Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։

Ուղերձում ասված է․

«Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։

Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ գիտելիքներով ծառայություն բերելու կյանքի առաջընթացին ու բարօրությանը։ Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, միաժամանակ ազգային ու հոգևոր անանց արժեքներով սնում ազգի արժանավոր զավակների, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ։

Մաղթում ենք ուժ ու կորով կրթության գործի բոլոր նվիրյալներին՝ իրենց պատասխանատու և գովարժան առաքելությամբ սաների սրտերում ամրապնդելու ուսման հանդեպ նախանձախնդրությունը, զորացնելու նրանց ազգասեր ու հայրենանվեր ոգին։ Ձեզ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, մաղթում ենք եռանդ ու ջանասիրություն, որպեսզի գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին և ուրախություն պատճառեք ձեր ընտանիքներին: «Իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ»,- խրատում է Սուրբ Գիրքը (Առակներ 2.2):

Թող Աստված Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահպանի մեր հայրենիքը և առատապես օրհնի ու զորացյալ պահի աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում