Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարդացեք նաև
Գերմանիայի ռազմածովային ուժերի երկու նավ ուղևորվում են Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ժամանելով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը:
Նա պարզաբանել է, որ դրանք կտեղափոխվեն այնտեղ՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը մասնակցելու նախապատրաստական դիրք զբաղեցնելու համար:«Մենք ցանկանում ենք արագ գործել և գտնվել Հորմուզի նեղուցում, եթե դա պահանջվի և իրականություն դառնա», – նշել է նախարարը:
«Հորմուզի նեղուցում (առաքելության) համար մենք կարիք ումենք հստակ միջազգային-իրավական շրջանակների, որոնք կարող են ունենալ տարբեր ձևեր», – հայտարարել է Պիստորիուսը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև Իրանի և Օմանի հավանությունը։«Շատ բան կախված է այն բանից, թե ինչպես կընթանան Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն առաջիկա 60 օրվա ընթացքում, – ընդգծել է պաշտպանության նախարարը։ – Ամեն դեպքում մենք պատրաստ ենք»։
Ավելի վաղ Der Spiegel հանդեսը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստել է բանաձևի տեքստ Հորմուզի նեղուցում առաքելությանը Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) հնարավոր մասնակցության վերաբերյալ, որը կներկայացվի Բունդեսթագ՝ համապատասխան մանդատ ստանալու համար: