Վաշինգտոնը հարվածում է Թեհրանի ֆինանսական ցանցին․ թուրքական Golden Global Bank-ը հայտնվել է պատժամիջոցների տակ
Կարդացեք նաև
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր ծանր հարված է հասցրել Իրանի դեմ կիրառվող տնտեսական ճնշումների շրջանակում՝ պատժամիջոցների ցուցակում ներառելով թուրքական Golden Global Yatirim Bankasi ներդրումային բանկն ու նրա երկու դուստր ձեռնարկությունները։ Ամերիկյան իշխանությունների այս քայլը նպատակ ունի վերջնականապես կտրել Թեհրանին արտասահմանյան ֆինանսական հոսքերից։
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի որոշմամբ՝ Ստամբուլում տեղակայված բանկը, ինչպես նաև ակտիվների կառավարման և լիզինգային համապատասխան ընկերությունները ընդգրկվել են Specially Designated Nationals հատուկ ցուցակում։ Սա նշանակում է այդ կառույցների ակտիվների սառեցում և ամբողջական մեկուսացում դոլարով իրականացվող միջազգային ֆինանսական գործարքներից։
Վաշինգտոնում պնդում են, որ Golden Global Bank-ը հատուկ դերակատարում է ունեցել Իրանի «ստվերային բանկային համակարգում»։ Ըստ ամերիկյան կողմի տվյալների՝ հաստատությունը միջնորդական ծառայություններ է մատուցել Չինաստանից իրանական նավթի վաճառքից ստացված հասույթը Թուրքիա փոխանցելու համար, որտեղ այդ միջոցները հետագայում վերածվել են կանխիկ դրամի ու ոսկու։ Բացի այդ, ամերիկյան կողմը հայտարարում է, որ բանկը սպասարկել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քոդս» ուժերի հետ կապված հաշիվները։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, մեկնաբանելով ընդունված որոշումը, հասկացրել է, որ սա վերջին քայլը չէ, և առաջիկայում նմանատիպ սահմանափակումներ կարող են կիրառվել նաև այլ բանկերի նկատմամբ։ Վաշինգտոնը միաժամանակ տրամադրել է ժամանակավոր արտոնագիր, որը թույլ է տալիս գործընկերներին որոշակի ժամկետում ավարտին հասցնել ընթացիկ գործարքները պատժամիջոցների տակ հայտնված թուրքական կառույցների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում