Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում, Վաշինգտոնում, Լոնդոնում, Պեկինում. Սամվել Կարապետյանի ուղերձը՝ հանրահավաքի ժամանակ
Կարդացեք նաև
«Արդեն գրեթե մեկ տարի ես գտնվում են կալանքի տակ եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության, պատերազմի, վախի մեջ, պառակտված վիճակում»,- Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի մասնակիցներին հղած ուղերձում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ թեև անձամբ ժողովրդի կողքին չէ, բայց միանում է բոլորի ձայներին. «Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն ենք բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։
Հիմա թող նրանք լսեն մեզ՝ երբ ասում ենք փոփոխությունը գալիս է։
Հարգելի հայրենակիցներ, մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը, պաշտպանությունը։ Եվ մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն, ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որն իսկապես կերաշխավորի խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով։
Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր, երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն, լցնում սեփական գրպանները, այլ հակատակը՝ դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության։
Արդարությունն ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում, Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում։
Ես այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ»։
Նա նշեց, որ վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով, նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետև հենց այդ ամսին սկսվեց 44-օրյա պատերազմը, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հարձակումը, Արցախի բռնի հայաթափումն ու էթնիկ զտումը։
«Պատերազմները, որտեղ Փաշինյանը պարտվեց։ Մի՞թե մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար ևս մի պատերազմ պարտվի։ Համոզված եմ՝ թույլ չենք տալու։ Իմ խոստումն է՝ մեր հաղթանակի և իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ գալիք սեպտեմբերն ու դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։
Սիրելի հայրենակիցներ, մի հուսահատվեք։
Մենք այլևս թույլ չենք լինելու. ուժեղ ենք լինելու Մոսկվայում, վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները։
Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգոտնում, Լոնդոնում, Պեկինում»,- ասաց Ս.Կարապետյանը։
Նա նշեց, որ պետք չէ հուսահատվել ռեպրեսիաներից ու հետապնդումներից։
«Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալեն, կալանավորեն, բայց նրանք չենք կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։ Նրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով, երբեք չենք մոռանալու, որ Հայ Առաքելական եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը
Մեզ ընտրություններում մեծ հաղթանակ է պետք, որպեսզի ավելի արագ իրականացնենք այն մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է մեր ժողովուրդը։
Ուժը ձեր ձեռքերում է։ Դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն, միասին՝ ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն և բարեցիկ կյանք։
Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա։
Փոփոխությունների ժամանակը եկել է, շուտով ես ձեզ հետ կլինեմ, մեկ վայրկյան չկասկածեք՝ արդարությունը հաղթելու է, ուժեղ Հայաստանը հաղթելու է»,- իր ուղերձում ասաց Ս.Կարապետյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում