Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը կալանավորվել է
Նմանատիպ
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը կալանավորվել է՝ երկու ամսով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 3-ին ձերբակալվել են «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատիոն Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալությունն առնչվում է ապօրինի շինթույլտվությունների տրամադրմանը։
Դարբինյանին ու Աբովյանին ձերբակալելուց առաջ իրավապահները խուզարկություններ են իրականացրել նրանց աշխատասենյակում։
Այս պահին դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե վարույթն իրականացնող մարմինն արդյոք Դարբինյանին ևս մեղադրանք ներկայացրել է, թե՝ ոչ, ինչպես նաև որեւէ խափանման միջոց ընտրվել է, թե ոչ։ Համենայն դեպս՝ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրան կալանավորելու միջնորդություն չի մուտքագրվել դատարան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում