Արցախահայության վերադարձի հարցը ՀՀԿ առաջնահերթություններից է․ Հայկ Մամիջանյան

Արցախահայության վերադարձի հարցը ՀՀԿ առաջնահերթություններից է․ Հայկ Մամիջանյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել է, որ իրենց քաղաքական ուժի օրակարգում արցախահայության վերդարձի թեման եղել և շարունակում է մնալ առաջնահերթ։ Մամիջանյանը նաև շեշտել է, որ նախընտրական փուլում, երբ քաղաքական դաշտն ակտիվ է, և տարբեր ուժեր հանդես են գալիս հիմնականում տնտեսական բնույթի հայտարարություններով, հանրային ուշադրության կենտրոնում համեմատաբար քիչ է հայտնվում արցախցիների վերադարձի հարցը։

Նա հիշեցրել է, որ ՀՀԿ վերջին՝ 18-րդ համագումարի բանաձևում առանձին կետով ամրագրված է Արցախի հայության՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքը։ Նրա խոսքով՝ իշխանության կողմից առաջ քաշվող մոտեցումը, թե այդ հարցերի մասին խոսելը կարող է սրել իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։

Մամիջանյանը շեշտել է, որ թե՛ միջազգային իրավունքի նորմերով, թե՛ քաղաքական փաստաթղթերով ամրագրված են այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին են ինքնորոշման և հայրենիք վերադառնալու իրավունքները, և դրանցից հրաժարվելը չի կարող լինել ընդունելի քաղաքականություն։ Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ նույնիսկ այդ թեմաներից խուսափելը չի հանգեցրել Ադրբեջանի կողմից հռետորաբանության մեղմմանը։

Անդրադառնալով իշխանության՝ ընդդիմության հասցեին արված մեղադրանքներին՝ մասնավորապես ՀՅԴ վերաբերյալ հնչող գնահատականներին, Մամիջանյանը դրանք անվանել է անհիմն և իրականությունից կտրված։ Նա ընդգծել է, որ Արցախի հայաթափումը տեղի է ունեցել գործող իշխանությունների կառավարման շրջանում և նրանց քաղաքականության հետևանքով։

Մամիջայանը քննադատել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի թափանցիկության պակասը՝ մատնանշելով, որ հրապարակային հայտարարությունները հաճախ հակասում են իրական զարգացումներին։ Որպես օրինակ նա նշեց, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար առաջ են քաշվում նոր նախապայմաններ, որոնք նախապես չեն ամրագրվել պաշտոնական փաստաթղթերում։

Մամիջանյանի խոսքով՝ սա հիմք է տալիս ենթադրելու, որ կարող են գոյություն ունենալ չհրապարակված պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում