Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում․ Դմիտրի Պեսկով
Կարդացեք նաև
Ռուսաստանի վառելիքի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում այլ երկրների հետ վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը հավելել է, որ Կրեմլը չի բացահայտի, թե որ երկրների հետ է այդ հարցի շուրջ բանակցություններ անցկացնում։
Նա նաև հայտնել է, որ վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումները քննարկվում են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ։
Անցյալ շաբաթ Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից հետո Ռուսաստանը խնդրել է Ղազախստանին մատակարարել մոտ 50 000 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին։
Հունիսի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ, որի ժամանակ հանձնարարել է համակարգային միջոցառումներ ձեռնարկել վառելիքի շուկան կայունացնելու համար։
Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ վառելիքի ներմուծման հնարավորությունը նման միջոցառումներից մեկն է։ Նա նաև հայտարարել է, որ իշխանությունները քննարկում են դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը։
Ռուսաստանի մի շարք շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են գործում։