Հայաստան – ՀԱՊԿ. կորսված հնարավորություններ և ռազմավարական օրակարգ

Հայաստան – ՀԱՊԿ. կորսված հնարավորություններ և ռազմավարական օրակարգ

Նոյեմբերի 28–ին Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը: Գագաթնաժողովից ստացված ամենահնչեղ լուրը, թերևս, Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին՝ 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատելը եղավ։ Այս հարցը ՀԱՊԿ անդամ երկրների համար քաղաքական լուրջ տարաձայնությունների պատճառ էր՝ կապված այն փաստի հետ, որ դեռևս 2018թ. նոյեմբերի սկզբին հայկական կողմը, նախքան իր լիազորությունների ժամկետի ավարտը, հետ էր կանչել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից և այդպես էլ չի կարողացել հաստատել իր նոր թեկնածուին այդ՝ մեզ համար շատ կարևոր պաշտոնում։ Իր հերթին Բելառուսը չի վարանել օգտվել ստեղծված իրավիճակից, և ամեն ինչ արել է, որպեսզի իր թեկնածուն, ժամանակից մեկուկես տարի շուտ, նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Արդյունքում թե՛ Հայաստանի, թե՛ Բելառուսի և թե՛ կազմակերպության անդամ այլ երկրների համար կարևոր այդ խնդիրն ավելի քան մեկ տարի բաց մնաց՝ դառնալով նոր տարաձայնությունների և վեճերի պատճառ։ Ու չնայած Բելառուսին վերջապես հաջողվեց հաստատել Զասին այդ կարևոր պաշտոնում, այնուամենայնիվ պարզ է, որ դեռևս ամեն ինչ չէ հարթված, ու հայկական կողմը ՀԱՊԿ-ում իր դիրքերը վերականգնելու լուրջ խնդիր ունի։

Հայաստանի առաջնայնությունները

2015թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության նախագահությունը։ Տաջիկիստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց կառույցում Հայաստանի առաջնայնությունները, որոնք էին՝

  • ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացում՝ համաձայն Կազմակերպության օրենսդրության և ժառանգորդության սկզբունքի հիման վրա:
  • ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացում:
  • ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը:
  • ՀԱՊԿ համակարգի ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, խաղաղապահ ներուժի մեծացում, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խորացում, տարանցման և տեղափոխման լոգիստիկ բաղկացուցչի օպտիմալացում (1):

Նույն ելույթում Հայաստանի ղեկավարը նշել էր նաև, որ մեր երկիրը մտադիր է կենտրոնանալ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ ձևերի դրսևորումներին համատեղ հակազդման հարցերի վրա:

Ընդամենը մեկ տարի անց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարեց, որ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարությունը (2): Եվս մի քանի ամիս անց՝ 2017թ. ապրիլին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Նշված ժամանակաշրջանը կարելի է բնութագրել որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության ամենաարդյունավետ փուլերից մեկը։ Այդ ընթացքում մեր երկիրը ոչ միայն կարողացավ մեծացնել իր ազդեցությունը ՀԱՊԿ առաջնայնությունների հստակեցման և մշակման գործընթացների վրա, այլև գործուն մեխանիզմներ ձեռք բերեց կառույցի՝ ամենօրյա գործունեությունը համակարգելու և դրա վեկտորը դեպի մեր տարածաշրջան ուղղելու հարցում։ Պաշտոնական Երևանը, ինչպես նաև հայկական փորձագիտական հանրությունը մեծ կարևորություն էին տալիս այն փաստին, որ հենց Հայաստանի ներկայացուցիչն է համակարգում ՀԱՊԿ-ի գործունեությունը մինչ 2025թ. իրագործվելիք ռազմավարության առաջին փուլում։ Հայկական կողմն այդպիսով վստահություն ուներ առ այն, որ ՀԱՊԿ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Հարավային Կովկասում առկա տարատեսակ սպառնալիքներին և հատկապես ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։

Եվ իրապես, 2016-2017թթ. աչքի ընկան Հայաստանի շահերն արտահայտող ՀԱՊԿ հայտարարությունների քանակի մեծացմամբ ու բովանդակության խստացմամբ։ Բացի այդ, պաշտոնական Երևանը լուրջ ջանքեր էր ներդնում հավաքական անվտանգության մեխանիզմների թե՛ մշակման ու կյանքի կոչման և թե՛ դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ուստի, պատահական չէ, որ երկրի ղեկավարները Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում և այդ կառույցի միջազգային հեղինակության բարձրացումը համարում էին մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Չիրացված հնարավորություններ

ՀԱՊԿ կազմում Հայաստանի գործունեության նշված ակտիվությունը խաթարվեց 2018թ. մեր երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո։ Հայաստանի նոր իշխանությունները, հետամուտ լինելով իրենց առջև դրված ներքաղաքական խնդիրների լուծմանը, նույն թվականի հուլիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու որոշում են կայացնում (3)։ Այս լուրը սառը ցնցուղի էֆեկտ է ունենում ոչ միայն Հայաստանում, այլև ՀԱՊԿ անդամ այլ երկրներում։ Մեր երկրի անվտանգության համակարգում կարևոր նշանակություն ունեցող այդ կառույցի միջազգային հեղինակությանը չափազանց ուժեղ հարված է հասցվում, ինչը բացասական մեծ ազդեցություն է ունենում նաև Հայաստան – ՀԱՊԿ անդամ այլ պետություններ հարաբերությունների վրա։ Այդ պահից սկսած՝ պաշտոնական Երևանը սկսում է ընկալվել նրանց կողմից որպես անվստահելի գործընկեր, ինչի պատճառով Հայաստանի իշխանություններին այդպես էլ չի հաջողվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել մեր երկրի մեկ այլ ներկայացուցչի։ Եվ դա չնայած այն հանգամանքի, որ Յու. Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռևս մոտ 2 տարի կար։ Ժամանակահատված, որն այնքան կարևոր էր ՀՀ նախկին իշխանությունների՝ վերոնշյալ ծրագրերը կյանքի կոչելու համար, բայց որն այդպես էլ չօգտագործվեց Փաշինյանի կառավարության կողմից։

Բացի նրանից, որ Յու. Խաչատուրովին կալանավորելու և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու հետևանքով Հայաստանը կորցրել է այդ կառույցում սեփական օրակարգն առաջ տանելու մեծ դժվարությամբ ձեռք բերված հնարավորությունները, ինչպես արդեն նշեցինք, լուրջ դժվարություններ առաջացան նաև ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ հարաբերություններում։ Եվ սա արդեն խնդիր է, որը լուծելու համար պաշտոնական Երևանին ժամանակ ու մեծ ջանքեր պետք կգան։

Ամեն ինչ բարդանում է նաև այն հանգամանքով, որ անվտանգային այդ կարևոր կառույցում Հայաստանի ու ՀԱՊԿ անդամ այլ երկրների սպասումներն ու առաջնահերթությունները չափազանց տարբեր են։ Մինչ Հայաստանի հիմնական ակնկալիքն այն է, որ ՀԱՊԿ պոտենցիալը կարող է ծառայեցվել Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ագրեսիվ գործողությունները կասեցնելու նպատակով, Միջին Ասիայի երկրներին ավելի հուզում է նարկոտրաֆիկի և ծայրահեղական-ահաբեկչական կազմակերպությունների ակտիվությունն իրենց սահմաններում և անգամ դրանցից ներս։ Սրան էլ գումարվում է նաև Ռուսաստանի ու Բելառուսի աշխարհաքաղաքական շահը, որն ի դեմս ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ին դիմագրավելու և տարբեր թեժ կետերում միջազգային ուժերի հակակշիռ ստեղծելու ապագա գործիք է տեսնում։ Բացի այդ, իրավիճակը Հայաստանի համար դժվարանում է նաև այն հանգամանքով, որ ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ բավական լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ և չեն ցանկանում իրենց քաղաքական-տնտեսական շահերը դույզն ինչ ստորադասել Հայաստանի անվտանգային խնդիրներին։

Այս ամենով հանդերձ, սակայն, Հայաստանը կարող է և պետք է մշակի այնպիսի օրակարգեր, որոնք կնպաստեն թե՛ մեր երկրի դերի բարձրացմանը ՀԱՊԿ-ում և թե՛ ՀԱՊԿ պոտենցիալն արդյունավետ օգտագործելու գործին։ Այս խնդիրների լուծուման համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր առաջարկներ և նոր նախաձեռնություններ։ Սակայն, չնայած Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում ի հայտ եկած խնդիրներին, մեր երկրի իշխանությունները, կարծես, չեն շտապում այդ հարցում։ Ակնհայտ է, որ հայկական կողմից կա նախաձեռնությունների դեֆիցիտ, ինչն էլ ավելի է օտարացնում Հայաստանը ՀԱՊԿ անդամ այլ երկրների աչքերում։

Խնդիրների հաղթահարման ուղին

Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի ակնկալիքները ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունից հիմնականում առնչվում են անվտանգության ռազմական բաղադրիչին՝ զենք-զինամթերք ձեռք բերելու առավել հարմար պայմաններ, համատեղ զորախմբեր, պաշտպանական համակարգեր և այլն։ Ընդ որում, այդ ակնկալիքներն ընդգծված ռազմականացված են ոչ միայն իշխանությունների՝ նախկին և ներկա, այլև հանրության շրջանում։ Հանրության շրջանում՝ առավել ևս, որովհետև ՀՀ քաղաքացիների զգալի մասի սպասումն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանում արձանագրված ամեն կրակոցից հետո ՀԱՊԿ-ը պետք է պատերազմ հայտարարի Ադրբեջանին։ Ու հետո, երբ դա տեղի չի ունենում, մարդիկ սկսում են կասկածով խոսել ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության նպատակահարմարության մասին։ Արդյունքում ի հայտ են գալիս նոր շահարկումներ, հիասթափություն և ՀԱՊԿ գործընկերներին ուղղված անհարկի մեղադրանքներ։

Կառավարության՝ ՀԱՊԿ պոտենցիալի ռազմական բաղադրիչի վրա չափից շատ կենտրոնացումն էլ, իր հերթին, բերում է կառույցի այլ հնարավորությունների ընկալման սահմանափակում արդեն պետական մակարդակում, ինչը, վերջին հաշվով, նախ թուլացնում է ՀԱՊԿ-ում Հայաստանի դերակատարումը (եթե չասենք՝ արհեստական խնդիրներ է ստեղծում Կազմակերպության անդամ այլ պետությունների հետ) և երկրորդ թույլ չի տալիս անվտանգային այդ կառույցը ծառայեցնել հայկական պետությունների և ընդհանրապես՝ ժողովրդի համար կարևոր այլ ոլորտներում։

Ի դեպ, հիշատակված երևույթը բնորոշ է նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրներին։ Տպավորություն է, թե նրանցից յուրաքանչյուրը ՀԱՊԿ գործոնն օգտագործում է բացառապես Ռուսաստանին հարգանքի տուրք մատուցելու և հենց Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու նպատակով։ Այսինքն՝ հավաքական շահի ընկալումը ՀԱՊԿ անդամ երկրներում թույլ է զարգացած, ինչի պատճառով ամեն երկիր փորձում է վերմակն իր կողմ քաշել՝ հաճախ անգամ վտանգելով դաշնակից այլ երկրների շահը։

ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների ղեկավարները ժամանակ առ ժամանակ իրենց գործընկերների ուշադրությունն են հրավիրում այդ փաստի վրա։ Բայց կրկին, որպես կանոն դա արվում է միայն այն ժամանակ, երբ տվյալ երկիրը կանգնում է ՀԱՊԿ անդամ այլ երկրից բխող որոշակի խնդրահարույց հարցերի առջև։

Այդ իրողությունն առավել տարօրինակ է հատկապես այն պարագայում, եթե հաշվի առնենք, թե որքան տարբեր խնդիրներ լուծելու մեխանիզմներ կան ՀԱՊԿ-ում՝ ընդհանրական մարտահրավերներին դիմագրավելու համար։ Դա և՛ ռազմական անվտանգությունն է, և՛միջազգային տարբեր հարթակներում համագործակցությունը, և՛ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցությունը, և՛ կրթությունը, և՛ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, և՛ ապօրինի միգրացիայի կանխումն ու կասեցումը, և՛ կիբերանվտանգությունը, և՛ ծայրահեղական գաղափարների քարոզի ու ահաբեկչական կառույցների դեմ պայքարը և այլն։

Օգտագործելով տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինք լինելու իր կարգավիճակը՝ ՀԱՊԿ-ն արդեն միջազգային կազմակերպության մակարդակով համագործակցում ու իր անդամ պետությունների շահերն է պաշտպանում այլ միջազգային կառույցների՝ ԱՊՀ, ՇՀԿ, ՄԱԿ և այլոց հետ։ Անվտանգային խնդիրներ է լուծում Մերձավոր Արևելքում, Սև ծովի ավազանում, Առաջավոր Ասիայում և այլուր։ Այս ամենը նպաստում է ոչ միայն ՀԱՊԿ՝ որպես միջազգային կազմակերպության հեղինակության մեծացմանը, այլև բաձրացնում է այդ կառույցի անդամ մնացած բոլոր պետությունների ազդեցությունն իրենց տարածաշրջաններում և միջազգային քաղաքական գործընթացներում։ Եվ ահա այս հնարավորություններն են, որ գրեթե հաշվի չեն առնվում Հայաստանի իշխանությունների և փորձագիտական հանրության կողմից։

Հայաստանը պետք է ՀԱՊԿ հնարավորությունների ավելի լայն ընկալմամբ քաղաքականություն մշակի և փորձի նոր օրակարգեր առաջարկել Կազմակերպությանն ու դրա անդամ այլ պետություններին։ Բնականաբար, այդ օրակարգերը չեն կարող սահմանափակված լինել միայն Հայաստանի անվտանգային շահերով։ Այս հարցում պետք են լուծումներ, որոնք կլինեն համընդհանուր հետաքրքրությունների տիրույթում, ինչը թույլ կտա նաև վերականգնել Հայաստանի հեղինակությունը ՀԱՊԿ անդամ այլ երկրների շրջանում։ Եվ սա կարևոր նպատակ է, որին հասնելու համար Հայաստանը պետք է ներգրավի երկրի փորձագիտական, քաղաքական, տնտեսական և ռազմական կարողությունները։

Ռազմաքաղաքական ուժեղ դաշինքին անդամակցությունը, այդկերպ, կնշանակի նաև երկրի անվտանգային բոլոր մարտահրավերների հաղթահարման ավելի հեշտ մեխանիզմներ և, հետևաբար, նաև պաշտպանվածության մակարդակի մեծացում։ Ըստ այդմ, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՀԱՊԿ նշանակության և այդ Կազմակերպությունից ակնկալվող օգուտների ընկալման փոփոխություն և նոր տրամաբանություն է պահանջվում։ Եվ եթե դա տեղի ունենա, եթե Հայաստանը սկսի նոր օրակարգեր մշակել ՀԱՊԿ համար, ապա կարելի կլինի ակնկալել, որ ռազմաքաղաքական այդ դաշինքն ապագայում կարող է զբաղվել նաև այնպիսի հարցերով, ինչպիսիք են Հայաստանի հակառակորդների աշխարհաքաղաքական նկրտումների սահմանափակումն ու կասեցումը, Հայաստանի բարեկամ, բայց ոչ ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմաքաղաքական և ռազմատնտեսական աջակցության ցուցաբերումը, այլ տարածաշրջաններում (օրինակ, Մերձավոր Արևելքում) հայության շահերի պաշտպանությունը և այլն։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն


Հղումներ

1. Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԶԼՄ ներկայացուցիչների առջև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով, 15.09.2015թ.
2. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքների վերաբերյալ, 14.10.2016թ.
3.Դատարանը Յուրի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել. որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել է թույլատրելի, Արմենպրես, 28.07.2018թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում