Եթե հաղթանակը չի ամրապնդվում քաղաքական, դիվանագիտական և միջազգային հարթակներում՝ փոխվում է դրա մասին պատմությունը. Արմեն Հովասափյան
Կարդացեք նաև
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն հաղթանակը կորցնում են ոչ թե պատերազմի դաշտում, այլ տարիներ անց՝ պատմական հիշողության համար մղվող պայքարում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թվում էր, թե նացիզմի նկատմամբ հաղթանակի գնահատականն այլևս երբեք չի փոխվի։ Սակայն ժամանակի ընթացքում Եվրոպայի տարբեր երկրներում սկսեցին այլ կերպ ներկայացնել այդ ժամանակաշրջանը՝ աստիճանաբար վերաիմաստավորելով պատերազմի պատմությունը։ Այս գործընթացը հատկապես սրվեց Ուինստոն Չերչիլի 1946 թվականի Ֆուլտոնի ճառից հետո, երբ նախկին դաշնակիցների միջև սկսվեց Սառը պատերազմը։ Հատկանշական է, որ դրանից ընդամենը կարճ ժամանակ առաջ նույն Ուինստոն Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը և Շառլ դը Գոլը Ստալինին ներկայացնում էին որպես դաշնակից, բարձր էին գնահատում Կարմիր բանակի վճռորոշ դերը նացիզմի ջախջախման գործում և ընդգծում ԽՍՀՄ-ի ներդրումը ընդհանուր հաղթանակում։ Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությանը զուգահեռ փոխվեց նաև քաղաքական հռետորաբանությունը։ Ավելի մեծ ուշադրություն սկսեց դարձվել ԽՍՀՄ բռնաճնշումներին ու տոտալիտար համակարգին, իսկ պատերազմի մասին պատմությունը աստիճանաբար սկսեց ներկայացվել այլ շեշտադրումներով։ Այսօր հաճախ կարելի է տեսնել, որ խոսքն ավելի շատ գնում է ԽՍՀՄ-ի պատասխանատվության մասին, մինչդեռ նացիզմի դեմ պայքարում նրա ունեցած վճռորոշ ներդրումը շատ դեպքերում մղվում է երկրորդ պլան։ Շատերի գնահատմամբ՝ սա պատմական հիշողության վերաշարադրման օրինակ է։
Եթե այս տրամաբանությունը տեղափոխենք Արցախ, ապա որոշ նմանություններ ակնհայտ են։ 1990-ականների հաղթանակը Հայաստանում երկար ժամանակ ընկալվում էր որպես պատմական արդարության վերականգնում և ազգային անվտանգության գլխավոր երաշխիք։
Տասնամյակների ընթացքում ձևավորվեց այնպիսի տարածաշրջանային և միջազգային դասավորություն, որտեղ մեծ դեր խաղացին էներգետիկ նախագծերը, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը, Ռուսաստանի ազդեցության փոփոխվող բնույթը և արևմտյան ուժերի շահերի վերադասավորումը։ Սակայն այս գործընթացը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր փուլ մտավ հատկապես 2018 թվականից հետո, երբ իշխանությունը սկսեց Արցախի հարցը ներկայացնել ոչ թե որպես անվտանգության առանցքային բաղադրիչ, այլ որպես Հայաստանի զարգացմանը խոչընդոտող «խեղդող թոկ»։ Այդ պահից սկսած ամբողջ քաղաքական տրամաբանությունը աստիճանաբար կառուցվեց հենց այս մոտեցման շուրջ, իսկ արցախյան հաղթանակը մնաց ոչ թե որպես ամրապնդման ենթակա քաղաքական ձեռքբերում, այլ որպես վիճարկվող արդյունք, որի շուրջ շարունակաբար կուտակվում էին արտաքին և ներքին ճնշումներ։
Հետևաբար հետագայում ավելի հաճախ սկսեց հնչել այն միտքը, որ հաղթանակը, որը մի ժամանակ ընկալվում էր որպես անվտանգության աղբյուր, վերածվեց ծանր բեռի։ Չլուծված կարգավիճակը, երկարատև հակամարտությունը և դրա շուրջ ձևավորված միջազգային միջավայրը աստիճանաբար սահմանափակեցին հայկական կողմի հնարավորությունները։ Այսինքն՝ Արցախի հաղթանակը ոչ թե քաղաքականորեն ամրապնդվեց, այլ գնալով հայտնվեց աճող ճնշման ներքո։ Ի վերջո ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ ռազմական հաղթանակն այլևս չէր կարող ապահովել քաղաքական արդյունքի պահպանումը, և այդ գործընթացն ավարտվեց Արցախի հայաթափմամբ։
Սա, իհարկե, չի նշանակում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Արցախյան պատերազմը նույնական երևույթներ են։ Սակայն երկուսի դեպքում էլ կարելի է տեսնել մեկ ընդհանուր օրինաչափություն․ եթե հաղթանակը չի ամրապնդվում քաղաքական, դիվանագիտական և միջազգային հարթակներում, ապա ժամանակի ընթացքում փոխվում է դրա մասին պատմությունը։ Իսկ երբ փոխվում է հաղթանակի մասին պատմությունը, շատ հաճախ փոխվում է նաև հենց հաղթանակի ճակատագիրը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում