Իսրայելը պատրաստակամություն է հայտնել վերանայել Լիբանանի հետ ցամաքային սահմանը

Իսրայելը պատրաստակամություն է հայտնել վերանայել Լիբանանի հետ ցամաքային սահմանը

Իսրայելը բանակցությունների ընթացքում առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել քննարկել Լիբանանի հետ միջազգային ցամաքային սահմանի վերանայման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է լիբանանյան Nida Al Watan թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում լիբանանյան պատվիրակությունը պահանջել է վերականգնել հրադադարի ռեժիմը և դադարեցնել, Բեյրութի պնդմամբ, Իսրայելի կողմից թույլ տրվող խախտումները։ Ըստ աղբյուրների՝ այս հարցը ներկայացվել է որպես առաջնահերթություն և պետք է քննարկվի քաղաքական մակարդակով։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկացի ներկայացուցիչները աջակցել են Լիբանանի դիրքորոշմանը՝ նշելով, որ հրադադարի պահպանումը հետագա բանակցությունների առաջընթացի անհրաժեշտ նախապայման է։

Թերթի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում իսրայելական պատվիրակությունը փոխել է իր նախկին դիրքորոշումը ցամաքային սահմանի հարցում և պատրաստակամություն հայտնել դիտարկել միջազգային սահմանի վերանայման հնարավորությունը։ Այդ կապակցությամբ լիբանանյան պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև միջազգային իրավունքի մասնագետ։

Բացի այդ, Բեյրութն առաջարկել է անցնել նոր փորձնական գոտիների ստեղծման քննարկմանը, սակայն միայն դրանց իրականացման մեխանիզմի և տեխնիկական մանրամասների շուրջ համաձայնության հասնելուց հետո։

Լիբանանյան կողմը հանդես է գալիս զգալի տարածք ընդգրկող փորձնական գոտիների ստեղծման օգտին և պնդում է, որ անհրաժեշտ է նախապես սահմանել դրանց գործունեության հստակ կանոններ՝ ապագա համաձայնությունների իրագործման ընթացքում տարաձայնություններից խուսափելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում