Դուբլինյան հայտարարություններն ու Լոնդոնի ռազմավարական խոցելիությունը․ Թրամփի իռլանդական օրակարգը

Դուբլինյան հայտարարություններն ու Լոնդոնի ռազմավարական խոցելիությունը․ Թրամփի իռլանդական օրակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելությունն Իռլանդիա և տեղի բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շարքը դուրս են եկել սովորական արարողակարգային կամ մասնավոր այցի սահմաններից՝ վերածվելով Բրիտանական կղզիների ապագա աշխարհաքաղաքական ճարտարապետության շուրջ քննարկման։ Դուբլինում Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի և նախագահ Քեթրին Քոնոլիի հետ ունեցած առանձնազրույցներից, ինչպես նաև Դունբեգի գոլֆ-ռեզորթում անցկացված միջոցառումներից հետո Թրամփի արած հայտարարությունը «Միացյալ Իռլանդիա» տեսնելու ցանկության մասին դիտարկվում է որպես «Բրեքզիթ»-ից հետո Եվրոպայում ընթացող խորքային գործընթացների արտացոլում, որտեղ Մեծ Բրիտանիայի ապակենտրոնացումն ու հնարավոր տարածքային ձևափոխումները հայտնվում են միջազգային քաղաքականության օրակարգում։

Այս այցի ընթացքում Թրամփը փաստացի անդրադարձել է Լոնդոնի համար առանցքային հարցերի, քանի որ Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Հյուսիսային Իռլանդիայի տնտեսական ու քաղաքական կապերը Դուբլինի և ԵՄ-ի հետ ստացել են նոր դինամիկա։ «Միացյալ Իռլանդիայի» վերաբերյալ հայտարարությունն ակտիվացնում է Իռլանդիայի վերամիավորման շուրջ ընթացող սահմանադրական քննարկումները՝ միաժամանակ ընդգծելով Մեծ Բրիտանիայի ներքին քաղաքական իրավիճակը։ Իռլանդիայի միավորման թեման կարող է անդրադառնալ նաև Շոտլանդիայում և Ուելսում ինքնավարության ու անկախության ձգտումների վրա, եթե Թագավորության կազմում տարածքային փոփոխությունների գործընթաց սկսվի։ Զուգահեռաբար, Վաշինգտոնի քաղաքական դիրքորոշումը ցույց է տալիս, որ Մեծ Բրիտանիայի հետ «հատուկ հարաբերությունները» ոչ միշտ են ենթադրում Լոնդոնի տարածքային ամբողջականության անվերապահ պաշտպանություն այն հարցերում, որտեղ առկա է տեղական պատմական ու ժողովրդավարական օրակարգ։

Այս դիրքորոշման ձևավորման համար հիմք են հանդիսացել նաև Վաշինգտոնի և Լոնդոնի միջև վերջին շրջանում արձանագրված ռազմավարական տարաձայնությունները։ Կիր Սթարմերի լեյբորիստական կառավարության որոշումը՝ Չագոս արշիպելագի ինքնիշխանությունը Մավրիկիոսին հանձնելու վերաբերյալ, Սպիտակ տան կողմից գնահատվել էր որպես Արևմուտքի ռազմավարական դիրքերի թուլացում։ Իրավիճակը զարգացում էր ապրել նաև Իրանի շուրջ ծավալված ռազմաքաղաքական ճգնաժամի ընթացքում, երբ Լոնդոնը, հղում անելով միջազգային իրավունքի նորմերին, սկզբնական շրջանում սահմանափակել էր ԱՄՆ-ի կողմից Դիեգո Գարսիա համատեղ ռազմաբազայի օգտագործումը հարձակողական հարվածների համար։ Վաշինգտոնում բրիտանական կողմի այս զգուշավորությունը դիտարկվել էր որպես դաշնակցային պարտավորությունների վերանայում, ինչին հավելվել էին նաև Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականության նկատմամբ Լոնդոնի մոտեցումներն ու առևտրային մաքսատուրքերի շուրջ տարաձայնությունները։

Դուբլինյան օրակարգը դիտարկվում է որպես հաշվարկված քայլ՝ ուղղված ինչպես միջազգային, այնպես էլ Միացյալ Նահանգների ներքին լսարանին։ Բրիտանական Թագավորության հնարավոր տարածքային փոփոխությունների թեման արծարծելով՝ Թրամփը Լոնդոնին ազդանշան է հղում, որ անդրատլանտյան դաշինքում աջակցությունն ավտոմատ բնույթ չի կրում, իսկ Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը ենթակա է քննարկման։ Միևնույն ժամանակ, «Միացյալ Իռլանդիայի» գաղափարին հանրային աջակցություն հայտնելով, Թրամփն ուղղակիորեն թիրախավորում է ԱՄՆ-ում ազդեցիկ իռլանդական լոբբին ու ընտրազանգվածը։ Այսպիսով, տեղի ունեցած հանդիպումները դիտվում են ոչ միայն որպես տարածաշրջանային քննարկումներ, այլև Մեծ Բրիտանիայի ու Եվրոմիության հետ հարաբերություններում, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության մեջ սեփական ռազմավարական լծակներն ընդլայնելու քայլ։

Նարինե Գաբրիելյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում