Թեհրանը հերքում է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը
Նմանատիպ
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքում է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը, «Ազատությանը» հայտնեցին Իրանի դեսպանատնից:
Մեհդի Սոբհանիի համոզմամբ՝ այդ տեղեկատվության աղբյուրը ոչ հավաստի մի լրատվամիջոց է, որը հայտնի է Իրանի մասին միակողմանի վերլուծություններով և ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու պատմությամբ:
Նա ընդգծել է, որ այդօրինակ տեղեկություն տարածելու նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա: Հայաստանում Իրանի դեսպանը շեշտում է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման հաստատմանը:
Iran International կայքը նախօրեին տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը և Իրանը շուրջ 500 միլիոն դոլարի ռազմատեխնիկական գործարք են կնքել: Կայքը պնդել էր, թե այդ գործարքի շրջանակներում Թեհրանը Երևանին է մատակարարելու Շահեդ 136, Շահեդ 129, Շահեդ 197 դրոններ, օդային պաշտպանության հրթիռային համակարգեր և այլն:
Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն 2 օր է ակտիվորեն շրջանառում են այս տեղեկությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում