Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ հարվածների մասին
Կարդացեք նաև
Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական օբյեկտներին Մերձավոր Արևելքում՝ կիրառելով բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդագրությունների, որոնք հրապարակել են Tasnim և IRIB գործակալությունները, գործողությունն իրականացվել է երկու փուլով՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ առափնյա դիրքերի, ոստիկանական օբյեկտների և Բենդեր Աբբասի օդանավակայանի տարածքի դեմ իրականացված հարվածների։
Իրանական կողմի պնդմամբ՝ թիրախավորվել են տարածաշրջանում գտնվող մի շարք կարևոր ռազմական օբյեկտներ։ Մասնավորապես, Հորդանանում 12 բալիստիկ հրթիռ է արձակվել Ալ-Ազրակ ավիաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են F-15, F-16 և F-35 կործանիչներ։
Հաղորդվում է նաև, որ Բահրեյնում անօդաչու սարքերով հարվածներ են հասցվել ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի օբյեկտներին և Շեյխ Իսա ավիաբազային։
Բացի այդ, հրթիռային հարվածների են ենթարկվել Ալի Ալ-Սալեմ և Ահմադ Ալ-Ջաբեր ավիաբազաները։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ խոցվել է ամերիկյան զինված ուժերին պատկանող 18 կարևոր թիրախ։
Տարածաշրջանում ռազմական իրավիճակի սրման ֆոնին Քուվեյթի իշխանությունները հայտարարել են երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակելու մասին՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ներկայացված տեղեկությունները հիմնված են իրանական պաշտոնական և կիսապաշտոնական աղբյուրների հաղորդումների վրա և հրապարակման պահին անկախ հաստատում չեն ստացել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում