Ինչո՞ւ այլևս չի գործում մեծ բանակների կրկնօրինակումը․ Արտակ Զաքարյան
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Անգլիական King’s College London-ը հրապարակել է հետազոտություն, համաձայն որի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրների համար այլևս արդարացված չէ մեծ տերությունների բանակներին՝ փոքրացված մասշտաբով կրկնօրինակելը։ Հետազոտության եզրակացություններից հետևում է, որ մեծ բանակերի փոքրացված մոդելները համարվում են ավելի թանկարժեք, միևնույն ժամանակ, փոքր երկրի զինված ուժերի մարտունակության տեսանկյունից՝ ավելի քիչ արդյունավետ:
Թայվանը հիմնվում է այսպես կոչված «ոզնու ռազմավարության» վրա՝ օգտագործելով շարժական առափնյա հրթիռային համալիրներ, ականներ, անօդաչու թռչող սարքեր, բաշխված հակաօդային պաշտպանության համակարգեր և ենթակառուցվածքների պահեստավորում՝ հնարավոր ներխուժումն առավելագույնս բարդացնելու համար։
Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ համեմատաբար էժան ԱԹՍ-ները, արբանյակները, քաղաքացիական կապի ցանցերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և ճկուն լոգիստիկան, արդյունավետ կիրառման դեպքում կարող են համակարգային վնասներ հասցնել։
Ֆինլանդիան և Շվեդիան, ցուցադրում են մի մոդել, որտեղ պաշտպանությունը կառուցվում է ոչ միայն զինված ուժերի, այլև պատրաստված հասարակության, պահեստազորայինների, ռազմավարական պաշարների, կենսական ենթակառուցվածքների և կայուն պետական կառավարման վրա։
Հիմնական եզրակացությունն այն է, որ միջին և փոքր պետությունների արդյունավետ պաշտպանությունը երբեմն կախված է ոչ թե թանկարժեք և հայտնի դարձած համակարգերից, այլ անվտանգության, պաշտպանունակության և ռազմա-քաղաքական կառավարման նպատակայի ու թիրախային ճարտարապետությունից։
Անօդաչու սարքերը, շարժական հրթիռային կայանքները, բաշխված սենսորները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, զինամթերքի պաշարները, պահեստային էներգամատակարարումը, պաշտպանված կապուղիները և ապակենտրոնացված հրամանատարությունը, կոնկրետ իրավիճակներում, միասին կարող են ապահովել ոչ պակաս զսպող ազդեցություն, քան մի քանի հեղինակավոր համակարգերն ու պատերազմի վարման դասական մոդելները, որոնք սովորաբար դառնում են առաջնահերթ թիրախներ։
Սա չի նշանակում ավանդական ռազմական տեխնիկայից հրաժարում, սակայն պահանջում է վերանայել պաշտպանական հայեցակարգերն ու սպառազիմությունների ձեռքբերման հիմնավորումները։
Ժամանակակից հակամարտությունները ցույց են տալիս, որ էժան և զանգվածային միջոցները, ճիշտ ինտեգրման դեպքում, կարող են էապես փոխել ուժերի հավասարակշռությունը։
Փոքր և ոչ հարուստ երկրների համար գլխավոր հարցը պետք է հնչի ոչ թե ինչպե՞ս ստեղծել մեծ և հարուստ տերությունների զինված ուժերի փոքրացված տարբերակը, այլ՝ ինչպե՞ս քո ունեցած սահմանափակ ռեսուրսներն ագրեսորի համար վերածել առավել թանկ հատուցման գործիքի։
Այդ պատճառով «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» պաշտպանական հայեցակարգն այսօր պարզապես տեսական գաղափար չէ, այլ գործնական ռազմավարություն այն պետությունների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մասնակցել սպառազինությունների սիմետրիկ մրցավազքին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում