Փաշինյանի և ԱԱԾ տնօրենի հարաբերություններն օր օրի ավելի են լարվում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Փաշինյանի և ԱԱԾ տնօրենի հարաբերություններն օր օրի ավելի են լարվում․ առավոտյան մամուլը Times.am-ում

Փաշինյանը հետևողականորեն «փչացնում է» իր թիմակիցներին, փորձելով այրել նրանց հետ դարձի ճանապարհները, միաժամանակ ցույց տալով, որ ինքը տիրապետում է իրավիճակին․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների հակառուսական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու ԱԱԾ հին կազմի հարաբերություններում խոր անջրպետ է առաջացրել: Այս կառույցը, որպես կանոն, պրոռուսական է, նաեւ դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը վերջին տարիներին հետեւողականորեն փոքրացնում, թուլացնում է այն՝ ուժեղացնելով եվրոպական կողմնորոշման կառույցները: Իսկ Արմեն Աբազյանը մեկ այլ հարցում էլ է հակադրվում Փաշինյանին․ քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու նրա առաջարկը։

Օրենքը, հիշեցնենք, նվազ թվով պաշտոնյաների է թույլատրում բնակվել Կոնդի առանձնատներում, մեկն ԱԱԾ տնօրենն է, ում համար նույնիսկ առանձնատուն են պատրաստել, բայց նա հրաժարվել է տեղափոխվել: Չնայած Փաշինյանն ամեն ինչ արել է, որ նա տեղափոխվի: Այդ դեպքում կարող էր գիշերվա ժամը 2-ին ներխուժել նրա տուն կամ հրավիրել իր մոտ՝ իր կասկածները եւ գիշերային մղձավանջները փարատելու: Նաեւ դա է պատճառը, որ Աբազյանը չի վայելում վարչապետի վստահությունը, եւ մի հարմար պահի նրան ազատելու են պաշտոնից։ Հիշեցնենք, որ այս պահին ամառանոցներում 3 ընտանիք է ապրում՝ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Ալեն Սիմոնյանի:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ֆրանսիան մտադիր է տրամադրել «Միաժ 2000-5» կործանիչներ և ուսուցանել ու զինել 4,5 հազար զինվորականների: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը: Այն ֆոնին, երբ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, նորանոր պահանջներ է առաջ քաշում, իհարկե, ցանկալի կլիներ, որ Ֆրանսիայի այս հայտարարությունը վերաբերեր Հայաստանին: Բայց ոչ: Մակրոնն այդ խոստումը տվել է Ուկրաինային: Կկատարվի այդ խոստումը, թե Ուկրաինային նորից «կգցեն», այլ հարց է:

Փաստն այն է, որ Հայաստանը փաստացի մնացել է 2-3 ռադարի ու հին, իրենց դարն ապրած զրահամեքենաների տրամադրման խոստման հույսին: Ընդ որում, զրահամեքենաներ, որոնցից նույն Ուկրաինան հրաժարվել էր, քանի որ դրանք վատ են պաշտպանված հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից: Այսինքն, կատարյալ անպետքություն են: Բայց նույնիսկ նման զենքի պարագայում Եվրամիությունը փաստացի հրաժարվում է ֆինանսավորել, այսինքն՝ եթե նույնիսկ դրանք տրամադրվեն, ֆինանսական բեռը մնում է Հայաստանի վրա: Իսկ «եվրոպական» փողերը Ֆրանսիա են գնում Ուկրաինայի համար:

Ըստ էության, Արևմուտքը Հայաստանին «խաղից դուրս» է թողնում՝ միևնույն ժամանակ մեզ փորձելով օգտագործել Ռուսաստանի դեմ իրենց նպատակներում: Այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են խորացնել իրենց խաղը Արևմուտքի հետ, որի նպատակը, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, ի սկզբանե եղել է բացառապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելը: Ու սա՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ մեկ անգամ առիթ եղել է համոզվելու, որ հավաքական Արևմուտքը խոստումներից այն կողմ ոչինչ չի անում, և հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կարող է մնալ բացարձակ միայնակ թշնամու դեմ, չնայած գուցե Փաշինյանը հենց դրան էլ ձգտում է:

Ի վերջո, չմոռանանք, որ բոլոր այն նարատիվները, որ առաջ է քաշում մասնավորաբար Ալիևն ու, ընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմը, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն նույնությամբ կրկնում են, այլև նույնիսկ զարգացնում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու: Բանն այն է, որ վերջիններս վարժական հավաքների կազմակերպման դժվարին գործն են անում խիստ ծանրաբեռնված ռեժիմով. հիմա էլ ամառային զորակոչն է մեկնարկելու ու գերլարված վիճակը ավելի կկրկնապատկվի:

Ըստ նրանց՝ հատկապես քաղծառայողները այդ ամենը անում են ամսական 108.000 դրամ աշխատավարձի դիմաց. «Առավոտյան 9-ից մինչեւ 18:00 վազքի մեջ են, ու նրանց աշխատավարձի վերանայում չի եղել»: Եվ սա այն պայմաններում, երբ մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղը բավականին թանկացել է, եւ այդ պայմաններով ուղղակի անհնարին է դարձել ապրելը զինկոմիսարիատի աշխատակիցների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի առնչությամբ դիմեց ՊՆ, սակայն նախարարությունից մեկնաբանություն չտվեցին մեր տեղեկության վերաբերյալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաստաբանական, նոտարական համայնքներին հավելյալ հարկելու օրենսդրական փոփոխության նախագիծը թերեւս կմնա անփոփոխ եւ կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկվելիք նիստերի օրակարգում՝ երկրորդ ընթերցման։ Խոսքը փաստաբաններին, նոտարների ավելացված արժեքի հարկով հարկելու մասին է, որի նախագիծն անցած նիստերին ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երկրորդ ընթերցումից առաջ աշխատանքային փակ քննարկում են անցկացրել, որին մասնակցել են նաեւ նոտարներ, մի խումբ փաստաբաններ՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ։

Մեզ պատմեցին՝ որքան էլ փաստաբանները ՔՊ-ականներին համոզել, բացատրել են, որ փոփոխությունից տուժելու են քաղաքացիները, քանի որ ավելանալու են փաստաբանական ծախսերը, եւ դա չի լինելու իշխանության օգտին, միեւնույն է՝ ՔՊ-ն չի նահանջել։ Պատրաստ են ընդառաջել փաստաբանների միայն այն առաջարկին, որ նոր ընդունվող փոփոխությունը չկիրառվի՝ հետադարձ ուժ չունենա այն շահառուների համար, որոնք մինչ այդ օրենքի ընդունումը պայմանագրեր են կնքել: Առաջարկ է եղել, որ չտարածվի անվճար ծառայությունների դեպքում, սակայն այդ առաջարկն էլ ՔՊ-ականների կողմից ո՛չ մերժում է ստացել, ո՛չ հաստատում: Ասել են` դա դժվար վերահսկելի կլինի։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում անշեղորեն հաջողվող եզակի բաներից մեկն էլ պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր օղակներում շիլաշփոթ ստեղծելն է: Հետևանքը՝ համակարգային շփոթ: Խոսակցական բառուբանով ասած՝ «բարդակ»: Քիչ հույսեր կան, որ քննությունը կպարզի, թե նախօրեին գազաբենզալցակայանի պայթյունի հետ կապված ինչն ինչոց է, բայց հուսանք՝ կպարզի: Մինչ այդ ուշադրություն գրավեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հայտարարությունը, թե՝ «Գազ օիլ» ընկերության այդ լցակայանը օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել ու, իր կարծիքով, այն ենթակա էր փակման: Դրան հետևեց «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Այվազյանի հակադարձ հայտարարությունը, որ իրենց մոտ օրենքի հետ կապված, ինչպես ասում են, «բոլոր թուղթութանաքները տեղում են», որոնք ինքը կներկայացնի:

Նա, ընդհանրապես, կարծում է, որ տեղի ունեցածը պատվեր է, օբյեկտը պայթեցված է: Բայց սրանք իրավապահների պարզելիքն են: Ոչ պակաս էական է պետական կառավարման համակարգի խնդիրը: Ի վերջո, ի՞նչ է նշանակում՝ լցակայանը ենթակա էր փակման: Եթե իսկապես ենթակա էր, ապա ինչո՞ւ փակված չէր: Եթե մարզպետն իրավացի է, ու կայանը գործել է, ապա պարզ է, չէ՞, որ պատասխանատվությունը նաև նրանց վրա է, ովքեր վերահսկողություն պիտի իրականացնեին դյուրավառ նյութերի իրացմամբ, վառելիքի լիցքավորմամբ զբաղվող ընկերության նկատմամբ: Այդ դեպքում, այն էլ՝ կատարվածից հետո, նման հայտարարության իմաստը ո՞րն է: Ախ, հա՜, չէ՞ որ Հայաստանում քպական իշխանություն է, ու հետևաբար՝ ինչ էլ լինի, իրենք մեղավոր չեն: Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես: Փաշինյանի ու նրա ենթակաների կարգախոսն անփոփոխ է. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ մեղավոր չենք ճանաչում»:

Բայց այս դեպքում մեղքը պատկան կառույցների վրայից գցելը հակառակ արդյունքը տվեց: Լավ, եթե ստուգել են, եթե կասեցման ենթակա էր, այդ դեպքում ինչպե՞ս են թույլատրել գործունեությունը: Եթե թույլատրել են, ապա պիտի որ ամեն ինչ համապատասխանե՞ր շահագործման պահանջներին: Եթե համապատասխանել է, ապա ինչպե՞ս տեղի ունեցավ պայթյունը, հրդեհը, նման ծանր հետևանքներով: Պարզ է մի բան. երբ կառավարման համակարգում շփոթ է, նման դժբախտություններն ու աղետներն անխուսափելի են, լինի դա «Սուրմալուի» պայթյունը, գազալցակայանի պայթյունը և այդպես շարունակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Փաստաբանների հանդիպումն ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ այդքան էլ արդյունավետ չի անցել, ու վերջիններս հանդիպումից հետո վստահ են, որ խնդրահարույց օրենքը երկրորդ ընթերցմամբ կընդունվի, ու իրավիճակից կտուժեն ՀՀ քաղաքացիները: Ուստի, փաստաբանական համայնքում կրկին կրքեր են թեժանալու. տեսնենք, թե որն էլ լինելու նրանց հաջորդ քայլը։

Ինչպես հայտնի է, Փաստաբանական համայնքը մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։

Փաստաբանները Ազգային ժողովից պահանջում են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները: Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետեւանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ՝ վճարվելու է նաեւ շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է: Այսինքն՝ փաստաբանական ծառայության գներն էապես կբարձրանան։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Ստեպռոկետ» ՍՊԸ-ի հետ, որով 30 շենքի համար տեխնիկական վիճակի հետազոտությունների եւ եզրակացության տրամադրման ծառայություն է ձեռք բերել։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ համայնքապետարանը որոշել է ուսումնասիրել այդ 30 շենքերի ընդհանուր վիճակը: Թե ուժեղ երկրաշարժերից հետո ինչ վիճակում են եղել դրանք, երբ են վերանորոգվել, ինչպիսի սեյսմակայունություն ունեն, պետք է բացահայտեր վտանգավոր ու վթարային տեղերի առկայությունը եւ այլն։ Պայմանագրի կնքումից ընդամենը 4 օր հետո ուժեղ ջրհեղեղը մեծ ավերածություններ պատճառեց Ալավերդի քաղաքին։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Դժվար չէ նկատել, որ ցանկացած լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը «մարտի» է նետում ոչ միայն իր քպականներին, այլև իրավապահներին: «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը ևս բացառություն չէ: Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները քափուքրտինք մտած վիրավորում են Հայ առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին, բերետավորները վայրագություններ են անում, այս «ճակատամարտին» միանում են նաև դատախազությունը, քննչականը և այլն, և այլն:

Ինչո՞ւ է բոլորի հետ այսպես վարվում Փաշինյանը, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ է բոլորին «փչացնում»: Մեր ունեցած տեղեկություններով, այսպիսով նա փորձում է մի քանի հարց լուծել: Նախ՝ իրավապահների ճնշումների միջոցով առաջին հերթին իր թիմին ցանկանում է ցույց տալ, որ տիրապետում է վիճակին, որ դեռ իշխանություն ունի: Նույն այդ թիմակիցներին, նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչներին «փչացնելով»՝ փաստացի բոլորին դարձնում է անհայրենիք, որպեսզի մի կողմից՝ ինքը միայնակ չլինի այդպիսին, միայն ինքը մեղավոր չլինի, և երկրորդ՝ որ թե՛ իր թիմակիցները, թե՛ իրավապահները հանկարծ հետդարձի ճանապարհ չունենան, այսինքն՝ մեղքով, մեղավորությամբ ամբողջովին կապված լինեն իր հետ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը դարձել է Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քայլերի լեյտմոտիվը` թելադրողը, այլեւ՝ հոգեվիճակի։ Հինգշաբթի օրը՝ կուսակցական փակ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը «Լեոպոլդ կատվի արկածները» հայտնի մուլտֆիլմի հերոսին է հիշեցրել՝ հանդես գալով իրեն ոչ բնորոշ հանդարտությամբ եւ «Ребята, давайте жить дружно» ոճում։ Բանն այն է, որ քաղաքային խնդիրներին վերաբերող փակ նիստը բավականին բուռն ընթացք է ստացել, եւ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բզկտել են Երեւանի փոխքաղաքապետերին՝ դժգոհելով առկա խնդիրներից. քաղաքում խրամատներ հիշեցնող փոսերից սկսած, վերջացրած հանրային տրանսպորտով։ Նիկոլ Փաշինյանը, հրշեջի գործառույթ ստանձնած, մարել է բորբոքված կրքերը, խաղաղեցրել թիմակիցներին, որ՝ այո, կան խնդիրներ, բայց այնպես չէ, որ դրանք չեն լուծվում, խնդիրը միայն տեմպի, ժամկետների մեջ է, որոնք գուցե ոչ օբյեկտիվ պատճառներ ունեն։

ՔՊ-ական աղբյուրի կարծիքով՝ իրականում Փաշինյանն այս շրջանում մի խնդիր է լուծում` պահել թիմի միասնականությունը եւ ոչ մեկին չնեղացնել: Եթե ամիսներ առաջ լիներ նման խոսակցություն, նա ուսապարկերին ուղղակի քսի կտար Ավինյանի դեմ, կթողներ, որ իրար հոշոտեին, իսկ ինքը` հանդիսատեսի կարգավիճակ ընդունած, կհրճվեր այդ տեսարանով։ Ի դեպ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի մասնակցել նախաձեռնող խմբի նիստին` ինչ-որ միջոցառման մասնակցելու պատրվակով: Չնայած նիստը սկսվել է երեկոյան 7-ից հետո։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում