Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
Նմանատիպ
Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին՝ հայտնում է հեղինակավոր Մյունսթերի համալսարանը։ Գերմանիայի հինգերորդ խոշորագույն համալսարանը փոխանցում է հայ-գերմանական հնագիտական թիմի համատեղ բացառիկ հնագիտական պեղումների վերաբերյալ իր տեղեկությունները։
Հանրային ռադիոյի փոխանցմամբ, դրանք ներկայացված են «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածում։
Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաքսատա քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։
Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թևեր՝ տեղեկությունը բացառիկ լուսանկարներով ու նյութերով հիմնավորում է գերմանական հեղինակավոր Մյունսթերի համալսարանը, որը գեոինֆորմատիկայի և աշխարհագրական տեխնոլոգիաների առաջատար կենտրոններից է։ Հենց այս համալսարանի մասնագետներն են հայ հնագետների հետ ներկայում պեղումներ անում Արարատի մարզում՝ Խոր Վիրապի մոտակայքում։
«Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը մեջբերում է Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիյտենբերգերին, ըստ որի՝
«Հայ գերմանական «Արտաքսատա» հնագիտական ծրագրի վրա աշխատող թիմը հայտնաբերել և պեղել է եկեղեցու առանձին մասերը և ուսումնասիրել եկեղեցին՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդներ: 4-րդ դարի թվագրվող շինությունը երկրի հնագիտական փաստաթղթերով հնագույն եկեղեցին է՝ Հայաստանում վաղ քրիստոնեության աղմկահարույց վկայությունը»։
Համալսարանի հոդվածը հղում է անում նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ Զարդարյանին։
«Մինչ այժմ ութանկյուն եկեղեցիներ այստեղ հայտնի չէին, բայց մենք դրանք լավ գիտենք Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան մասից, որտեղ դրանք ծագել են մ.թ. 4-րդ դարից»։
Արարատյան դաշտավայրում պեղումներով հայտնաբերված եկեղեցական կառույցը տիպաբանորեն համապատասխանում է վաղ քրիստոնեական համալիրներին։ Խաչաձև տարածվող կառույցում հետազոտողները հայտնաբերել են նաև փայտե հարթակների մնացորդներ, որոնք, ըստ ռադիոածխածնային մեթոդով թվագրման, մ.թ. 4-րդ դարի կեսերի են: Ութանկյուն կառույցի տրամագիծը մոտ 30 մետր է, ունեցել է պարզ շաղախով հատակ և հախճապակյա սալիկներ։ Իսկ մարմարե գտածոները ցույց են տալիս, որ կառույցը շռայլորեն զարդարված է եղել Միջերկրական ծովից բերված այս նյութով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում