Սևանի ափին վեր խոյացող Հայրավանքը հայոց պատմության լավ ու վատ օրերի կանգուն վկան է․ տեսանյութ
Նմանատիպ
9-րդ դարում հիմնադրված Հայրավանքը, որը հայտնի է նաև Հայր Հովհաննու վանք և Մարդաղավնյաց վանք անվանումներով, չի դադարեցրել իր գործունեությունը հայոց պատմության, անգամ, ամենադժվարին փուլերում: Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ Զաքարյանների իշխանապետության շրջանում` 1211թ.-ին, եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։ Հայրավանքի պարսպապատ բակում կան 16-րդ դարով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր, իսկ պարսպից դուրս պահպանվել են խցերի և տնտեսական շենքերի ավերակներն։ 1980-ական թվականներին վանքը վերանորոգվել է, իսկ եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Հայրավանքի հետ կապված կա հրաշքի մասին հետաքրքիր ավանդապատում, որը 18-րդ դարում` ավանդապատումի առաջացումից շուրջ 450 տարի անց, գրի է առել Ղազար Ջահկեցի կաթողիկոսը: Ըստ ավանդազրույցի` Լենկ Թեմուրի ավերիչ արշավանքի ժամանակ Սևանի ավազանի բնակչությունը փորձել է պատսպարվել Հայրավանքում, և տեղի Հովհանն հոգևորականը Քրիստոսի խաչափայտի մասունքով հրաշք է գործում` մարդկանց վերածում է աղավնիների և այդ կերպ փրկում նրանց բնաջնջումից: Պատահական չէ, որ Հայրավանքի հետ է կապված ավանդազրույց, որը վերաբերվում է դեպի Հայաստան ասիական քոչվորների ավերիչ արշավանքներին: Փրկության խորհրդաբանությունն, ինքնին, կարևոր դեր է ունեցել միջնադարյան Հայաստանի պատմության ամբողջ շրջանում, ընդ որում` թե երկրային, և թե երկնային փրկության համատեքստում:
Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ միջնադարում քոչվորական արշավանքների և ընդհանրապես «քոչվորական քաղաքակրթության» հետ առընչությունները նոր և բավականաչափ անծանոթ երևույթ էին նստակյաց ժողովուրդների, այդ թվում` հայերի համար, որոնք չունեին նոր իրողությունների հետ հարաբերվելու մշակված մոդել: Քոչվորական մշակույթի հետ բախումը, այն էլ` սեփական Հայրենիքում, հայ ժողովրդին կագնեցրել է ողբերգական իրավիճակների առջև, և Հայ Առաքելական Եկեղեցին այն եզակի ազգային ինստիտուտն էր, որ ծանրագույն իրավիճակներում կարողացել է ստանձնել ինքնությունը պահպանելու և ազգը համախմբելու գործառույթ:
Հայրավանքի և դեպի Հայաստան ասիացի քոչվորների արշավանքների պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում