Հաջորդ տարվանից անշարժ գույքի ներդրվող հարկով կնվազեն վարչարարությունն ու հաշվետվությունների քանակը. ՀՀ վարչապետ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին, որի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության որոշմամբ հաստատված «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից:ՀՀ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով և գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, դրանց վերաբերող հարկային հաշվետվությունների վերացումը և վարչարարության զգալի պարզեցումը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ օրենքն նախատեսվում է ուժի մեջ մտնել 2015թ. հունվարի 1-ից, ուստի, վարչապետի դիտարկմամբ, քննարկումն Ազգային Ժողովում պետք է սկսել այսօրվանից: «Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Տիգրան Սարգսյանը:

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկվող օբյեկտ համարվող անշարժ գույքի համար այդ օրենքով սահմանված կարգով Հայաս­­­տանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախ­­­ված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում