Google-ն արհեստական բանականությունը կօգտագործի ռազմական նպատակներով

Նմանատիպ
Google-ը ետ է կանգնել զենքի և լրտեսման համար արհեստական բանականություն չկիրառելու իր սկզբունքից։ Այս մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ Google-ն իր կայքում թարմացրել է «ԱԲ սկզբունքները» (AI Principles), որոնք արհեստական բանականության կիրառմանը վերաբերող կանոնների շարք են։ Ցուցակից հանվել է այն կետը, որում ասվում էր, որ IT-հսկան չի զբաղվի զենքով և տեխնոլոգիաներով, որոնք ուղղակի կամ անուղղակի կվնասեն մարդկանց և կօգտագործվեն լրտեսման համար։
Հին «ԱԲ սկզբունքներ»-ն արխիվացվել են վեբ կայքում: Խմբագրված տարբերակում զենքի և լրտեսության մասին հիշատակումները հանվել են։ Ինչի արդյունքում CNBC-ի լրագրողները համարել են, որ կորպորացիան իրեն թույլ է տվել արհեստական բանականությունն օգտագործել ռազմական նպատակներով։
«Բարդացող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում գլոբալ մրցակցություն է ընթանում AI-ի ոլորտում առաջատարի համար»,- այսպես է մեկնաբանել Google DeepMind-ի գլխավոր տնօրեն Դեմիս Հասաբիսն AI-ի օգտագործման թարմացման վերաբերյալ: Google-ում նշել են, որ ժողովրդավարությունները պետք է առաջնորդեն AI-ի զարգացումը և կողմնորոշվեն ազատության, հավասարության և մարդու իրավունքների հարգանքի հարցում:
CNBC-ի հեղինակները նկատել են, որ «ԱԲ սկզբունքներ»-ի նախորդ տարբերակում նշվում էր, որ ընկերությունը «հաշվի կառնի սոցիալական և տնտեսական գործոնների լայն շրջանակը»: Խմբագրված տարբերակում ասվում է, որ Google-ը «գործելու է այնտեղ, որտեղ կարծում է, որ ընդհանուր հավանական օգուտները զգալիորեն գերազանցում են կանխատեսվող ռիսկերն ու թերությունները»:
Ըստ տեղեկությունների՝ հունվարի կեսերին ամերիկյան Open AI ընկերությունն իր չաթ-բոտը ռազմական նպատակներով օգտագործելու արգելքը հանել էր։ Թարմացված տարբերակը պահպանել է միայն իրեն կամ ուրիշներին վնաս պատճառելու համար նեյրոցանցը չկիրառելու դրույթը, ներառյալ զենքի արտադրությունը կամ օգտագործումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում