«Խաչը պետք է հաղթական լինի մեր երկրի բոլոր անկյուններում»․ Մայր Տաճարում նշվել է Խաչվերացի տոնը
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշել է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Նվիրական օրվա առիթով Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Սրբազան Հայրն ընդգծել է, որ Խաչվերացը տխրության կամ չարչարանքի գիտակցության օր չէ, այլ խաչի հաղթության և բարձրացման տոն: Նրա խոսքով՝ Խաչվերացը սոսկ պատմական իրադարձություն չէ, այլ այսօր տեղի ունեցող կենդանի իրողություն, որն ուղղված է մարդուն փոխակերպելուն։
«Խաչվերացը պատգամ ունի՝ փարվելու խաչին ու Խաչյալի խորհրդին և դրանով վաստակելու հարություն ոչ միայն անհատական, այլև հավաքական ու հայրենական կյանքում: Խաչը պետք է հաղթական լինի մեր երկրի բոլոր անկյուններում, և երբեք թույլ չպիտի տանք, որ խաչի նշանն անարգվի», – նշել է Միքայել Սրբազանը։
Քարոզի ավարտին Սրբազան Հայրը պատգամել է Քրիստոսի Կենարար խաչն ունենալ սրտերում, մտքերում և հոգիներում՝ որպես կենարար աղբյուր, քանի որ խաչին փարվածին սպասվում է հարություն և հաղթանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում