ՌԴ-ում հայտարարել են, որ Հայաստանից ներկրվող կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ
Նմանատիպ
Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հայտարարության մեջ։
Նշվում է, որ ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ: Արտադրանքը ձեռք է բերվել Ռուսաստանի տարբեր առևտրային ցանցերից և ուղարկվել է Գարեջրի, ոչ ալկոհոլային և գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա:
Արդյունքում խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշներում, ինչը կազմում է ընդհանուրի 89%-ը: Արտադրանքի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ, ինչը հակասում է կոնյակի չափանիշներին։ Միայն 23 նմուշ է լիովին համապատասխանել նորմերին և ՌԴ օրենսդրությանը:
Այդ կապակցությամբ «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ ՀՀ-ից ներկրվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ հսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ այն ներմուծվում է Վրաստանի տարածքով։
Ինչպես նշված է համապատասխան դիմումներում, Հայաստանից ներկրվող կեղծ ալկոհոլային արտադրանքը պայմաններ է ստեղծում անբարեխիղճ մրցակցության և գների դեմպինգի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում