Ակնկալիքս ու կանխատեսումս այն է, որ Գյումրին ունենալու է ընդդիմադիր համայնքապետ․ Ռուբեն Մխիթարյան

Ակնկալիքս ու կանխատեսումս այն է, որ Գյումրին ունենալու է ընդդիմադիր համայնքապետ․ Ռուբեն Մխիթարյան

«Իմ պատկերացրած Գյումրին ոչ միայն Հայաստանի հայերի հայրաքաղաքն է, այլև համայն հայերի հայրաքաղաքն է, որովհետև Գյումրին մեր ժողովրդի համար բոլոր դժվար ժամանակահատվածներում իսկապես հայրություն է արել իր որբերին․ Ցեղասպանության ժամանակ մազապուրծ եղած, փրկված որբերին է հայրություն արել, Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝ Սովետական Հայաստանի զոհված հերոսների երեխաներին, երկրաշարժի ժամանակ՝ արհավիրքից հետո որբացած երեխաներին է տիրություն արել, հիմա մեր Արցախի հայրենակիցներին է հայրություն անում»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է իր պատկերացրած Գյումրին:

Մխիթարյանը խոսել է նաև Գյումրու ապագայի մասին՝ ընդգծելով՝ իր պատկերացրած Գյումրին շարունակողն է Լենինականի փառահեղ ավանդույթների, բայց Գյումրին իր հզորագույն ավանդույթներով հանդերձ՝ պետք է լինի ժամանակակից ու զարգացող քաղաք։

Ինչ վերաբերում է ընտրապայքարին, ապա Ռուբեն Մխիթարյանը ընդդիմության թեկնածուների շանսերը բարձր է գնահատել։ Մրցակցային ֆոն, ինչպես նշել է նա,  ստեղծելու են հենց ընդդիմադիրները։

«Ես չեմ կարծում, որ այս ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներն իրենց մրցակից են համարում իշխանական թեկնածուին, որովհետև իշխանական թեկնածուի շանսերի մասին ավելի լավ է՝ մտածեն իշխանության ներկայացուցիչները, որոնք, ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի մեթոդների են դիմում՝ դեռևս պայքարը չսկսած»,- ասել է նա։

Մխիթարյանը հավելել է․ «Ակնկալիքս ու կանխատեսումս այն է, որ Գյումրին ունենալու է ընդդիմադիր համայնքապետ»։

Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն շեշտել է՝ իրենց առաքելությունը տանելու են մինչև վերջ, չեն նահանջելու, չեն հոգնելու․

«Չենք տրտնջալու, չենք հոգնելու, չենք վախենալու, որովհետև այն ամենը, ինչի մասին թե՛ ես, թե՛ իմ թիմակիցները խոսում ենք և խոսելու ենք, այդ ամենի տակ պատրաստ ենք ոչ միայն ստորագրել, այլև մեր անցած ճանապարհով ենք ապացուցել, որ կարողանում ենք իրականացնել։

Այն ամենը, ինչը նախկինում ասել ենք, իրականացրել ենք, հիմա էլ, ինչի մասին խոսում ենք, պատրաստ ենք և կարող ենք իրականացնել։ Մեր տարբերությունը հենց դրա մեջ է, որ մենք ասում ենք այն, ինչը կարող ենք անել։ Մնացածն ասում են այն, ինչը նույնիսկ այս պետությունը չի կարող անել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում