Սողոմոնյանը վաճառում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ու դուրս գալիս պրոֆեսիոնալ ֆուտբոլից
Նմանատիպ
Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր ու նախագահ Արթուր Սողոմոնյանը վաճառում է ֆուտբոլային ակումբը։ Այդ մասին Սողոմոնյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ ակումբի պաշտոնական էջում։
Նման որոշման պատճառը, ինչպես նշել է Սողոմոնյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության՝ ավելի քան երկու տարի ձգվող հալածանքն է։
«Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը»,-իր խոսքում շեշտել է Սողոմոնյանը։
Նա նաև նշել է, որ վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող լքել են հայկական ֆուտբոլը` ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարության պատճառով։
«Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում։ Վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբային փառահեղ պատմությունը, որը վերջին տարիներին ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև հայտնի է դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս»,-ասել է Սողոմոնյանն ու հավելել, որ չնայած դրան՝ շարունակելու է ներդրումներ անել մանկապատանեկան ակադեմիայում։
«Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունն ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ»-եզրափակել է Արթուր Սողոմոնյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում