Դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկման դատապարտել Հրայր Թովմասյանին
Նմանատիպ
Դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործն արդեն ավարտական փուլում է։ Նախօրեին կայացած նիստի ընթացքում հանրային մեղադրողը ճառով է հանդես եկել՝ պահանջելով մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին և դատապարտել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով։
Ի դեպ, մեղադրական ճառը դատախազը հրապարակել է Հրայր Թովմասյանի և նրա կողմից ընտրված պաշտպանների մասնակցության։ Մասնավորապես, դրան նախորդող նիստերի ընթացքում դատական սանկցիա է կիրառվել Թովմասյանի նկատմամբ, իսկ պաշտպան Արամ Օրբելյանի դատավորի միջև վիճաբանություն է եղել՝ միջնորդություններ ներկայացնելու հարցի շուրջ, Օրբելյանը լքել է նիստերի դահլիճը, տուգանվել, իսկ պաշտպան Միհրան Պողոսյանը դադարեցրել է Թովմասյանի պաշտպանությունը, ըստ այդմ, վերջիններս ներկա չեն եղել նիստին։ Դատարանի որոշմամբ՝ գործով հանրային պաշտպան է ներգրավվել, որի ներկայությամբ է հրապարակվել մեղադրանքի ճառը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում