Արևմտյան առաջնորդները մասնակից են դարձել նոր բռնապետի կայացմանը. Ռոբերտ Քոչարյան

Արևմտյան առաջնորդները մասնակից են դարձել նոր բռնապետի կայացմանը. Ռոբերտ Քոչարյան

«Ամեն մի քաղաքական ուժ պատասխանատու է իր ցուցակի համար»,- այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի ցուցակով անցած մարդիկ չեն կարող որևէ կասկած առաջացնել։ Քոչարյանի պնդմամբ՝ անցած 5 տարին ցույց է տվել, որ պայքարող են, անզիջում պայքարող ոգի ունեցող մարդիկ են:

Քոչարյանը նման կերպ պատասխանել է ընտրողներին հուզող այն հարցին, որ հնարավոր է՝ իշխանությունները փորձեն ընդդիմադիր պատգամավորներից «գողանալ» և այդպիսով ստանալ սահմանադրական մեծամասնություն։

Նա կանխատեսել է, որ ՔՊ-ի կողմից կլինեն ճնշումներ, նման փորձեր, բայց ամեն մի քաղաքական ուժ պետք է կարողանա վերահսկել իր ցուցակը։

Ռոբերտ Քոչարյանը նաև հիշեցրել է, որ «Հայաստան» դաշինքը իր մանդատները 5 տարվա ընթացքում զուգորդել է նաև փողոցային պայքարի հետ, առնվազն երկու մեծ ցիկլ պայքար է ունեցել.

Հասե՞լ ենք մեր նպատակին, կարծում եմ՝ ոչ, բայց համենայն դեպս չեմ տեսնում որևէ պահ, որ ի վիճակի ենք եղել անել ավելին և չենք արել։ Հիմա հնարավորությունն ավելի մեծ է՝ մանդատների քանակի առումով, և կա մեկ այլ քաղաքական ուժ, որը մեզանից ավելի մանդատներ է ստացել, ավելի թարմ, նոր դեմքերով հանդես են գալիս։

Ես կարծում եմ, որ այստեղ պայքարի նոր, առավել հետաքրքիր դաշտ է բացվում։ Դրան գումարենք նաև իշխանության լեգիտիմության նկատմամբ կասկածը, ինչը չի եղել նախորդ ժամանակ, և երևի նկատելի է, որ ընդդիմադիր ձայները շեշտակի ավելացել են։ Ըստ էության, եթե նաև փոշիացած ձայները գնահատենք, ապա այստեղ էլ մեծ մասը ևս ընդդիմադիր ձայներ են՝ 600000-ից ավելի։ Եթե դրանց 10 տոկոսը դուրս գա փողոց, բավարար է մեկ տարվա ընթացքում այս իշխանության հարցը լուծել։ Պոտենցիալը կա, հիմա ինչպես կարողանանք այդ պոտենցիալն օգտագործել, սա արդեն կախված է և մեզանից, և որոշ զարգացումներից՝ կապված այն իրավիճակի հետ, որ այսօր Հայաստանում կա,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա կրկին անդրադարձել է դրսի միջամտության դերին այս ընտրությունների վրա.

Ամենաշատ ազդած բլոկը խախտումների, դա դրսի աջակցությունն է եղել։ Այն հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանին անտեսել օրենսդրությունը, բոլոր քաղաքավարության նորմերը, որովհետև այն աջակցությունը, որ ցուցաբերեցին ԱՄՆ-ն և Եվրոպան, կարելի է թարգմանել հետևյալ կերպ՝ «Արա ինչ ուզում ես, մենք ճանաչելու ենք քո իշխանությունը»։

Փաշինյանն արել է ինչ կարելի էր և չէր կարելի՝ թքելով օրենսդրության վրա, թքելով ամեն ինչի վրա։ Ես փայլուն հարաբերություններ եմ ունեցել Ժակ Շիրակի հետ, Պուտինի հետ, բայց երբեք որևէ մեկը ընտրության ժամանակ՝ ոչ նրանք, ոչ այլ նախագահները, որոնց հետ հարաբերությունները շատ լավ են եղել, մինչև ընտրությունները փորձ չէին անում քվեարկել իմ օգտին, որովհետև սա ընդունված չէր, սա համարվում էր կոպիտ միջամտություն։

Ես չեմ հիշում, որ Հայաստանի պատմության մեջ որևէ նման բան լինի։ Նույնիսկ 21-ին այդպիսի բան չի եղել, եղել է աջակցություն, բայց միջնորդավորված՝ դրսի ուժերի կողմից։ Այսպիսի միջամտությունն ինքը իրենով արդեն մեծ հարցական է դնում արդյունքների լեգիտիմության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում