Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են
Նմանատիպ
Ժնևում անցկացված Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման հարցում համաձայնության հասնելու շեմին են: Այս մասին գրում է SPUTNIK Արմենիան։
«Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 13 կետի շուրջ»,-ասել է նա։
«Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է։ Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք, օգտվել պահից և միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար»,- ավելացրել է ԱԺ նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Հայաստանն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի 16 կետից 13–ը, իսկ հետո վերջնական տեսքի բերել ու համաձայնության գալ մյուս 3 կետի շուրջ։ Բաքուն մերժել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում