Պուտինը Թրամփին հավաստիացրել է, որ Մոսկվան Եվրոպայի դեմ ագրեսիվ ծրագրեր չունի

Պուտինը Թրամփին հավաստիացրել է, որ Մոսկվան Եվրոպայի դեմ ագրեսիվ ծրագրեր չունի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ կամ ծրագրեր չունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Կրեմլի ներկայացուցչի փոխանցմամբ՝ շուրջ մեկ ժամ տևած զրույցն ընթացել է կառուցողական մթնոլորտում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Ստիվ Ուիտկոֆի և Ջարեդ Կուշների վերջերս կատարած այցերը Մոսկվա և Կիև։

Մոսկվայից հնչող հայտարարությունների ֆոնին, սակայն, արևմտյան երկրները շարունակում են մտահոգություն հայտնել հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ։ Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ Ռուսաստանին էին վերագրել Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի պատասխանատվությունը՝ հայտարարելով պատժամիջոցների խստացման մասին, ինչին իրենց աջակցությունն էին հայտնել Եվրոմիությունն ու ՆԱՏՕ-ն։

Բացի այդ, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Ռուսաստանը համակարգված հիբրիդային արշավներ է իրականացնում, որոնք ուղղված են ԵՄ անվտանգության, կայունության և ժողովրդավարական հիմքերի խաթարմանը, ներառյալ կիբերհարձակումներն ու դիվերսիոն գործողությունները կրիտիկական ենթակառուցվածքների դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում