ԱՄՆ Կոնգրեսում բարձրացվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը
Կարդացեք նաև
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին սեպտեմբերի 2-ին հանդես է եկել ելույթով «Ways and Means» հանձնաժողովի հատուկ լսումների ընթացքում, որոնք նվիրված էին կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովման ռազմավարական գործընկերություններին։ Ամերիկացի կոնգրեսականն իր ելույթում պաշտոնական քննարկման մակարդակի է բարձրացրել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների հարցը։
Իր խոսքի սկզբում Մայք Քերին հատուկ ընդգծել է Հայաստանի պատմամշակութային առանձնահատկությունը՝ որպես աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկիր, ինչից հետո անդրադարձել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերին։ Նա արձանագրել է, որ Բաքուն շարունակում է ապօրինի ազատազրկման մեջ պահել հայ պատանդներին, այդ թվում՝ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությանը, որոնք գերեվարվել էին տարածաշրջանում իրականացված էթնիկ զտումներից հետո։
«Ways and Means» հանձնաժողովն առանցքային նշանակություն ունի Միացյալ Նահանգների առևտրային քաղաքականության ձևավորման գործում։ Կոնգրեսական Քերիի կողմից Ադրբեջանի հանցավոր գործողությունների արձանագրումը տնտեսական ու ռազմավարական նշանակության լսումների ընթացքում կարևոր ազդակ է Բաքվի նկատմամբ քաղաքական ճնշումն ավելացնելու տեսանկյունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում