Կոնջորյանը կլինի ԱԺ փոխնախագահ, թե ուրիշ մի ՔՊ-ական, ընդհանրապես տարբերություն չկա․ Իշխան Սաղաթելյան

Կոնջորյանը կլինի ԱԺ փոխնախագահ, թե ուրիշ մի ՔՊ-ական, ընդհանրապես տարբերություն չկա․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում պաշտոններ վերցնել-չվերցնելու հետ կապված «Հայաստան» խմբակցությունը առաջիկայում հայտարարություն կանի և դիրքորոշում կհայտնի։

Անդրադառնալով Հայկ Կոնջորյանի եղբոր վարքագծին և քաղաքական պատասխանատվությանը՝ Սաղաթելյանն ասել է, որ եթե այն, ինչ տեղի է ունեցել՝ լիներ ընդդիմադիր որևէ գործչի և որևէ մեկի հարազատի հետ՝ առնվազն այդ անձն այդ պահին կալանավորված կլիներ, ու դա երկրի թիվ մեկ օրակարգը կդառնար։ «Պատկերացնում եք, չէ՞, իրենց քարոզչական մեքենայով հիմա ինչեր էին անելու։ Բայց իշխանության պարագայում փորձում են պաշտպանվել, փորձում են կարգավորել, փորձում են սղացնել, որ անցնի, բայց կարծում եմ, այս այն դեպքն է, որ մեր հանրությանը ամեն ինչ հայտնի դարձավ նաև Ազգային ժողովի այս ամբիոնից հնչած ելույթների արդյունքում»։

Դիտարկմանը, թե եղբոր ու «Հայփոստ»-ի իրավիճակների ֆոնին, եթե Հայկ Կոնջորյանին ՔՊ-ն ընտրի՝ նշանակում է վերցնո՞ւմ է այդ ամենի պատասխանատվությունը՝ Սաղաթելյանն ասաց, որ իհարկե վերցնում է, կիսում է այդ ամբողջ պատասխանատվությունը։ «Բայց գիտեք, ես մեր երկրի առջև շատ ավելի լուրջ, շատ ավելի կարևոր, շատ ավելի հրատապ և առաջնային օրակարգեր կան։ Մեծ հաշվով Հայկ Կոնջորյանը կլինի ԱԺ փոխնախագահ, թե ուրիշ մի ՔՊ-ական, խոշոր հաշվով ընդհանրապես տարբերություն չկա։

Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետևյալն են. հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում- սահմանազատում։ Ես շատ ուղիղ և հստակ հարցադրում եմ արել՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ չեք անելու, կոնկրետ Տիգրանաշենը չեք հանձնելու: Մարդիկ չեն ժխտել: Մարտահրավերներ կան աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, հայ-ռուսական հարաբերությունները, մեր տնտեսությունը, որ կարճ ժամանակ հետո կանգնելու է ծանր ու բարդ խնդիրների առջև։ Սրանք են մեր երկրի կարևոր և առաջնային օրակարգերը, բայց ակնհայտ պրոցես է տեղի ունենում մեր հիմնական և գլխավոր քաղաքական խորքային հարցերից շեղել, բայց շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, որոնց վրա պետք է կենտրոնանալ»,-ասել է Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում