Ի հեճուկս թշնամիների սպասումների՝ Աշոտ Երկաթը նախահարձակ է եղել Սևանում և ծովային մարտում ջախջախել թշնամուն. տեսանյութ
Նմանատիպ
9-րդ դարի կեսին օգտվելով հարմար աշխարհաքաղաքական իրադրությունից՝ հայկական խոշոր նախարարական տները կաթողիկոսի միջնորդությամբ և ջանքերով կարողացան կոնսենսուսի հասնել՝ որոշելով վերաստեղծել հայոց թագավորությունը Բագրատունիների իշխանաց տան թագավորության ներքո: Ճիշտ է, ժամանակի աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ էր պետականության վերականգնման համար, սակայն Բարատունիների առաջին շրջանը բավականին բարդ ընթացք ունեցավ: Հիմնական պատճառն այն էր, որ Ատրպատականում հաստատված Սաջյան ամիրայությունն ամեն ինչ անում էր Հայաստանի նկատմամբ գերիշխանության հասնելու համար, միաժամանակ առիթը բաց չէր թողնում խաղալու հայ իշխանաց տների հակասությունների վրա՝ դրանով իսկ փորձելով թուլացնել ու ջլատել Բագրատունյաց Հայաստանը:
Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ Աշոտ Երկաթ Բագրատունին պատմության թատերաբեմ իջավ այնպիսի բարդագույն իրավիճակում, երբ Սաջյանների բանակը ներխուժել էր Հայաստան ու գերևարել Սմբատ արքային՝ Աշոտ Երկաթի հորը: Չլիներ երկաթյա կամքը՝ Աշոտ Բագրատունին չէր շարունակի արաբ նվաճողների դեմ ազատագրական պայքարը, քանզի պայքարի համար ստարտային պայմանները բարենպաստ չէին: Այնուամենայնիվ, Սաջյանների մոտ պատանդության շրջան անցած և նրանց համակարգը ուսումնասիրած Աշոտ գահաժառանգը ուժ գտավ իր մեջ ու թշնամիների համար անսպասելի տակտիկական հնարքներով կարողացավ հաղթական պատերազմ վարել, ազատագրել Հայաստանն ու իրեն հաջորդածներին թողել անկախ, ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված հայոց թագավորություն:
Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ պատահական չէ այն հանգանանքը, որ Աշոտ Երկաթի խաչափայտը համարվում է հայկական բանակի պահապան խաչը: Աշոտ Երկաթի անձնազոհ պայքարի արդյունքում է միջնադարում վերականգնվել լիովին անկախ հայոց թագավորությունը և այդ պայքարի խորհրդաբանությունը մեր օրերում էլ շարունակում է պահպանել իր արդիականությունն ու դարերի խորքից եկող սերունդներին հղված ազդակները:
Աշոտ Երկաթ Բագրատունի արքայի ազատագրական պայքարի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում