Փաշինյանի ուղերձը. քաղաքական շահ vs պետության շահ

Փաշինյանի ուղերձը. քաղաքական շահ vs պետության շահ

Երեկ Նիկոլ Փաշինյանը բավական երկար ուղերձով հանդես եկավ՝ փորձելով հանրությանը ներկայացնել իր գործունեության վերջին մեկ ամիսների «ձեռքբերումները», դրանք ներկայացնելով որպես «պատմական ու աննախադեպ»։ Ըստ էության, իր կեսժամանոց խոսքում նա առանցքային ոչ մի նորություն չասաց, սակայն մի քանի դրվագներ, թերևս, արժանի են առանձին անդրադարձների։

Հերթական անգամ նա հանրությանը փորձեց ներկայացնել պատմական չափանիշով «գործնական հաղթանակ», սակայն քննադատական հայացքից այն բացահայտում է մի շարք վտանգավոր պրակտիկաներ ու քաղաքական սխալներ։ Փաշինյանի ուղերձի տվյալ թեզերը ցուցադրում են իշխանության պահպանման և հանրության վրա կառավարման ուղիղ նպատակադրություն, որի առաջնային մեխանիզմը քաղաքական ինժեներիայի դասական կանոններն են՝ իրականության գեղեցիկ փաթեթավորումներ և գոյություն ունեցող խնդիրների արդարացում։

Տարածքային զիջումների հիմնավորման մասով Փաշինյանը փորձում է ներկայացնել իրավիճակը բանակցություններով լուծվող պրոցեսի տրամաբանությամբ, ինչը ստվերում թողնում է այն հիմնահարցը, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը փաստացի խախտման գործընթացի մեջ է։ Ավելին՝ տարածքային զիջումներն արդարացնելու մեխանիզմը հագեցած է հին քաղաքական հնարներով՝ բանակցություններ և փոխանակումներ ներկայացնելով որպես անխուսափելի, իսկ իրականության աղերսները՝ որպես տուժող կողմի պարտավորություն։

Արցախի հարցի փակման և տեղահանված արցախցիների վերադարձի անհնար լինելը ներկայացվում է ոչ միայն որպես անհերքելի իրողություն, այլև որպես հասարակության վրա մի յուրահատուկ ճնշում․ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ «ժողովուրդը հասկացել է» և համակերպվել իր՝ իշխանության բոլոր քայլերի հետ։ Այս թեզի տիրաժմամբ Փաշինյանն առաջին անգամ հանրությանը (նաև ընդդիմությանը) բաց տեքստով մեղադրում է այն բանում, որ «պետության հետ տեղի ունեցող ողբերգություններում միայն ես չեմ մեղավոր», կամ այլ մենաբանմամբ՝ «թույլ եք տվել, արել եմ»։ Այս տրամաբանությունը ամբողջովին տեղավորում է իմպիչմենտի գործընթացը ձախողելու և դրան չմիանալու ընդդիմության մի հատվածի կեցվածքն ու դրսևորած վարքագիծը։

Անհավասարակշիռ և վտանգավոր է դիտարկվել նաև նահատակների հիշատակման կոնտեքստում Փաշինյանի դիրքորոշումը․ «նահատակների հիշատակի խնկարկումը պետք է վերանայենք»․ սա առաջին հերթին Եռաբլուրի անարգման բացահայտ կոչ էր․ Փաշինյանը հանրությանը համոզում է գերեզմանաքար դնել Եռաբլուրում հանգնչող հազարավոր նահատակ հայորդիների վրա՝ մարդկանց փորձելով նրանց նահատակությունը ներկայացնել բացառապես այլ պրիզմայով (ինպես հայտարարում էր Աննա Հակոբյանը՝ «նրանք զոհվել են հանուն ոչինչի»

Ըստ էության, սա փորձ է սեփական քաղաքական օրակարգը և իշխանության ամրապնդումը կապել ազգային սրբությունների և պատմական ողբերգությունների միջոցով։ Փաշինյանը նման կերպ փորձում է ստուգել հանրության հոգեբանական արձագանքը։ Սա ոչ միայն խեղաթյուրում է հասարակության մոտ ընկալվող պատմական հիշողությունը, այլև ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ որտեղ պետական սրբությունները կարող են դառնալ քաղաքական շահարկման գործիք։

Այս ամբողջ տրամաբանությունը մեկ ամբողջական քաղաքական պատկերի մեջ ցույց է տալիս, որ Փաշինյանի ուղերձը ոչ միայն տեղեկատվական, այլև հոգեբանական, կառավարչական գործիք է՝ հանրային ընկալումը կարգավորելու, իրական խնդիրներն ու քաղաքացիների հույսերը վերահսկելու համար։ Ամբողջ ուղերձի տրամաբանությունը միտված է իշխանության պահպանմանը՝ հանրության զգացմունքներն օգտագործելով որպես վերահսկման մեխանիզմ, իսկ խնդիրների իրական արժեքը՝ ինչպես տարածքային ամբողջականությունը, փախստականների հարցը, քաղաքացիական իրավունքները, տեղադրված է երկրորդ պլան։ Փաշինյանի հռետորաբանությունը ոչ միայն շեղում է ուշադրությունը հիմնարար քաղաքական խնդիրներից, այլև հանրությանը ենթարկում է հոգեբանական ճնշման՝ ներկայացնելով իր քայլերը որպես անխուսափելի և ողջամիտ, անկախ ապագայի հետևանքներից։

Ամփոփելով, արձանագրենք, որ Փաշինյանի խոսքում պետության և ժողովրդի շահը դրվում է քաղաքական շահի ներքո, իսկ հանրային ընկալումը կառավարվում՝ հռետորական հնարքների միջոցով, ինչը վտանգավոր նախադեպ է Հայաստանի հետագա քաղաքական մշակույթի համար և խորացնում վստահության ճեղքերը իշխանության ու քաղաքացիների միջև։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում