Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է
Կարդացեք նաև
Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հայտնի է Էրգանի վանք անունով, անխնամ մնալու հետևանքով փլուզման եզրին է, հաղորդում է Ermenihaber.am-ը։
Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել էր եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։
Քրդական «Rudaw» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ գյուղացիները ցանկանում են, որ հայկական եկեղեցին վերականգնվի և վերածվի հավատքի ու մշակութային զբոսաշրջության կարևոր կենտրոնի։
Գյուղի բնակիչ Հայրի Յըլդըզը, խոսելով պետական մարմինների անտարբերության մասին, ասել է.
«Թող պահպանեն, հոգ տանեն դրա մասին։ Մենք՝ որպես գյուղ, պետք է պահպանենք այն։ Պետության մոտեցումն արդեն հայտնի է, բայց որևէ քայլ չի ձեռնարկվում։ Չպետք է թույլ տանք, որ գանձագողերը մտնեն այստեղ։ Եթե եկեղեցին պահպանվի, մարդիկ կգան Եվրոպայից, Երևանից, Ռուսաստանից։ Մեր գյուղը կկենդանանա»։
Մեկ այլ բնակիչ՝ Մեհմեթ Օղուզը, ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը.
«Սա պատմական եկեղեցի է, պատմական հավատքի մաս է, արժեք է։ Այս արժեքները պետք է պահպանել, հակառակ դեպքում դրանք կվերանան։ Իրականում մենք ինքներս ենք ոչնչացնում մեր ժառանգությունը՝ նույնիսկ դա չգիտակցելով»։
Էրգանի վանքը կառուցվել է 975 թվականին։ Այն համարվում է Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին։ Եկեղեցու պատերի ներսի հատվածում դեռևս պահպանվում են են հայատառ որոշ արձանագրություններ: Հայտնի է, որ ցեղասպանության ժամանակ Էրգանի վերջին քահանան հրկիզվել է հենց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թվականից ի վեր։