ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկել է Ֆլորիդայի Պալմ Բիչ շրջանում, հաղորդում է CNN-ը։

«Դոնալդ Թրամփը քվեարկել է Ֆլորիդայում։ Նախկին նախագահը ժամանել է իր ընտրատեղամաս՝ Պալմ Բիչ, կնոջ՝ Մելանիա Թրամփի ուղեկցությամբ», – նշված է նյութում։

Հանրապետականների թեկնածուի թիմակիցը՝ Օհայո նահանգի սենատոր Ջեյ Դի Վենսը, որը առաջադրված է որպես փոխնախագահի թեկնածու, մինչ այդ քվեարկել էր իր նահանգի Ցինցինատի քաղաքում։

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ քվեարկել է փոստով։

Թրամփը ընտրատեղամասում լրագրողներին հայտնել է, որ կընդունի իր պարտությունը, եթե համոզված լինի, որ պարտվել է արդար ճանապարհով։

«Մինչ այժմ ամեն ինչ արդար է», – հավելել է նա։

«Ես ինձ շատ վստահ եմ զգում։ …Լսել եմ, որ մեր դիրքերը լավ են ամբողջ երկրում։ …Թվում է, թե մենք զգալի առավելություն ունենք», – նշել է նա՝ հավելելով, որ իր թիմի համար այս նախագահական քարոզարշավը լավագույնն է եղել։

Բացի այդ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԱՄՆ ընտրական գործընթացը չափազանց բարդ է, և ընտրությունները պետք է անցկացվեն թղթային քվեաթերթիկներով։

Այս տարի նախագահական մրցավազքը տեղի է ունենում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, ով ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, և փոխնախագահ Քամալա Հարիսի միջև, ով առաջադրվել է Դեմոկրատական կուսակցությունից։ Դեմոկրատների փոխնախագահի թեկնածուն Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցն է, իսկ Թրամփի փոխնախագահի թեկնածուն՝ Օհայո նահանգի սենատոր Ջեյ Դի Վենսը։

Քվեարկությունն ընթանում է ամբողջական անորոշության պայմաններում: Եթե 2020 թվականին հաղթեց հարցումների առաջատար Ջո Բայդենը, ապա այս ընտրություններում ակնհայտ առաջնորդ չկա։ Թրամփի և Հարիսի աջակիցների կանխատեսվող թվերի տարբերությունը խիստ փոքր է և գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում։

ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անց են կացվում նաև Կոնգրեսի ընտրությունները, որոնց ընթացքում պայքարն ընթանում է ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի և Սենատի մեկ երրորդի համար։ Քվեարկության արդյունքները կորոշեն ոչ միայն ապագա նախագահին, այլև ուժերի դասավորությունը Կոնգրեսում, ինչը կարևոր նշանակություն կունենա նոր վարչակազմի օրենսդրական նախաձեռնությունների առաջխաղացման հեռանկարի համար։

Այսօր ընտրատեղամասերը բացվել են, և սկսվել է քվեարկության ակտիվ փուլը, սակայն ավելի քան 76 միլիոն ընտրող արդեն քվեարկել են փոստով կամ նախապես։

Հետևեք մեզ նաև Telegram-ում