Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործի իմաստը շոու սարքելն է
Նմանատիպ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով հերթական դատական նիստը, որը տևեց ընդամենը 20 րոպե:
Նիստի ընթացքում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հանդես եկավ ինքնապաշտպանական ճառով, հիմնականում մեղադրելով պաշտպանական կողմին դատական նիստերը հետաձգելու համար։
«Ընդհանուր առմամբ Դատարանի կողմից նշանակված է եղել 132 դատական նիստ, որոնցից 73-ը հետաձգվել են ամբաստանյալների ու նրանց պաշտպանների, իսկ 31-ը՝ Հրայր Թովմասյանի բացակայության պատճառով»,- ասաց դատավորը:
Ըստ Տաթևիկ Գրիգորյանի՝ Հրայր Թովմասյանը լինելով ՍԴ նախագահ, միտումնավոր ՍԴ նիստերը նշանակել է հենց այդ օրերին ու հենց դատական նիստի ժամերին, որով արհեստական դատավարական հիմք է ստեղծել դատական նիստերը հետաձգելու համար:
Դատական նիստի ավարտից հետո Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հերքեց դատավորի կեղմից հնչեցրած բոլոր մեղադրանքները, շեշտելով, որ այս գործով վաղեմության ժամկետը վաղուց անցել է, հետևաբար պաշտպանական կողմը նիստերը ձգձգելու միտում չունի:
«Արդարադատության անկախությունն ապահովող կառույցները փոխանակ արդարադատության բուն էությանը անդրադառնան՝ քրեական գործեր են քննում սարսափելի մեծ դեֆեկտներով, բայց չէ, պետք է նիստեր լինեն, վկաներ քննեն, ինչ-որ մարդիկ գան, «թամաշա» անեն, շոու սարքեն»,- հավելեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում