Իրանն ու Օմանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցով նավարկության նոր կարգի շուրջ․ NYT
Կարդացեք նաև
Իրանն ու Օմանը մոտ ապագայում կարող են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավարկության կազմակերպման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ եթե համաձայնությունը ձեռք բերվի, այն փաստացի կամրապնդի Թեհրանի վերահսկողությունը այն երթուղու նկատմամբ, որը մինչև պատերազմի սկիզբը համարվում էր բաց միջազգային ջրային ուղի։
Նախնական պայմանների համաձայն՝ Պարսից ծոց մտնող նավերը կանցնեն Իրանի վերահսկողության ներքո գտնվող և նրա ափամերձ հատվածով ձգվող նավուղով, իսկ ծոցից դուրս եկող նավերը կօգտվեն Օմանի ափերի երկայնքով անցնող երթուղուց։
Իրանական կողմը պնդում է, որ պաշտոնական տուրքեր չեն գանձվելու, սակայն նախատեսվում է այսպես կոչված «սպասարկման վճար», որը կուղղվի բնապահպանական ծախսերի, բեռնատար նավերի և նավթատարների անվտանգության ապահովման, ինչպես նաև սպասարկող անձնակազմի ծախսերի ֆինանսավորմանը։
Իրանի երկու պաշտոնյաների խոսքով՝ այդ վճարներից ստացված միջոցները հավասարապես կբաշխվեն Իրանի և Օմանի միջև։
Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյան, որի խոսքը նույնպես մեջբերում է The New York Times-ը, հայտարարել է, որ Թեհրանի ներկայացրած տարբերակը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ նեղուցով անցնող ժամանակավոր երթուղիները չեն պահանջի Իրանի հետ համաձայնեցում, Թեհրանից թույլտվություն ստանալ կամ որևէ վճարի կատարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում