«Սկսվում է Ամերիկայի ոսկե դարաշրջանը»․ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը
Նմանատիպ
Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը: Նա նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում հայտարարել է՝ սկսված է Ամերիկայի ոսկե դարաշրջանը։
Թրամփը հավատարմության երդում տվեց Սահմանադրությանը և երկրին, ինչպես 2017-ին իր առաջին երդմնակալության ժամանակ։
«Այս օրվանից մեր երկիրը լինելու է ամենահարգվածն ամբողջ աշխարհում։ Մեզ կնախանձեն բոլորը, և մենք թույլ չենք տա որևէ մեկին օգտագործել մեզ, ինչպես նախկինում էր։
Մեր ինքնիշխանությունը կվերադառնա մեզ, մեր անվտանգությունը կվերականգնվի։ Այս պահից դադարում է Ամերիկայի անկումը»,- իր ելույթում նշեց նա։
ԱՄՆ 47-րդ նախագահը երդվեց պաշտպանել, պահպանել և աջակցել ԱՄՆ Սահմանադրությանը:
Արարողությանը ներկա են գտնվել նախկին նախագահներ Ջո Բայդենը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման, ինչպես նաև միլիարդատերեր Ջեֆ Բեզոսը, Մարկ Ցուկերբերգը, Սունդար Պիչայը, Թիմ Քուքը և Իլոն Մասկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում