքում է, եկամտահարկ է վճարում։ Այնուհանդերձ, որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում, օրինակ, ՀԱԵ հասցեով ստացված բեռների ներմուծման մի շարք ծրագրեր որակվում են բարեգործություն, ինչն արտոնություն է սահմանում հարկերի, տուրքերի գծով։ Հարկային արտոնությունների մյուս խումբը, որ սահմանված է օրենքով, վերաբերում է եկեղեցուն պատկանող անշարժ գույքը հարկերից ազատելուն։ ՔՊ-ում կարծում են, որ այդպիսի նախագիծ, ամենայն հավանականությամբ, կներկայացվի ԱԺ հաջորդ նստաշրջանին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ նախատեսված է մինչև 2024 թ.-ի հունիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2024 թ.-ի հունիս ամիսը ներառյալ: Սրա արդյունքում 2024թ.-ի մայիսի 30-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2024 թ.-ի հուլիսի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ.-ի օգոստոսը ներառյալ:
Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ.-ի օգոստոսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թ.-ի հուլիս-օգոստոս ամիսների համար կազմում է 13.800.000 դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թ.-ի պետական բյուջեով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում