«Ղարաբաղցիները վիրտուալ մտքերից հեռու են». Մովսես Հակոբյանը՝ ԵՏՄ-ին անդամակցումից բխող խոսակցությունների մասին

Ստեփանակերտ այցի ժամանակ  Times.am-ի թղթակիցը  զրուցել է Արցախի ՊԲ հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:

 

-Ի՞նչ է փոխվել  օգոստոսյան դեպքերից հետո, ի՞նչ դասեր քաղեցինք, ի՞նչ հետևություններ արեցինք, չնայած որ հակառակորդի կորուստները տասն անգամ ավելին էին: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը մի առիթով ասաց, թե օգոստոսյան դեպքերը կարող են մեկ տարի հետո կրկնվել, ուստի պետք է ռուս-հայկական դաշինքն ամրապնդվի:

-Չեմ փորձի որևէ մի քաղաքագետի  ասածը մեկնաբանել, բայց  դասեր քաղել ենք և մենք, և Ադրբեջանը: Ադրբեջանը կարծում եմ հասկացել է, որ ԼՂ-ի հետ նմանատաիպ գործողությունները երբևէ հաջողություն  չեն բերի: Դասեր քաղել ենք նաև մենք այն առումով, որ չնայած այս գործողությունների ընթացքում մենք կարողացանք հակառակորդին պատժել, բայց նաև կորուստներ ունեցանք: Մենք պիտի կարողանանք մեր սահմանները պահել առանց կորուստների, ուստի հետևություններ  և համապատասխան գործողություններ ենք  կատարել:

-Այդ հետևությունները վերաբերում են հենակետերի վերազինմա՞նը:

– Մենք բավականին հարցեր ենք լուծել, բավականին միջոցներ ենք ձեռքբերել գիշերն անվտանգ մարտական հերթապահություն ապահովելու համար: Բոլոր դիրքերում ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որպեսզի մեր զինվորները անհրաժեշտության դեպքում անվտանգ կրակ բացեն հակառակորդի ուղղությամբ, ինչպես նաև արդյունավետ պաշտպանվեն հակառակորդի խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակոցներից: Վերջին տարիներին մենք բավական քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր ենք ձեռք բերել և այսօր առաջնագծում չկա դիրք, որ այդ սարքերից չունենա: Դրան գումարած  ջերմադիտարկման  սարքեր, որ կարողանանք հակառակորդին մինչև մոտենալը հայտնաբերել: Աշխատանքներ ենք տանում մի քանի կազմակերպությունների հետ, որ առաջին գծի վերահսկողությունը էլեկտրոնային տարբերակով իրականացվի: Աշխատանքներ ենք տանում նաև  անձնակազմի անվտանգության հետ կապված, որ ոչ միայն ինչպես նշեցի՝ տեսնի հակառակորդին, այլ նաև ինքն իրեն պաշտպանի: Աշխատանքներ են տարվում նաև ժամանակ առ ժամանակ  դարանների տեղադրման հետ կապված: Օրինակ, նախագահների հանդիպումից առաջ կամ հետո հակառակորդն ակտիվանում է, մենք դա հաշվի ենք առնում, բայց սա անընդհատ պիտի անենք, դա չպետք է պայմանավորված  լինի  միայն  հակառակորդի գործողությամբ:

-Ես տեղյակ եմ, որ խնդիրներ կան  մեքենաների հետ կապված, ասենք՝ զորամասի  հրամանատարը  կարող է դիրքեր բարձրանալիս  ճանապարհին  մնալ, որովհետև մեքենան տեխնիկապես «առողջ» վիճակում չէ:

-Այո, տեխնիկական միջոցների՝ ավտոմիբիլային պարկի թարմացման հետ կապված խնդիրներ կան, բայց ասեմ, որ այսօր 30 ավտոմեքնա ենք ստացել՝ անձնակազմի տեղափոխման համար ավտոբուսներ և ծառայողական մեքենաներ: Սա աշխատանք է, որը կատարվում է,  այս տարի պլանավորված է, որ նոր  միջոցներ ունենանք: Այդպիսի վիճակ չի, որ մտահոգման տեղիք է տալիս, բայց սա շարունակական գործընթաց է, որովհետև ավտոմոբիլային տեխնիկան անընդհատ պիտի թարմացվի: 

-Սպաներից շատերը  նաև սոցիալական՝ բնակարանային  լուրջ խնդիրներ ունեն: Կարճ ասած՝ տուն չունեն:

Սոցիալական ոլորտի պահով պիտի ասեմ, որ զինծառայողների համար ամեն ինչ արվում է, մասնավորապես՝  ամեն ինչով  հարմարեցված և անձնական ամենօրյա պարագաներով լավ  զինանոցներ, լավ կահավորված ճաշարաններ: Ինչ վերաբերում է բնակարանային խնդիրներին, ապա քայլեր այս ուղղությամբ ևս ձեռնարկվում են: Սակայն այստեղ օրենսդրական որոշակի փոփոխություններ ենք պետք, եթե սա կատարվի, ամեն ինչ լավ կլինի: Այս ուղղությամբ քննարկումներ ընթանում են ԱԺ նախագահների մակարդակով: Իսկ  բնակարաշինության հարցը մենք պիտի լուծենք: Ասեմ, որ ԼՂՀ նախագահն իր առջև խնդիր է դրել, որ այս հարցը լուծելու է, իսկ նա ինչ ասում է, անպայման անում է: Այս մի քանի օրվա ընթացքում մի քանի լուրջ ծրագիր է հաստատվել, ստորագրվել, որով  մեկը 22 բնակարան է սարքում, մյուսը՝  40, բայց հիմնականը պետական միջոցներով է իրականացվում: Սա խնդիր է մեզ համար:

-Շարքային արցախցու տեսանկյունից, Ձեզ բավարարո՞ւմ է  Արցախում ստեղծված ներկայիս վիճակը կամ տնտեսական զարգացումը:

Ես շարքային  քաղաքացի չեմ, ես նախարար եմ (ժպտում է): Բայց ես գտնում եմ, որ  այսօր Լեռնային  Ղարաբաղի իշխանություն անում է ավելին, քան հնարավոր է, որ ժողովրդի տնտեսական կենսամակարդակը բարձրանա: Բայց դա չի նշանակում, որ ինչ գոյություն ունի, այդ ամեն ինչը բավարարում է: Բայց կրկնում եմ՝ ինչ-որ չափով կառավարությանը հաջողվում է քաղաքացիների պահանջները բավարարել և սրա մասին նաև քաղաքացիներն են ասում:

Ուզած թե չուզած Արցախը կապված է  Մայր Հայաստանի հետ,  հիմա ՀՀ-ի ընդունած  որոշումներն ի՞նչ  ազդեցություն են  ունենում Արցախի վրա և որքանո՞նվ է այս  պարագայում Արցախն ինքնուրույն իր որոշումներում: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված մտահոգություններ չկա՞ն:

-Իհարկե՝ ոչ: Ի տարբերություն շատերի՝ ղարաբաղցիները շատ ռեալ, օպտիմիստ ժողովուրդ են և վիրտուալ կամ մտացածին մտքերից հեռու են: Ղարաբաղցու տարբերությունը նրանում է, որ իրենք իրատես են: Հետո՝ Ղարաբաղը դա Հայաստանն է, եթե ճակատագրի բերումով երկու հայկական պետություն են…,բայց այն օրենքները, որ ընդունվում են ՀՀ-ում,  ընդունվում են նաև այստեղ: Կարծում եմ ոչ մեկի մոտ միտք չկա, որ ապագայում  երկու հանրապետություն կարող է լինել:

Այսինքն՝  ուզում  եք ասել, որ  ՀՀ-ի և Արցախի միջև մաքսակետ տեղադրելը վիրտուալ մտքերի շարքի՞ց է:

– Ի՞նչ մաքսակետ, մաքսակետ չի լինի, չի կարող լինել: Դա տեխնիկապես անգամ հնարավոր չէ: Դուք սահմա՞ն եք անցել: Պատկերացնո՞ւմ  եք, որ ես և դուք սահման անցնենք:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևան-Ստեփանակերտ

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում