Ի՞նչ անակնկալ է պատրաստում Բագրատ Սրբազանը հունիսի 9-ին․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ի՞նչ անակնկալ է պատրաստում Բագրատ Սրբազանը հունիսի 9-ին․ առավոտյան մամուլը Times.am-ում

Սրբազան շարժման ծավալների աճմանը զուգահեռ սրվում են հարաբերությունների ՔՊ խմբակցության և կառավարության միջև, հերթը հասել է Երևանի քաղաքապետարանին․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 9-ի մեծ հանրահավաքի նախօրյակին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կայցելի Վանաձոր։ Սրբազանը հայտարարել է մարզային այցեր կատարելու մասին, այդուհանդերձ, քաղաքական դաշտն ուշիուշով սպասում է կիրակնօրյա հանրահավաքին։ Շարժման ակտիվը հայտարարել է, որ այդ օրը Բագրատ սրբազանը վճռորոշ ելույթով է հանդես գալու, որը փոխելու է իրավիճակը։

Շարժման տարածած հաղորդագրությունից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ գուշակություններ են անում․ ոմանք կարծում են, որ սրբազանը կոչ է անելու խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դնել մանդատները, երկրում առաջացնել քաղաքական ճգնաժամ եւ հասնել արտահերթ ընտրությունների: Ոմանք կարծում են, որ ապագա կառավարության կազմն է հրապարակելու։ Կա նաեւ կարծիք, որ այդ օրը կհայտարարվի շուրջօրյա հավաքների մասին, եւ հրապարակի ժողովրդին փողոցում կպահեն մինչեւ չորեքշաբթի` խորհրդարանում կայանալիք հարցուպատասխանի օրը: Եվ վերջապես՝ հնարավոր է, որ հայտարարի, թե Գագիկ Ծառուկյանն էլ է աջակցում շարժմանը։ Մանավանդ՝ օրերս նա հյուրընկալվել էր Ծառուկյանին, եւ անգամ այդ մասին պաշտոնապես հայտարարություն տարածեցին:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից, մասնավորապես՝ գրեթե ամեն քայլափոխի հանդիպող փոսերից եւ տրանսպորտի խցանված վիճակից:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ նախաձեռնող խմբի նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Նիստին ներկա են եղել Երեւանի փոխքաղաքապետեր Արմեն Փամբուխչյանը, Սուրեն Գրիգորյանը եւ ավագանու ՔՊ խմբակցության անդամները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը բավականին երկար է տեւել, քննարկվել են մայրաքաղաքում առկա խնդիրները:

Իշխանականները փոխքաղաքապետերին հիմնականում դժգոհել են այն բանից, որ Երեւանում ամեն քայլափոխի փոսեր են, ինչը խոչընդոտում է երթեւեկին, դժգոհություններ են հնչել նաեւ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից:

ՔՊ-ական պատգամավորները նաեւ դժգոհել են, որ գրեթե ամեն օր բողոքներ են ստանում քաղաքացիներից դրա հետ կապված:

Փոխքաղաքապետերն էլ իրենց հերթին արդարացել են ւու վստահեցրել՝ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրները շուտ լուծեն։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրանցում սահմանազատման հետեւանքով սեփականությունից զրկված մարդկանց մեծ մասը, ըստ լուրերի, համաձայնել է կառավարության փոխհատուցման առաջարկին եւ դիմումներ գրել, սակայն շարունակում են հույժ գաղտնի պահել փոխհատուցման չափը թե՛ տների, թե՛ հողերի, թե՛ կրպակների մասով։ Փոխարենը ասեկոսեներ են շրջում, թե տների համար կառավարությունը 70-100 հազար դոլարի չափով փոխհատուցում է խոստացել, մի քիչ ավելի պակաս՝ մյուս շինությունների ու հողատարածքների համար։

Երեկ մեզ ասացին, որ կիրանցեցի Խանումը, ով մինչեւ վերջին պահը պայքարում էր եւ դեմ էր փոխհատուցման առաջարկին, համաձայնել է` տեղափոխվելու է Իջեւան, որտեղ իշխանությունները նրա համար բնակարան են վարձակալել։ Տիկին Խանումի տունը սահմանազատման հետեւանքով ադրբեջանցիներին անցած երկու տներից մեկն է։ Մյուսն էլ Մհերն է, ով օրեր առաջ սկսել էր քանդել իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավորների եւ նախարար Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է: ՔՊ-ական պատգամավորներն այլեւս անթաքույց եւ առողջապահական ոլորտը նախկինում ղեկավարող Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, արտահայտում են իրենց դժգոհությունն Անահիտ Ավանեսյանից: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցնող շաբաթ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բավականին սառն են ընդունել ու ճանապարհել Ավանեսյանին՝ ի տարբերություն մյուս նախարարների, որոնց հետ նիստից դուրս նույն իշխանական պատգամավորները շատ ջերմ զրուցել են:

Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարի միջեւ այնքան ակնհայտ է, որ անգամ Ավանեսյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, չկարողացավ կտրուկ հերքել դա, ինչպես նախկինում էր անում: Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ-ում ՔՊ-ականների քննադատություններն իր եւ իր ղեկավարած նախարարության հասցեին, նախարարն ասել էր. «Մի քիչ հասկանալի չէր, թե ինչն էր խնդիրը, որովհետեւ կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնելու պետական պատվերի շրջանակը, իրականացնում է, եւ մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է», – փորձել էր արդարանալ Ավանեսյանը եւ վերջում էլ որպես ինքնարդարացում՝ գովեստի խոսքեր հնչեցրել ինքն իր հասցեին, թե՝ ինքը «լավ նախարար է»: Նրա այս խոսքերը «մեմ» էին դարձել՝ հայտնի հումորային սյուժեի երգի նման՝ «ես լավ տղա եմ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ոմանց զարմացնում է, թե ինչու են որոշ ոստիկաններ պահանջվածից ավելի վայրագություն ցուցաբերում ցուցարարների նկատմամբ: Ոստիկանական համակարգից մեզ բացատրեցին, որ դա շատ պարզ բացատրություն ունի` ծառայողական առաջխաղացումների, պարգեւներ եւ կոչումներ շնորհելու ժամանակ ուսումնասիրում են հանրահավաքները ցրելու կադրերը եւ առավել դաժանություն դրսեւորած ոստիկաններին առաջ են քաշում, կոչումներ տալիս:

Ընդ որում, պարտադիր չէ, որ թափուր հաստիք լինի` եթե պաշտոն զբաղեցնող ոստիկանը ջանասիրաբար չի ցրում ցույցը եւ իշխանություններին չի ապացուցում, որ նրա հավատարիմ զոմբին է, նրան կարող են փոխարինել ավելի հավատարիմ եւ ավելի դաժան զոմբիով, ցանկացողների պակաս չկա: Դաժանությունը չի նվազում նաեւ այն պատճառով, որ վայրագություն դրսեւորած ոստիկաններից ոչ մեկը չի պատժվում` դա էլ է իշխանության կողմից խրախուսման եղանակ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում