ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին

ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հասցեին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է ինչպես դիվանագիտական, այնպես էլ ուժային տարբերակների։

Նրա խոսքով՝ Իրանը կանգնած է ընտրության առաջ․ կարող է ընտրել «բարգավաճ ապագա» և գնալ համաձայնության ճանապարհով, կամ բախվել լուրջ հետևանքների։

«Ինչպես նշել են մեր բանակցողները, դուք կարող եք ընտրել ոսկե կամուրջը և ապահովել ձեր ժողովրդի բարեկեցությունը։ Մենք հույս ունենք, որ կընտրեք այդ ճանապարհը», — նշել է նա։

Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է պահպանել շրջափակումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի՝ այն բնութագրելով որպես «հաջող»։

Նա նաև զգուշացրել է, որ «սխալ ընտրության» դեպքում Իրանը կարող է ենթարկվել լայնածավալ հարվածների՝ ենթակառուցվածքների, էլեկտրացանցերի և էներգետիկ համակարգերի դեմ։

Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեթի ղեկավարությամբ մեկնարկում է «Տնտեսական զայրույթ» գործողությունը՝ ուղղված Իրանի կառավարության նկատմամբ տնտեսական ճնշման առավելագույն ուժեղացմանը։

Պաշտոնյան ընդգծել է, որ ԱՄՆ-ը կարող է արագ անցում կատարել ռազմական գործողություններից դեպի լայնածավալ շրջափակում և հակառակը՝ «ավելի մեծ ուժով, քան երբևէ»։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կապահովի, որպեսզի Իրանը երբեք չստանա միջուկային զենք։

Միաժամանակ նշվել է, որ Վաշինգտոնը նախընտրում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, սակայն չի բացառում «բարդ ճանապարհը», եթե Իրանը չընտրի համագործակցության տարբերակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում