Թուրքիան գազի շուկայում փորձում է փոխարինել Ռուսաստանին․ Politico

Թուրքիան գազի շուկայում փորձում է փոխարինել Ռուսաստանին․ Politico

Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Այդ մասին փոխանցել է Politico պարբերականը:

Այս քայլը համընկել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման հետ, ինչը ստիպել է եվրոպական երկրներին գազի նոր աղբյուրներ փնտրել:

Բանակցությունները դադարեցվել էին 2019 թվականին Թուրքիայի և ԵՄ անդամ Կիպրոսի միջև լարվածության պատճառով։ Այնուամենայնիվ, Թուրքիան այժմ նպատակ ունի վերսկսել դրանք։

ԵՄ-ում Թուրքիայի դեսպան Ֆարուք Քայմաքչին ասել է, որ էներգետիկ համագործակցությունն առանցքային կետ է Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Էներգետիկայից բացի օրակարգում են առեւտրային համաձայնագրերը և համատեղ ջանքերն Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

Դեսպանը նշել է, որ Հարավային գազային միջանցքով արդեն մատակարարվում է 18 մլրդ խորանարդ մետր գազ՝ հիմնականում Ադրբեջանից։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է ընդլայնել այդ երթուղին՝ այն կապելով Միջերկրական ծովի ռեսուրսների հետ։

Քայմաքչին ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասն աջակցում է Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցության զարգացմանը՝ ի տարբերություն Կիպրոսի։

«Թուրքիան արդեն իսկ կարևոր դեր է խաղում ռուսական գազի տարանցման գործում Սև ծովի հատակով անցնող «Թուրքական հոսք» խողովակաշարով»,- շեշտել է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում